Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին

Օգոստոս 25,2001 00:00

ՈՍԿԵ ՄԵԿՆԱՐԿ Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի մարզական հասարակայնության ուշադրությունը կենտրոնացված է «Երկրորդ համահայկական խաղերի» վրա։ Սակայն սպորտի աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մարզական առումով աննախադեպ են մեր հանրապետության համար։ Մասնավորապես, Ավստրիայի Կլոստենբերգ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին պատկառելի կազմով մասնակցում է Հայաստանի հավաքականը։ Մրցավայր մեկնելուց առաջ, երբ զրուցում էինք հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ, նա ոգեւորված էր իր սաներով եւ խոստացավ, որ տղաներն անպայման մեդալներ կնվաճեն ու կաշխատեն ետ չմնալ երիտասարդ ծանրորդներից։ Եվ ահա, առաջին ուրախալի լուրը։ 45 կգ քաշային կարգում մեր հանրապետության ներկայացուցիչ Գառնիկ Աբրահամյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ մինչեւ 16 տարեկանների պայքարում։ Շնորհալի այս ծանրորդը պոկում վարժությունում ցույց տալով 70,0 կգ արդյունք, արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Այս մրցաձեւում բուլղարացի Իվան Խրիստովը եւ ռումինացի Ֆլորին Վիլիչիուն ցույց տվեցին միեւնույն՝ 72,5 կգ արդյունքը։ Սակայն հաղթող ճանաչվեց բուլղարացին, որն անձնական քաշով 15 գրամով թեթեւ էր մրցակցից։ Երկամարտում չեմպիոնի կոչման գլխավոր պայքարը հրումում ծավալվեց հենց այս երեք պատանիների միջեւ, որոնց միացավ եւս մի բուլղարացի՝ Ս. Վիշնյակը։ Եվ հենց այստեղ էր, որ Գառնիկը ցուցադրեց իր առավելությունները բոլոր մրցակիցների նկատմամբ։ Նա իր առաջին մոտեցումը սկսեց 85,0 կգ-ից։ Հաջորդ երկու փորձահերթերից յուրաքանչյուրում ծանրաձողի կշիռը բարձրացնելով 5-ական կիլոգրամով՝ ի վերջո սանձեց 95.0 կգ-ը։ Այդ քաշն այլեւս ոչ-ոքի «չհանձնվեց»։ Վիշնյակը պայքարն ավարտեց 92,5 կգ-ով, իսկ Վիլիչիուն եւ Խրիստովը համապատասխանաբար ի վիճակի եղան բարձրացնել ընդամենը 90,0 եւ 87,5 կգ։ Այսպիսով, երկամարտի 165,0 (70,0+95,0) կգ արդյունքով Գառնիկ Աբրահամյանը բարձրացավ Եվրոպայի պատանիների չեմպիոնի պատվո պատվանդանին։ Վիլիչիուն դարձավ 2-րդ մրցանակակիր (162,5 կգ)։ Նույն ցուցանիշով 3-րդ տեղը գրավեց Վիշնյակը։ Այս քաշային կարգում մեր հանրապետությունն ուներ նաեւ 2-րդ պատվիրակը։ Դա Աշոտ Դրմոյանն էր։ Նա պոկումում 6-րդն էր (65,0 կգ), հրումում՝ 8-րդը (80,0 կգ), իսկ երկամարտի 145,0 կգ արդյունքով ի վերջո հանգրվանեց 6-րդ հորիզոնականում՝ միայն անձնական քաշի պատճառով զրկվելով մեկ աստիճան ավելի բարձր դասվելու իրավունքից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել