Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իր

Օգոստոս 28,2001 00:00

Ցլամարտ չեղավ Իր վերջին ասուլիսում «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչ է լինելու օգոստոսի 25-ին, Վազգեն Մանուկյանը պատասխանել էր. «Չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց դժվար թե ցլամարտ լինի»։ Օգոստոսի 25-ը կարեւորվում էր այնքանով, որ մինչեւ այդ օրն էր, ըստ ԱԺՄ խորհրդի 24 անդամների ստորագրած փաստաթղթի, դադարեցված ԱԺՄ վարչության աշխատանքները։ Ցլամարտ շաբաթ օրը, իրոք, չեղավ, քանզի, պայմանականորեն ասած, ցուլը եւ տորեադորը նույն տարածքում չհայտնվեցին էլ։ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները ԱԺՄ շենքում խորհրդի նիստ գումարեցին, իսկ ԱԺՄ նախագահին հակադրվողները հերթական անգամ հավաքվեցին արհմիությունների շենքում (եթե չենք սխալվում, հենց այդ վայրում է գտնվում ժամանակին Սեյրան Ավագյանի ստեղծած արհմիութենական կազմակերպությունը) եւ անցկացրին խորհրդակցություն՝ դարձյալ խորհրդի անդամների մասնակցությամբ։ Համատեղ հավաքի նպատակահարմարությանը եւ արդյունավետությանը կարծես կողմերից եւ ոչ մեկն այլեւս չի հավատում։ Վազգեն Մանուկյանը վաղուց է հայտարարել, թե այլեւս հնարավոր չէ գտնել մի «ընդհանուր ինտեգրալ», երբ բոլորն իրար հետ միասին կկարողանան աշխատել։ Սակայն առանձին-առանձին էլ՝ ո՛չ խորհրդի նիստը, ո՛չ խորհրդակցությունը որեւիցե հանգուցալուծում չտվեցին ԱԺՄ-ում տեղի ունեցող տարանջատման գործընթացներին, քանի որ հակադիր թեւերը երկուստեք ապօրինի են հռչակում ե՛ւ մյուսի հավաքները, ե՛ւ ընդունած որոշումները։ Երկու կողմն էլ օգոստոսի 25-ին քննարկում էին համագումարի նախապատրաստման խնդիրը։ Այս մի հարցի շուրջ ընդհանրություն կա՝ միայն համագումարը կարող է հստակեցնել կուսակցության ներսում ստեղծված իրավիճակը։ Թույլ տանք մեզ կանխատեսել, որ համագումարը հաստատելու է պառակտման իրողությունը եւ թեւերից մեկը (թերեւս արհմիութենականը) կստեղծի նոր կուսակցություն։ Վերջիններս համոզված են, որ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները չեն ցանկանում, որ տեղի ունենա մեկ համագումար։ «Նրանք մեզ տանում են դեպի երկու համագումար, այսինքն՝ իրենց կողմնակիցներն առանձին համագումար անեն, իսկ մենք մեր կողմնակիցներով՝ մերը։ Բայց մենք լի ենք վճռականությամբ, որ կուսակցությունը չպետք է պառակտվի, մենք պետք է գնանք մեկ համագումարի»,- լրագրողներին ասել է ԱԺՄ վարչության կազմբաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ շարքերի 70 տոկոսն իրենց՝ ԱԺՄ վարչության թեւի կողմնակիցներն են։ Իրավունք ունի այդպես պնդել, եթե հաշվի առնենք ԱԺՄ համագումարում կատարվածը, երբ իրենք կարողացան հաղթանակ տանել (ճիշտ է, ի վերջո, Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց, թե դրան հասել էին պատգամավորներին «մշակելու» միջոցով)։ ԱԺՄ կազմբաժնի նախկին վարիչը՝ Ալեքսանդր Բուտաեւը, որ ԱԺՄ նախագահի կողմնակիցն է, փաստորեն, չի հերքել միասնական համագումարի անցկացման հնարավորությունը։ «Սեյրան Ավագյանը հնարավորություն ունի ցանկացած կառույցից պատվիրակ ընտրվելու,- ասել է պրն Բուտաեւը եւ խորիմաստորեն հավելել։- Շատ հնարավոր է, որ ընտրվի, եթե մինչ այդ հեռացված չլինի կուսակցությունից»։ Հիշեցնենք, որ Միքայել Մելքումյանն ու Սեմյոն Բաղդասարյանն արդեն իսկ հեռացված են։ ԱԺՄ վարչության մյուս 4 անդամներից քանի՞սը կմնան կուսակցության անդամ մինչեւ աշուն, երբ ծրագրվում է անցկացնել հերթական համագումարը։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել