Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ էի «Միասնություն» դաշինքի ստեղծմանը»

Օգոստոս 28,2001 00:00

«Ես դեմ էի «Միասնություն» դաշինքի ստեղծմանը» Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, եթե քաղաքական որեւէ ուժ, որը մաս է կազմել քաղաքական մեծամասնությանը, մաս է կազմել իշխանությանը, ընթացքում հրաժարվում է իր պատասխանատվությունից, նա դրանով, փաստորեն, հայտարարում է իր քաղաքական ֆիասկոյի մասին՝ ընդունելով պարտության փաստը։ «Առավոտի» հիշեցմանը, որ Հմայակ Հովհաննիսյանի նախկին կուսակցությունը (ՀԺԿ-ն) ի սկզբանե հայտարարում էր, որ ինքը չի կիսում այս կառավարության գործունեության համար պատասխանատվություն, Հմ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն պահին, երբ ՀԺԿ-ն որոշում ընդունեց հանդես գալ ՀՀԿ-ի հետ միասին, այդ որոշմամբ ՀԺԿ-ն ինքն իրեն դատապարտեց ՀՀԿ-ի հետ կիսելու պատասխանատվությունը ոչ միայն դրանից հետո կատարվելիք բոլոր քայլերի համար, այլ՝ նաեւ այն քաղաքական անցյալի համար, որ արդեն ուներ ՀՀԿ-ն։ Դա է ողբերգությունը։ Այդ որոշման ողբերգական իմաստը կայանում էր նաեւ դրանում, եւ դրա համար ես կոնկրետ դեմ էի այդ միասնությանը»։ Հմ. Հովհաննիսյանի կարծիքով, նա, ով պատրաստ չէ իր սխալներն ընդունել, դատապարտված է ձախողման։ «Այդ մարդիկ չեն հասկանում, որ, ի վերջո, սխալվելու իրավունք ունի յուրաքանչյուրը, բայց եթե դու սխալվել ես եւ քայլ ես անում, որպեսզի այդ սխալն ուղղես, բարի եղիր բացատրել ժողովրդին՝ ասել, որ ընդունում ես քո սխալը»։ «Առավոտի» հարցին՝ ո՞ւմ նկատի ունի պրն Հովհաննիսյանը, վերջինս պատասխանեց, որ նկատի ունի բոլորին՝ սկսած ՀՀՇ-ից։ Ապա հասնելով ՀԺԿ-ին, ասաց. «Եթե դու ժամանակին չես զգուշացրել քո ղեկավարին, որ նա սխալներ է անում, ի՞նչ բարոյական իրավունք ունես այսօր հայտարարել, որ նոր կուսակցություն ես ստեղծում։ Բարոյական իրավունք ունե՞ս, գրգռելով մարդկանց պատեհապաշտությունը եւ նրանց ծառայեցնելով սեփական աթոռի ամրությունն ապահովելու նսեմ խնդրի լուծմանը, հոկտեմբերի 27-ի զոհասեղանի շուրջ քաղաքականություն խաղալ։ Չէ՞ որ այսօրվա այդ խաղերի մասնակիցները դրդեցին Կ. Դեմիրճյանին այն «դաշինքային» ճանապարհին, որը բերեց «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությանը։ Դրդեցին, որպեսզի մեկ ակնթարթում եւ հեշտությամբ հասնեն իշխանության՝ քաջնազարների օրինակով։ Այ, այստեղ է, որ պետք է ղեկավարվել ոչ միայն քաղաքագիտական կատեգորիաներով, այլ նաեւ բարոյական։ Կողմերն իրար արժանի են։ Մեկը հոխորտում է, որ ինքն անսխալական է եւ որեւէ պատասխանատվություն չունի հոր ժառանգությունը հողմացրիվ անելու մեջ։ Չնայած, պետք է որ ուժ գտներ ընդունելու իր կատարած սխալները։ Մյուս կողմը նույն ձեւով ասում է, որ ինքը իրավունք ունի այսօր քայլ անելու, թեեւ այդ կողմը ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի այդ սխալները կատարի քաղաքական ասպարեզ նոր մուտք գործած եւ հաջողություններ ունենալու որոշակի նախադրյալներ դրսեւորող անձնավորությունը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել