Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում առկա ցուցմունքները նաեւ լույս են սփռում ժամանակին աղմուկ հանած որ

Օգոստոս 28,2001 00:00

«ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻՆ» «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում առկա ցուցմունքները նաեւ լույս են սփռում ժամանակին աղմուկ հանած որոշ իրողությունների վրա։ Վանո Սիրադեղյան ՀՀՇ վարչության նախկին նախագահը հարցաքննվել էր 1999 թ. դեկտեմբերի 11-ին։ Ավելի քան երկու ժամանոց հարցաքննության առիթը Վանո Սիրադեղյանի հայտնի նամակն էր Վազգեն Սարգսյանին։ «Դուք նամակը սկսում եք «Վազգեն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը» արտահայտությամբ։ Դուք 1998 թ. գարնանը Վ. Սարգսյանին նամակ գրե՞լ եք, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ»,- քննիչի այս հարցին Վանո Սիրադեղյանը պատասխանում է դրական եւ պարզաբանում. «Նամակի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե ինքը չառաջադրվի նախագահի թեկնածու, իր քաղաքական ճակատագիրը վատ կվերջանա։ Մի խոսքով, այդ նամակով հորդորել եմ ոչ թե պաշտպանել Քոչարյանի թեկնածությունը, այլ առաջադրի իր թեկնածությունը։ Երկրորդ նամակս ավելի հանգամանալից է եւ նկատի է առնված այդ 1 տարվա քաղաքական զարգացումները»։ Քննիչը մի հանճարեղ հարց է տալիս. «Նամակում Դուք գրում եք. «Ռոբերտը գտել է Վ. Սարգսյանին չեզոքացնելու տարբերակը»։ Դուք ո՞ւմ ի նկատի ունեք՝ գրելով «Ռոբերտ» եւ այդ տարբերակը ի՞նչ դիտարկումների արդյունք է»։ Վանո Սիրադեղյանն ի պատասխան իր ձեռքով գրել է. «Գրելով Ռոբերտ՝ ես նկատի եմ ունեցել նախագահին։ Ինչ վերաբերում է չեզոքացման տարբերակին, որի մասին նշել եմ նամակում, ապա իմ՝ քաղաքական գործչիս համոզմունքն է, որ դա իշխանության բնույթն է եւ առաջին դեմքը չի հանդուրժի երկրորդ առաջին դեմքին»։ Քննիչը հիշեցնում է նամակում առկա եւս մի դիտարկում, թե Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում հետեւողականորեն ներմուծվում է այն գաղափարը, որ Վազգեն Սարգսյանի գոյությունը կասեցնում է երկրի զարգացումը։ «Այդ մասին Վ. Սարգսյանին գրել եմ, որպեսզի ինքը հետեւություններ անի,- նշում է Վ. Սիրադեղյանը։- Ես այդ նամակով ընդամենն իմ կանխատեսումն եմ ցանկացել հաղորդել Վ. Սարգսյանին, մտածելով, որ դա իր համար օգտակար կլինի որպես քաղաքական-պետական գործչի՝ հետագա քայլերը պլանավորելիս»։ Նաեւ պարզաբանում է, որ Վազգեն Սարգսյանն այդ նամակին որեւէ կերպ չի պատասխանել. «Ինքս էլ հետամուտ չեմ եղել պատասխան ստանալ, համոզված լինելով, որ կարդացել է եւ հետեւություններ ինքը կանի։ Թե ինչ հետեւություն է արել, ինձ հայտնի չէ»։ Սամվել Բաբայան Տեւական շրջան խոսվում էր այն մասին, թե ահաբեկիչները դահլիճում Սամվել Բաբայանին են սպասել եւ, որ դահլիճից նրա հետ կապվելու փորձեր են եղել։ Այս դեպքում էլ ծուխն առանց կրակի չէր։ ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանի (Մալաթիա տոնավաճառի տերը) 1999 թ. նոյեմբերի 9-ին տված ցուցմունքի համաձայն, Կարեն Հունանյանն իրեն թելադրել էր Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսահամարը, որպեսզի համարը հավաքի եւ բջջային հեռախոսը փոխանցի Նաիրի Հունանյանին։ Ստացվում է, որ նրանք նախապես ունեին այն մարդու հեռախոսահամարը, որի միջոցով պիտի կապվեին Սամվել Բաբայանի հետ։ 2000 թ. փետրվարի 29-ին լրացուցիչ հարցաքննության ընթացքում Սամվել Ավետիսյանը հայցելով «նախաքննական մարմնի ներողամտությունը», խոստովանում է, որ կեղծ ցուցմունք էր տվել եւ իրականում՝ «Ես եմ հավաքել Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսահամարը եւ հեռախոսը տվել Նաիրի Հունանյանին։ Դա տեղի է ունեցել հետեւյալ հանգամանքներում։ Դահլիճում սպանությունները կատարելուց հետո Նաիրին սպառնալից տոնով ուղղակի գոռում եւ պահանջում էր կապվել «Իժոյի» հետ (խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին, «Իժոն» վերջինիս մականունն է), ասելով, որ նրան չգտնելու դեպքում վատ կլինի։ Որպեսզի հետագա հնարավոր ավելի վատ հետեւանքներ չառաջանան եւ ինչ-որ տեղ վայրենացած Նաիրի Հունանյանի վիճակը մեղմելու նպատակով, սեղանի մոտ կանգնեցրի նրա եղբայր Կարենին եւ ասացի, որ ես գիտեմ մի մարդու, որը կարող է իմանալ «Իժոյի» հեռախոսահամարը»։ Շարունակությունն այս է՝ զանգել էին Սեֆիլյանին, Նաիրի Հունանյանը նրան հայտնել էր երկու հեռախոսահամարներ՝ Սամվել Բաբայանին փոխանցելու համար, որպեսզի դրանցով կապվի իր հետ։ Սամվել Ավետիսյանն այս ամենում իր դերակատարությունը թաքցրել էր՝ մտավախություն ունենալով, ինչպես ինքն է գրում, «որ դա կարող է մեկնաբանվել որպես Ս. Բաբայանի հետ կապ ունեցող անձի»։ Ի դեպ, նույն ցուցմունքում էլ Սամվել Ավետիսյանը պատմում է Ստեփանակերտում Սամվել Բաբայանի հետ իր հանդիպման մասին, երբ խոսել էին «որպես պատգամավորության թեկնածու իմ գրանցվել-չգրանցվելու հարցի շուրջ»։ Զրույցի ընթացքում Սամվել Բաբայանը հարցրել էր. «Դուք պատրա՞ստ եք պատգամավոր դառնալ եւ աշխատել ազնիվ»։ Ստանալով իմ դրական պատասխանը՝ նա ասաց, որ ինքը համաձայն է եւ խնդրեց Ղարաբաղի հարցում ճիշտ կողմնորոշվել»։ Ահա եւ մի փաստական վկայություն հանրահայտ իրողության, որ Հայաստանի ԱԺ-ում ընտրվելու համար որոշ թեկնածուներ ստանում էին ԼՂՀ պաշտոնյայի համաձայնությունը։ Նվազագույնը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել