Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խմբագրություն

Օգոստոս 25,2001 00:00

Անօրինական «օրենքով» տուգանքներ Խմբագրություն զանգահարած Վարդան Պետրոսյանը մեզ հայտնեց, որ օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանից իրեն չեն թույլատրել մաքսատնով անցնել, պատճառաբանելով, թե «անձնագրիդ մեջ չունես ռուսերեն ներդիր։ «Մենք հրահանգ ենք ստացել, որ բոլոր այն ուղեւորները, որոնք չեն ունենա ներդիր, պետք է վճարեն 20 դոլար տուգանք»։ Ուղեւորի հարցին ի պատասխան, թե ի՞նչ պարտադիր է ներդիր ունենալ, օդանավակայանի աշխատակիցները, որոնք ներկայացել են որպես «պետական շահեր պաշտպանողներ», բացատրել են, որ «ռուսաստանյան երկրներում բարդություններից խուսափելու համար բոլոր ուղեւորները անխտիր պետք է ունենան ռուսերեն լեզվով ներդիրներ»։ «Եթե դա պարտադիր է, ապա ասենք, թե չունենալու դեպքում վճարեցինք 20 դոլար, արդյո՞ք այդ տուգանքը վճարելով խուսափելու ենք Ռուսաստանում ամեն տեսակ բարդություններից։ Թե մեր անձնագրում նշվելու է, որ տուգանք ենք վճարել, ուստի եւ դա հավասարազոր է ներդիր ունենալուն։ Շատ անհեթեթ եւ մեկը մյուսին չհամապատասխանող «օրենքներ» են»,- բորբոքված ասաց Վ. Պետրոսյանը։ «Օրենքի» ճշմարտացիությունը պարզելու համար դիմեցինք Արաբկիր համայնքի անձնագրային բաժին, որտեղ, սակայն, հերքեցին նման օրենքի առկայությունը, առավել եւս՝ կիրառումը։ «Եթե պետության կողմից հրահանգ լիներ, նախ ուղեւորին որեւէ մեկը չէր ասի 20 դոլար տուգանք պետք է վճարես, այլ կասվեր, որ 10.000 դրամ տուգանք պետք է գանձվի ձեզանից, քանզի պետությունը դոլարներով տուգանքներ չի սահմանում։ Բացի այդ, ուղեւորները տոմս գնելիս արդեն տեղյակ կլինեին նման օրենքի մասին»,- շեշտեցին Արաբկիրի անձնագրային բաժնի աշխատակիցները։ Նրանք նշեցին, որ անձնագրերը հայերեն եւ անգլերեն լեզվով են։ Իսկ անգլերենը միջազգային լեզու է, ուստի եւ դժվար թե մեր քաղաքացիները Ռուսաստանում անձնագրի մեջ ռուսերեն ներդիր չունենալու համար պրոբլեմներ ունենան։ Կենտրոն համայնքի անձնագրային բաժինը եւս անտեղյակ էր նման հրահանգի մասին։ «Եթե նման որոշում լիներ, առաջինը մենք տեղեկացված կլինեինք, ինչպես նաեւ այդ մասին հրապարակայնորեն եւ պաշտոնապես կհայտարարվեր»,- ասացին անձնագրային բաժնի աշխատակիցները եւ ավելացրին, որ ցանկացած մարդ Հայաստանը լքելիս իրավունք ունի նոտարական գրասենյակում թարգմանել իր անձնագիրը, բայց դա պարտադիր պայման չէ։ Նրանց խոսքերով, հիմնականում ռուսերեն ներդիրներ են օգտագործում ռուսաստանյան երկրներ մեկնող գործարարներն ու բիզնեսմենները։ Խնդրի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ ՕՎԻՐ-ի աշխատակիցների հետ, որոնք, սակայն, հրաժարվեցին մեզ որեւէ ինֆորմացիա տալ, պատճառաբանելով, թե նրանք իրավունք չունեն հարցերին պատասխանել, քանի դեռ ՆԳՆ-ն իրենց հրահանգ չի տվել։ Ուստի մենք էլ խոսեցինք ՆԳՆ-ի լրատվական բաժնի պատասխանատու Արտակ Վարդազարյանի հետ, որը եւս հերքեց այդ լուրը եւ շեշտեց, որ դա ապօրինություն է, «որեւէ մեկը իրավունք չունի ներդիր պահանջել ուղեւորից, առավել եւս՝ չունենալու դեպքում գումար գանձել»։ «Առավոտը», սակայն, հավաստի աղբյուրներից ճշտեց, որ իրականում «Զվարթնոց» օդանավակայանում կա հատուկ զննման ծառայություն, որը նույնիսկ աննկատ բաներից կառչելով, ուղեւորներից գումար է կորզում։ Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ հատուկ զննման ծառայությունն արդեն այնքան է «մասնագիտացել» նմանօրինակ գործերում, որ բացի իր պարտականություններից, որոշ դեպքերում կատարում է նաեւ մաքսատան աշխատանք։ «Մաքսատնով անցնում են հատկապես արտերկիր մեկնողները, իսկ հատուկ զննման ծառայության «զննմանն են ենթարկվում» թե՛ արտերկիր մեկնողները, թե՛ մեր երկիր մուտք գործողները»,- նշեց մեր աղբյուրը։ Խնդրի շուրջ պարզաբանումներ տվեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական բաժնի պատասխանատու Սերժ Մանուկյանը։ Ըստ նրա, մինչ օրս նման դեպք իրենք չեն արձանագրել, «իրականում միջպետական մակարդակով անձնագրի ռուսերեն ներդրի անհրաժեշտությունը չկա։ Քաղաքացիական ավիացիայի վարչությանն առընթեր կա հանձնաժողով, որ օդանավակայանում հնարավոր բոլոր թերությունները հետաքննում եւ եզրակացություն է ներկայացնում, որից հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկվում»։ Պրն Մանուկյանը, սակայն, փաստեց նաեւ, որ եղել են դեպքեր, երբ Ռուսաստանում պահանջել են ներդիր։ «Կամ դա անում են առանձին չինովնիկներ եւ դրանից օգուտներ են քաղում, կամ դա առնվազն ապօրինություն է»։ Նա նաեւ չբացառեց, որ տեղական ավիացիայում եւս հնարավոր են նման ապօրինություններ, սակայն հավաստիացրեց, որ դրա իրականացնողները բռնվելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել