Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԲԵՐՁՈՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Օգոստոս 25,2001 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԲԵՐՁՈՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1999-ին, երբ բացվեց Արծվաշենի միջնակարգ դպրոցը, եղան դեպքեր, երբ երեխաները հագուստ, կոշիկ կամ գրենական պիտույքներ չունենալու պատճառով դպրոց չէին հաճախում։ Երբեմն էլ միացվում էին տարբեր տարիքային դասարաններ, քանի որ դպրոցն աշակերտ չուներ։ Արծվաշենը Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված գյուղերից մեկն է։ Այն ունի 24 ընտանիք՝ մոտ 100 բնակիչ։ Շրջանի վերաբնակեցված մյուս գյուղերից Արծվաշենը գրեթե ոչնչով չի տարբերվում։ Այստեղ էլ քանդված ու ամայի տներ են, շատ են օձերն ու կարիճները, բացի այդ, գյուղում լույս չկա։ Սակայն, ի տարբերություն շատ գյուղերի, Արծվաշենը դպրոց ունի։ Դպրոցը բացվել է գյուղի հիմնադրումից 9 ամիս հետո՝ 1999-ի հոկտեմբերին։ Այստեղ հաճախում են աշակերտներ 3 գյուղերից՝ Արծվաշենից, Աղաձորից եւ Մխանցից։ 1999-2000 ուստարում դպրոցն ունեցել է 68 աշակերտ, 2000-2001-ում՝ 46։ 46 աշակերտներից 16-ը Աղաձորից են, 12-ը՝ Մխանցից, 18-ը՝ Արծվաշենից։ Մխանցից Արծվաշեն (3 կմ) երեխաները գալիս են ոտքով, Աղաձորից Արծվաշեն (6 կմ) երեխաներին դպրոց տեղափոխում են ավտոբուսներով։ Դպրոցն աշխատում է երկհերթ, թեեւ կան դասարաններ, որտեղ 3-4, երբեմն անգամ 2 աշակերտ է սովորում։ Պատճառը դասասենյակների պակասն է։ Այսօր դպրոցն ունի ընդամենը 6 փոքրիկ դասասենյակ՝ 4-5 նստարաններով (դպրոցի շենքը նախկինում գյուղի գրասենյակն է եղել)։ Ուսուցիչները հույս ունեն, որ Քաշաթաղի մարզպետ Ալեքսան Հակոբյանը մինչեւ 2001-2002 ուստարվա 1-ին կիսամյակի վերջը կկատարի իր խոստումը, եւ երկրորդ մասնաշենքը վերանորոգված կհանձնվի դպրոցին։ Այս դեպքում 6 դասասենյակին կավելանա եւս 14-ը։ Դպրոցի առաջնահերթ հիմնախնդիրներից է մասնագետ-մանկավարժների պակասը։ Նման խնդիր ունեն նաեւ շրջանի մյուս բոլոր 58 դպրոցները։ Հիմնականում չեն բավարարում օտար լեզվի, ռուսաց լեզվի, պատմության, քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչները։ Արծվաշենի դպրոցում այս խնդիրն ավելի է սրված։ 11 ուսուցիչներից 6-ը տնօրեն Հրայր Ոսկանյանի հետ տեղափոխվում են հարեւան Վարդանանց գյուղի նորաբաց դպրոցը։ Թե ով կլինի դպրոցի տնօրենը եւ ովքեր կփոխարինեն հեռացող 6 ուսուցչներին, պարզ չէ։ Ցանկացողները շատ քիչ են կամ չկան ընդհանրապես, չնայած որ վերաբնակեցված գյուղերում դասավանդող ուսուցիչները ստանում են համեմատաբար բարձր աշխատավարձ՝ 25-30 հազար դրամ, եւ ստանում են ժամանակին։ Բացի այդ, նրանց հատկացվում է բնակարան՝ տնամերձ հողամասով։ Դասագրքերի մեծ մասն աշակերտներին տրամադրում է Բերձորի շրջանային ժողկրթբաժինը։ Մնացածը, ինչպես նաեւ գրենական պիտույքները այստեղից-այնտեղից հայթայթում են ծնողները։ Տարին 1-2 անգամ էլ աշակերտներին գրենական պիտույքներ է տրամադրում Բերձորի սոցիալական ծառայությունը։ Չնայած այս բոլոր խնդիրներին՝ արծվաշենցիները հավատում են, որ իրենց դպրոցը կշարունակի գործել։ «Ամեն ինչ կախված է ֆինանսներից,- նկատեց պատմության ուսուցիչ Արթուր Երանոսյանը,- ամեն ինչ կախված է Բերձորի վարչակազմի ուշադրությունից»։ ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել