Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաղանդավոր երաժշտի, կոմպոզիտորի վաղաժամ մահը ցնցեց գործընկերներին, ծանոթներին եւ բարեկամներին։ «Արմե

Օգոստոս 25,2001 00:00

Գնաս բարով, Կորա Տաղանդավոր երաժշտի, կոմպոզիտորի վաղաժամ մահը ցնցեց գործընկերներին, ծանոթներին եւ բարեկամներին։ «Արմենիկայում» հիշում են նրա անցած ճանապարհի պահերը եւ բարի ճանապարհ մաղթում շատ խոստումնալից երաժշտին, հպարտ հայուհուն եւ շատ սիրելի ընկերուհուն։ Կարինե (Կորա) Միքայելյանը ծնվել է 1971թ. նոյեմբերի 10-ին։ Վաղ հասակում ի հայտ եկավ նրա սերը երաժշտության եւ արվեստների նկատմամբ։ Յոթ տարեկանում նա սկսեց իր երաժշտական կրթությունը Չայկովսկու անվան 10-ամյա դպրոցի դաշնամուրի բաժնում։ 1989 թվականին ընդունվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղ կոմպոզիցիայի դասեր ստացավ պրոֆեսոր Էդգար Հովհաննիսյանի դասարանում։ Այդ տարիներին նա գրեց մի շարք ստեղծագործություններ, որոնցում դրսեւորվեցին նրա ստեղծագործական բացառիկ ձիրքն ու շնորհը։ Ըստ արժանվույն գնահատելով Կորա Միքայելյանի դիպլոմային աշխատանքի՝ «Ճերմակ վանական» սիմֆոնիայի արժանիքները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան շնորհեց «Master of art» տիտղոսը։ 1993թ. էքստեռն ավարտեց կոնսերվատորիան։ 1996թ. եկավ Աթենք, ուր հիմնեց «Նոր դար» էթնոջազային եռյակը։ Տակավին Երեւանում ծրագրել էր ներկայացնել Կոմիտասի եւ այլ նշանավոր հայ կոմպոզիտորների երկերը՝ նոր շնչով եւ նոր «գույներով»։ Նրան հաջողվեց լավագույնս իրագործել այդ «Opus of the Lizard» ձայնասկավառակում, որը մեծ արձագանք ունեցավ ինչպես Հունաստանում, այնպես էլ արտասահմանում։ Հունաստանում նա համագործակցեց մի շարք հայտնի արվեստագետների հետ, ինչպես, օրինակ, Լակշմի Շանկարը, Մարկ Ջոնսոնը, Էբերհարդ Վեբերը, Յորղոս Մակլարասը, Միխալիս Նիկոլուդիսը, Նիկոս Քսիդակիսը եւ այլք։ Ինչպես իր ստեղծագործություններում՝ «Ampel8217a», «A Legend of Love», «Letters home» ալբոմները, «Expromt», «Choral», «Երկու աշխարհների միջեւ», այնպես էլ մի շարք այլ հեղինակների երաժշտության ներդաշնակումներում Կորան հանդես բերեց իր վառ տաղանդը։ Կորայի հիվանդությունը (2000թ.) կտրեց նրա ստեղծագործական ընթացքը։ Այսուհանդերձ, իր կամքի եւ արվեստի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նա ավարտեց «Letters home» ձայնասկավառակը։ Նրա վերջին երկերը համակված էին կարոտով ու սիրով իր ծնողների ու հայրենիքի հանդեպ։ Դժբախտաբար, 2001թ. հուլիսի 4-ին նա հեռացավ մեզնից։ Ապրեց ընդամենը 29 տարի, սակայն հասցրեց կերտել երաժշտական մի ուրույն աշխարհ։ «Արմենիկա» ամսագիր, հուլիս-օգոստոս, 2001թ., ԱթենքՀունարենից թարգմանեց ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել