ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՕԳՆԵՔ – Քաշաթաղի շրջանի առաջին բնակիչն եմ։ Ծնվել եմ 1993թ. հոկտեմբերի 2-ին։ Սովորում եմ գերազանց։ Մեկ տարի առաջ մայրիկս հիվանդ էր, մահացավ։ Մնացի հայրիկիս հետ մենակ։ Քանի որ հայրիկս չէր աշխատում, ինձ տարավ գիշերօթիկ դպրոց, որովհետեւ հայրիկս էլ հիվանդ է (ստամոքսի խոց ունի)։ Հայրիկս ազատամարտիկ է, կռվել է թուրքերի դեմ, որ ես ու իմ ընկերուհիները լավ ապրենք։ Մեկ ամիս առաջ հայրիկիս հետ գնացինք Երեւան, որ նրա խոցը բուժենք։ Երեւանից վերադարձանք, եկանք մեր գյուղը, բայց մեզ չթողեցին մեր տունը մտնել։ Ալեքսան ձյաձյան մեր տունը տվել էր ուրիշի եւ ես ու հայրիկս մնացինք դրսում։ Գիշերօթիկում լավ են պահում ինձ, սիրում են, բայց ես ուզում եմ իմ հայրիկի հետ մեր տանը ապրեմ, մեր այգում խաղամ, հայրիկիս հետ մշակած այգուց միրգ պոկեմ- ուտեմ, որից ինչո՞ւ ինձ զրկեցին վատ մարդիկ։ Հիմա ես ինչ անեմ, հայրիկս հիվանդանոցից եկավ, ավելի վատացավ, բա որ ինքն էլ մահանա, ես մնամ լրիվ որբ, բա ես ի՞նչ անեմ։ Երեւանում էլ տուն չունենք։ Քեռիս վարձով է ապրում։ Ես խնդրում եմ մեր տունը թող վերադարձնեն մեզ, մեր իրերը գողացան, հանել են փողոցում թափել, մենք չգիտենք ինչ անենք։ Հիմա ես ոնց սովորեմ դպրոցում, հայրիկիս հետ փողոցում ենք մնացել, մեզ ոչ մեկը չի օգնում։ Խնդրում եմ՝ մեզ օգնեք։ ՇԵԼՈՒՆՑ ԼԻԼԻԹ ԱԼԲԵՐՏԻ Քաշաթաղի գիշերօթիկ դպրոցի 1Բ դասարանի աշակերտուհի Փորձեցինք կապվել Քաշաթաղի վարչակազմի պատասխանատուի հետ, ճշտելու, թե ինչո՞ւ վատառողջ, հաշմանդամ ազատամարտիկից խլվել է նրա բնակարանը, ինչո՞ւ են առանց դատարանի որոշման հորն ու երեխային զրկել բնակարանից, դուրս թափել իրերը։ Սպասում ենք պաշտոնական պատասխանի։