Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին՝ նախագահական թեժ պայքար Բելառուսում

Օգոստոս 25,2001 00:00

ԽԱԽՏՎԵԼ Է Ա. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՐԻԶՄԱՏԻԿ ԿԵՐՊԱՐԸ Սեպտեմբերին՝ նախագահական թեժ պայքար Բելառուսում Սեպտեմբերի 9-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններում սպասվում է թեժ պայքար՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա դեմ ձեւավորված ընդդիմադիր դաշինքի թեկնածուների միջեւ։ Վերջին շրջանում Բելառուսում 1994թ. նախագահ ընտրված Ա. Լուկաշենկոյի հարիզմատիկ կերպարին լուրջ հարված է հասցվել։ Լուկաշենկոն եւ նրա թիմը, պարզվեց, որ պատրաստ չեն իրադարձությունների այդպիսի շրջադարձի։ Դա նրանց հանկարծակիի բերեց եւ ներկայումս նրանց շարքերում նկատվում է շփոթվածություն եւ նյարդայնություն։ Տեղական եւ արտասահմանյան փորձագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրությունների առաջին փուլում եթե Լուկաշենկոն չհաղթի, ապա երկրորդ փուլում նրա համար շատ ավելի դժվար պայքար է սպասվում։ Ընդդիմության «աջակողմյան» ճամբարում Ա. Լուկաշենկոյի ազդեցիկ հակառակորդներն են՝ նախկին վարչապետ Չիգիրը, Գրոդնեսկի մարզի նախկին նահանգապետ Դոմաշը, Շուշկեւիչի կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Կոզլովսկին եւ հանրապետության արհմիությունների ներկայիս առաջնորդ Գոնչարիկը։ Ա. Լուկաշենկոն հակառակորդներ ունի նաեւ քաղաքական «ձախ» ուժերի ճամբարից։ Նրանք են՝ Բելառուսի կոմունիստների կուսակցության առաջին քարտուղար Կալյակինը (նա բացահայտ դաշինքի մեջ է մտել «աջ» ուժերի թեկնածուների հետ), խորհրդարանի պատգամավոր Մաշերովան (խորհրդային շրջանում Բելառուսի կոմկուսի հանրահայտ առաջին քարտուղարի դուստրը) եւ արտաքին առեւտրի նախկին նախարար, ներկայումս Լատվիայում Բելառուսի դեսպանի պարտականությունը իրականացնող Մարինիչը։ Սոցիոլոգիական վերլուծությունները ցույց են տվել, որ Բելառուսում կայանալիք ընտրությունների առաջին փուլում «աջ» ուժերի թեկնածուները կհավաքեն ընտրողների ձայների 30%-ը, «ձախ» ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 20%-ը։ Կկայանա երկրորդ փուլը, որում Լուկաշենկոյի հակառակորդները կմիավորվեն եւ հանդես կգան միասնական ճակատով։ Այնպես որ, Բելառուսում անցկացվելիք նախագահական ընտրություններում պայքարը ծավալվելու է ընտրողների յուրաքանչյուր ձայնի համար։ Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, 2001թ. սեպտեմբերի 9-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը երկրի ընդդիմադիր ուժերին լայն աջակցություն են ցույց տալիս արեւմտյան ժողովրդավարական կառույցները։ Բելառուսում անցկացվելիք ընտրություններին հետեւելու համար ստեղծված է շուրջ 14 հազար մարդուց բաղկացած անկախ դիտորդների «բանակ»։ Վերջին մեկուկես տարիների ընթացքում հանրապետության ընդդիմության առաջնորդները ժողովրդավարական պայքարի հատուկ դասընթացների են մասնակցել, այդ թվում նաեւ հարեւան Լեհաստանում, Լիտվայում եւ Չեխիայում։ Ընդդիմության նախապատրաստական աշխատանքների լրջությունը բուն Ա. Լուկաշենկոյի շրջապատի մարդկանց ստիպել է բանակցություններ սկսել Բելառուսում ԱՄՆ-ի դեսպան Գեորգ Վիկի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Նրանց մտահոգության գլխավոր դրդապատճառներից մեկն էլ այն է, որ անգամ ընտրություններում Ա. Լուկաշենկոյի հաղթանակի դեպքում Արեւմուտքը նրան ճանաչի որպես «լեգիտիմ» նախագահ։ ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել