Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի

Օգոստոս 25,2001 00:00

ԱՆՊՏՈՒՂ ԳԱԼԱՐՎՈՒՄ ԵՆՔ Քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ն իր արնաթաթախ կճղակներով չէր ներխուժել մեր իրականություն, Հայոց նորագույն պատմությունը 1988-ի փետրվարից էր սկսվում։ Այդ օրերն արժեզրկելու եռանդուն փորձերն, իհարկե, հաջողություն ուն ենում էին նաեւ մինչ խորհրդարանական կոտորածը, բայց նրանք, ովքեր մեր անցյալ ու անցնելիք ճանապարհը մժեղի հայացքով չեն գնահատում, դրանից ողբերգություն չէին սարքում (եւ իզուր)։ Անցողիկ քամի է՝ ասում էին։ Հիմնազուրկ լավատեսություն չէր։ Փետրվարը մեր արթնացած արժանապատվության պոռթկումն էր, ու մեր դժվարին ճանապարհի խութուփոսերը, թեկուզ քիչումիչ, հաղթահարելուց հետո, ետ էինք նայելու ու կրկին սիրելու էինք Նրան։ Հպարտանալով էինք սիրելու։ Հպարտանալով էինք սիրելու, որովհետեւ առաջին անգամ էր, որ չէինք փորձել, խղճահարության արցունք քամող որբի խորամանկությամբ, աշխարհի աչքը խոթել, որ՝ «Այդ մենք ենք երեւի այն հարուստը, Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ – Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը, Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…»։ Դեհ, իսկ եթե հպարտ ես, ուրեմն՝ հպարտանալու բան կա։ Եթե հպարտանալու բան կա, ուրեմն՝ պարտված չես։ Պարտված չես, ուրեմն՝ որքան էլ հոգնաբեկ՝ ճամփադ շարունակելու ուժ կգտնես։ Չէ՛, չեղավ, չստացվեց։ Նորից ու կրկին մեր «քաղցած, քոսոտ, անբուրդ, առասպելյալ գայլը» մեզանից ուժեղ դուրս եկավ։ 1999-ի հոկտեմբերի 27-ին մեր եւ Փետրվարի միջեւ կապը վայրագորեն մկրատվեց, ու ամեն ինչ կրկին իր «տեղն ընկավ»… Փետրվարն այլեւս հոգեվարքի ճիրաններում է, իսկ հայրասպան ու եղբայրասպան հոկտեմբերն այսօր դարձել է մեր նորագույն պատմության սկիզբը։ Մե՛նք դարձրինք։ Գիտակցելով, թե ոչ, սա արդեն բոլորովին կարեւոր չէ։ Նույնիսկ կարելի է պնդել, որ՝ չգիտակցելով։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Փաստ է, որ «Հոկտեմբերի 27»-ը մեր հավաքական կերպարի ամբողջացման գործում այն նույն դերը կատարեց, ինչ դեր կատարեց գեղեցկադեմ Դորիան Գրեյի կյանքում իր դիվային դիմանկարը։ Տարբերությունն այն է, որ ուայլդյան հայտնի հերոսը գիտեր, թե իր գեղեցիկ կաղապարն ինչ է թաքցնում ներսում, իսկ մենք՝ չգիտեինք։ Մենք չգիտեինք, թե ինչ ավերածությունների է ենթարկվել մեր հոգեպատկերը։ Հիմա գիտենք։ Զավեշտաողբերգական դանդաղությամբ, բայց հասկացել ենք։ Հասկացել ենք, որ ողջ Հայաստանը մարիոնետների թատրոնի տիկնիկների օրն է ընկել մի խումբ ֆրանկենշտայնների խճճած թելերի քաոսում։ Ու անպտուղ գալարվում է ու գալարվում «հազարամյա երկիրս Նաիրի»… Բայց որ հասկացել ենք՝ ի՞նչ։ Նապոլեոնի օրոք Ֆրանսիայի ոստիկանության նախարար Ֆուշեն ասել է՝ գաղտնի գործակալներին վճարելու նպատակով, ֆրանսիական բանկի ոսկին Ավստրիայի ռազմադաշտերը տանող բեռնաձիերի նշանակությունը ավելի մեծ էր, քան Մյուրատի սրընթաց ու քաջարի հեծելազորինը։ Գույները խտացրել, թե չի խտացրել Ֆրանսիայի թիվ մեկ ոստիկանը՝ մեր գործը չէ։ Մեր գործն է մտածել, թե ոնց պատահեց, որ դոշակի գող Նաթելի կիսաֆաբրիկատ զավակները կարողացան Հայաստանի կերպարն այնպես աղավաղել, որ գաղտնի գործակալները, նույնիսկ՝ բեռնաձիերը մեր անտրամաբանական ներողամտության փափլիկ թեւերի տակ կայծակնային արագությամբ բազմացող «մոսկաների» համայնապատկերին պատվի ասպետներ են թվում։ (Պարզվում է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար Քոչարյանը «մոսկա» ասելով նկատի էր ունեցել իր թրի տակով անցնող «իշխան սաքոներին», իսկ մենք իրեն սխալ էինք հասկացել)… Է՛, բա վե՞րջը։ Մենք՝ գրողի ծոցը, վաղը սարսափով խոստովանելու ենք, որ զարմացած ու խորապես հիասթափված աչքերով մեզ նայող մեր արու զավակներն անդառնալիորեն ամլացել են։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել