Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ 2-3 օրերին լծվել էի մի ծանր, բայց հուզիչ պահերով

Օգոստոս 25,2001 00:00

«ՇԱ՜Տ-ՇԱ՜Տ ԳՈՀ ԵՆՔ: ԱՄԵՆ ԻՆՉ OK Է» Նախորդ 2-3 օրերին լծվել էի մի ծանր, բայց հուզիչ պահերով լեցուն գործի. Համահայկական երկրորդ խաղերի մասնակից սփյուռքահայերի շրջանում հարցումներ էի կատարում։ Դեռ ավելին, բոլոր ծանոթ-բարեկամներիս, որ ինչ-որ առնչություն ունեին Խաղերի հետ, խնդրել էի կարեցածին չափով օգնել ինձ, նույն հարցերը տալ իրենց հանդիպած սփյուռքահայերին։ Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքներս եւ ոգեւորության առիթ դարձան։ Արտերկրի մեր հարյուրավոր հայրենակիցների մեջ գրեթե չգտնվեց մեկը, ով դժգոհեր Խաղերի կազմակերպվածությունից, իրենց հրամցված ծրագրից, Հայրենիքում անցկացրած ժամանակից։ Ինչ վերաբերում է Համահայկական խաղերի գաղափարին ինքնին, ապա բոլորը միակարծիք էին՝ այս Խաղերը Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, Սփյուռքի երիտասարդությանը Հայրենիքի հետ ինչ-որ ձեւով կապելու լավագույն տարբերակն է։ Եվ տարեցտարի, մրցաշրջանից մրցաշրջան ավելի լավ է դրվում կազմակերպական գործը։ Ինչպես պարզվեց, սփյուռքահայերը Հայրենիքում ամենից շատ «հավնել էին» աղջիկներին («Օ՜հ, շա՜տ, շա՜տ աղվոր են Երեւանի աղջիկները, շա՜տ անուշ են»), սառնորակ ջուրը («իրավ որ, Երեւանի ջուրը շա՜տ համեղ է»), պաղպաղակը («չէինք գիտեր, որ Հայրենիքում ասանկ համեղ սառնանույշ կսարքին») եւ «Ջրաշխարհը» (անվճար գովազդից խուսափելու համար չենք գրում դրվատանքի խոսքերը)։ Տեղի սղության պատճառով կներկայացնենք մեր հարցումներին սիրահոժար ենթարկվածների միայն մի մասին։ Հովհաննես Քյուրքչյու (Ստամբուլ, վոլեյբոլի տղամարդկանց թիմի խաղացող մարզիչ).- Երկրորդ անգամն եմ Հայաստանին մեջ։ Առաջին Խաղերին էլ եկել էի, մասնակցել։ Առաջինն ալ շատ աղեկ էր, բայց ասիկա ավելի աղեկ էր օրգանիզեյնը։ Շատ գոհ ենք օրգանիզեյնից, ամեն ինչ ok է։ Խաղերն ալ շատ աղեկ են, բայց հայերուն հետ քով քովի ըլլալու ամեն մեկ առիթ մեզի համար մեծ բան է, ավելի ախորժակ կուտա։ Հայրենիքը շատ գեղեցիկ տեսանք, շատ անուշ է Հայրենիքը։ Շատ ուրախ ենք, որ հոս ըլլալու հաճույքը կառնինք։ Ես կինիս եւ մանչիս հետ էի եկած։ Ամեն բանը հավնեցանք։ Երթամ Ստամբուլ, ամենեն պիդի պատմեմ։ Տղաները Ջրաշխարհ էին գացեր, շատ էին հավնեցել, նորեն պիտի երթան։ Էն մի անգամը Սեւանի լիճն էինք գացեր, շատ աղվոր էր։ Էջմիածին ենք եղեր, եկեղեցի ենք գացեր։ Ամեն բան, ամեն բան աղվոր է։ Ստամբուլեն 90 հոգի եկեր էինք։ Բոլորս ալ շատ գոհ ենք։ Կըրմըզյան Հակոբ (Բուխարեստ, Ռումինիա, Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի անդամ).- Երկրորդ անգամն եմ հոս։ Առաջինը լավ էր, ասիկա շատ-շատ լավ էր։ Կկարծեմ կոր, հաջորդն է՛լ ավելի լավ պիտի ըլլա։ Առաջին Խաղերուն 1700 խաղացող էր եկեր, այս անգամ՝ 2300, կցանկանանք, որ 3-րդ անգամինը 3000-ը անցնի։ Շատ գոհ ենք կազմակերպվածությունից։ Կըտեսնինք, որ դժվարություններ հոս շատ կան, բայց կհուսանք, որ ամեն բան լավ պիտի ըլլա։ Դուք ուրախ ըլլաք, մենք ավելի կուրախանանք։ Շատ լավ անցկացրինք աս օրերը։ Հանգստի օրը շատ լավ համերգ էր։ Մինչեւ առտուն 3-ը 2000 երիտասարդ իրար քովի կուրախանային, կպարեին, կխնդային։ Ամեն մեկը աշխարհի մեկ ծայրից եկած էր, իրար հետ կուրախանային։ Շատ հուզիչ բան մըն էր. հալեպցին՝ երեւանցու, գյումրեցին՝ կիպրոսցու, լոսանջելեսցին՝ Բուխարեստից եկածի հետ կխոսան, կխնդան, կկարծես կոր 15-20 տարվա ծանոթներ են։ Ամենալավ բանն է ատիկա։ Ամենեն հուզիչ տպավորությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ստացանք։ Շատ-շատ հրաշալի եկեղեցի մըն է, շատ հուզեց մեզի։ Գործերս պիտի կարգավորիմ, որ սեպտեմբեր 21-ին հոս ըլլամ, 23-ին բացումը նայեմ։ (Ի դեպ, բոլորը պատմում էին, թե ինչ հսկայական օգնություն է ցուցաբերում պարոն Կըրմըզյանը հայաստանցի մարզիկներին՝ աշխարհի օլիմպիական խաղերին մասնակցելու ժամանակ, սակայն նա համեստորեն չխոսեց այդ մասին.- Մ. Բ.)։ Ժիրայր Պարոնյան (Բուխարեստ, սեղանի թենիսի թիմի ղեկավար).- Երեւանից եմ գնացել Բուխարեստ, տարիներ առաջ։ Ես անձամբ երկրորդ անգամն եմ գալիս Խաղերին, բայց տղաները՝ առաջին անգամ։ Առաջին Համահայկական խաղերն ինձ համար գոնե լիարժեք լավ միջոցառում եմ համարում, իսկ այս տարվանը, ինչպես տեսնում եմ՝ առավել եւս լավն են։ Այնպիսի միջոցառում է, որ խիստ անհրաժեշտ է՝ գոնե երկու տարին մեկ անցկացվի։ Ռումինիայից միայն սեղանի թենիսի թիմն է մասնակցում՝ 3 հոգի, որոնցից երկուսը խաղում են Իտալիայի բարձրագույն խմբում, մյուսը՝ Ռումինիայի։ Ալբերտ Գասպարյան (Վալլեյ, ԱՄՆ).- Շատ լավ է ամեն բանը։ Շատ նեղություն են քաշել մարդիկը մեզի համար։ Շատ ուրախ ենք, որ հոս ենք եւ Խաղերը կտեսնինք։ Առաջին անգամն եմ Հայրենիքում։ Գեղեցկություն է Հայրենիքը, խոսք չկա։ Շատ տեղեր գացինք։ Շատ գեղեցիկ տեղեր կան Հայրենիքում տեսնելու, մեկ մասը մենակ տեսանք, բայց մյուս անգամը կգանք, էլի կտեսնինք։ Ձգտում շատ կա, որ գանք։ Ոչ մենակ ես, բոլորս ենք փափագում գալ։ Շատերը կան, որ ուզում են գալ Հայաստան, ապրիլ։ Մենակ Հայաստան չէ, Ղարաբաղ էլ կուզեն երթալ-ապրիլ։ Մեզի համար ամենամեծ բանը, որի վրա շատ կուրախանանք ու տակավին կզարմանանք, ան է, որ՝ ումին որ կկպնիս՝ հայ է, ուր որ կքալես՝ հայուն կհանդիպես։ Միշտ դրա կարոտը քաշեր ենք։ Շատ ուրախ ենք։ Ազատ Չիլինգիրյան (Մոնրեալ, Կանադա).- Եղբայրս՝ Մանուկը, բասկետբոլ կխաղա, իրեն համար եմ եկեր։ Առաջին անգամ ենք Հայաստանում։ Ամեն բան շատ աղվոր է, շատ գեղեցիկ է ամենն ալ։ Քիարա Լիպարիտյան (Փասադենա, ԱՄՆ, բասկետբոլիստուհի).- Առաջին անգամ է, որ կխաղանք, բայց Հայաստան էլի էինք եկել։ Ամեն բան արդեն տեսել էինք։ Շատ լավն է Հայրենիքը, շատ սիրեցինք, գալ անգամն էլ պիտի գանք։ Միայն ռեֆերիները (մրցավարները) շատ գեշ են, Հայաստանի համար են կանչում, մեզի համար չեն կանչում (Փասադենայի թիմը պարտվեց Գյումրիի թիմին 62։59 հաշվով.- Մ. Բ.)։ Լուիս Հայեք եւ Ռուբինա (Լոս Անջելես).- Առաջին անգամ ենք Հայաստանում։ Շատ գեղեցիկ է մեր Հայրենիքը։ Ամեն բան աղվոր է։ Անպայման էլի պիտի գանք։ Արփի Թութունջյան (Դուբայ, ԱՄԷ).- Դուբայից Խաղերին մասնակցող չկա։ Ես եկել եմ Հայաստան՝ պտտելու եւ Խաղերը նայելու։ Շատ լավ են կազմակերպված։ Ամենեն կարեւորը, որ վերջավորությանը հայ է հաղթողը, ով էլ ըլլա։ Մի քիչ վատ է, որ ջղայնություն կա տղոց մեջը, շատ կիրքով կխաղան (բասկետբոլի խաղերն, իրոք, կրքոտ եւ անզիջում պայքարում էին անցնում.- Մ. Բ.), բայց վնաս չունի, կարեւորը, որ քով քովի ըլլան։ Առաջին անգամ 1993 թ. էի Հայաստանում։ Շատ մեծ փոփոխություն կզգամ դեպի լավը, շատ գեղեցիկ է ամեն բան։ Հուսամ, որ մյուս անգամին ավելի լավ պիտի տեսնիմ։ Երեք երեխաներիս հետ եմ եկել՝ 2 աղջիկ եւ մեկ մանչ։ Շատ ուրախ են, որ հոս են։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել