Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Օգոստոս 25,2001 00:00

Խաղում ենք 1700 Ոչ վաղեմի անցյալում հոբելյաններն անց էին կացվում համապատասխան սահմանված արարողակարգի։ Ամեն մի նշանակալի իրադարձության տարեդարձ փառաբանվում էր ըստ պատշաճի՝ ոչ միայն քաղաքական հարթության վրա, այլեւ գրականության մեջ եւ արվեստում։ Ի՞նչն էր հատուկ բոլոր այդ միջոցառումներին՝ թերեւս պրոտոկոլային միօրինակությունը։ Այսօր պարզվում է, որ բուրժուական հասարակության համար էլ նման վերաբերմունքը խորթ չէ։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ տեսնում ենք, որ «լավագույն ավանդույթները շարունակվում են»։ Վերջին հեղափոխությունից մինչեւ հիմա ընկած ժամանակահատվածում սա գուցե ամենամեծ եւ ամենանշանակալի հոբելյանն է, որ նշում ենք ազգովին։ Չկա մարդկային գործունեության մի այնպիսի ոլորտ, ուր չթափանցի այդ համընդհանուր ոգեւորության ալիքը. գինեգործությունից մինչեւ հրուշակագործություն։ Բնական է, որ թատերական ասպարեզը եւս չէր կարող անհաղորդ մնալ։ Այսօրվա դրությամբ բավական է նշել Վարդան Պետրոսյանի «հյուրախաղային» կատակները, Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ «Պողիկտոս» վեհաշուք օպերայի ներկայացումը Զվարթնոց տաճարում, Երկրորդ Համահայկական խաղերի բացումն ազդարարող Գրիգոր Լուսավորիչ, Խոսրովիդուխտ, Տրդատ Մեծ թատերահամերգային զգայացունց տեսարանը… Իսկ աշնանը սպասվում է ցնծալի տոնակատարությունների մի ամբողջ շարք։ Չենք կասկածում, որ պատկերը տպավորիչ կլինի։ Չէ որ մեզանում հոբելյանական միջոցառումների, էլ չենք ասում զանգվածային հանդիսությունների, հարուստ փորձ կա կուտակված։ Հիշենք, թե ժամանակին ինչպիսի շքեղությամբ էին անցկացվում շեքսպիրյան փառատոները։ Դարերի խորքից հանճարեղ անգլիացին մեզ այցի էր գալիս հայրենակցի իրավունքով։ Բոլոր թատրոններն անխտիր բեմադրում էին նրա գործերը, հայտարարվում էր մրցույթ, հյուրեր էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից։ Թվում էր՝ գալիս էին Շեքսպիրին նորովի բացահայտելու, քանի որ միամտաբար կարծում էինք, թե մենք նրան ավելի լավ ենք հասկանում, քան մյուսները։ Ասես պատվի հարց լիներ։ Հիմա էլ մեզ անկեղծորեն թվում է, թե ավելի քրիստոնյա ենք, քան մյուսները։ Եվ տպավորությունն այնպիսին է, թե մինչեւ հիմա հենց այդ մտայնությամբ էլ ապրել ու ստեղծագործել ենք։ Եթե դրանից էապես շահած լիներ մեր բարեպաշտությունը՝ այնքան էլ վատ չէր լինի։ Սակայն թողնենք դատողությունները եւ խոսենք ըստ էության։ Ի՞նչն է պատճառը, որ այս ամենը մեզ դեռ լիարժեք չի գոհացնում։ Կարծում ենք, վատ չէ, որ կրոնը, խղճի գիտակցումն ու խաչը, որպես հավատո հանգանակ, համարձակորեն մտել են մեր կենցաղ եւ երիտասարդությունն էլ եկեղեցի է գնում ոչ թե սոսկ հետաքրքրությունից դրդված, այլ Աստծո հետ հաղորդակցվելու անկեղծ մղումով։ Համաձայնեք, որ մի տեսակ խաղաղություն է իջնում հոգիներիս, երբ մանուկների շուրթերից տերունական աղոթք ենք լսում, այն էլ գրաբար, երբ հեռուստաէկրանից ու բեմահարթակներից մատուցվում են մեր ժողովրդի փառավոր անցյալը վկայակոչող հուշարձաններն ու պատմական անցքերը։ Վերջապես՝ երբ մեր մասին, մեր պապերի արածի ու չարածի մասին են խոսում ու գնահատական տալիս նաեւ ուրիշները՝ օտարերկրացիք։ Բոլորովին վատ չէ նաեւ, որ հայությունը կրկին առիթ ունի (այն էլ ինչ առիթ) մեկտեղ ժողովվելու եւ ցնծությամբ հիշատակելու Խոր Վիրապն ու Վարդանանքը։ Հազիվ թե գտնվի մեկը, որ հակաճառի մեզ։ Ուրեմն ի՞նչ։ Ի՞նչն է պակասում։ Երեւի թե, այս համընդհանուր տոնական խանդավառության մեջ վատ չէր լինի դիմել նաեւ մեր նախնիների իմաստնությանը։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ 17 դար առաջ Հայաստանն ընտրեց քրիստոնեական քաղաքակրթության ուղին եւ ի՞նչ շահեց դրանից։ Գուցե այդ մասին հարկ կար ավելի հանգամանալից խոսել։ Վատ չէր լինի, որ մեր երիտասարդությունն իրապես գիտակցեր, թե ի՞նչ հարստություն է կուտակված աստվածաշնչային անմահ թեմաների շտեմարանում, որոնցից օգտվելու հունարն ամենակարճ ճանապարհն է հարթում դեպի համաշխարհային գրականության ու արվեստի գանձարանները։ Մի՞թե թմբկահարման արժանի փաստերից չէ նաեւ այն, որ քրիստոնեական քաղաքակրթությանը հավատարմագրվելով, հայերը կարճ ժամանակամիջոցում ամենակիրթ ու առաջադեմ ազգերից մեկը դարձան ամբողջ Առաջավոր Ասիայում։ Նրանց ստեղծած մշակութային արժեքները ճանաչում գտան աշխարհով մեկ, եւ իրենց պատմական նշանակությամբ կարեւորվում են մինչեւ օրս։ Տա Աստված՝ այդպիսին էլ մնանք։ ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել