«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց տեսաերիզի ցուցադրմամբ, որը հետո ճանաչվեց իրեղեն ապացույց։ Տեսաերիզը պատկերում էր 1995թ. նոյեմբերին հայկական պատվիրակության այցը Օդեսա, պատվիրակություն, որը գլխավորել էր Յուրի Բախշյանը։ Մի դրվագ կար (Անհայտ զինվորի հուշահամալիրի ճանապարհին), ուր մի պահ նշմարվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։
Նա հետո պատասխանելով Բախշյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցերին՝ վերոնշյալ դրվագի կապակցությամբ ասաց. «Այդպիսի բան չտեսա։ Երեւաց կես ակնթարթ իմ գլուխը»։
Ցուցադրումից հետո «Հոկտեմբերի 27» քրգործով դատարան բերված 6 ամբաստանյալները հեռացվեցին։ Մենք բազմաթիվ անգամներ նկատել ենք, որ միացյալ կազմով լինելու ժամանակ ամբաստանյալների վարքագիծը կտրուկ փոխվում է. ամբարտավան կեցվածք է ընդունում (եղբորից հետ չմնալու ակնհայտ ցանկությամբ) Կարեն Հունանյանը, «ծպտված»-ագրեսիվ է դառնում Էդիկ Գրիգորյանը (պատասխանները լակոնիկ են մյուսներից, երբ հարցը վերաբերում է այս կամ այն միջնորդությանը կողմ կամ դեմ լինելուն)։
Երեկ Կարեն Հունանյանը փորձեց հանդես գալ հայտարարությամբ։ Նա, չգիտես ինչու, ֆիքսեց, թե դատական նիստից բացակայում են «որոշ փաստաբաններ», մասնավորապես՝ Մարինա եւ Տիգրան Ջանոյանները, անգամ նկատեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի բացակայությունը։ Նա հայտարարեց, որ 2000թ. մայիս-հունիս ամիսներին իր նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են տեղի ունեցել, սպառնացել են մահվամբ։ Եվ, որ ինքն էլ հուլիսի 18-ին, սեպտեմբերի 4-ին դիմել է ՀՀ նախագահին՝ պահանջելով քրգործ հարուցել Գագիկ Ջհանգիրյանի եւ օպերատիվ խմբի ու քննիչների նկատմամբ։ Նա ակնարկեց, թե ներերակային ինչ-որ սրսկում է արվել իրեն եւ, որ պահանջել է Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպում…
Կարդացեք նաև
Մեղադրող Արմեն Հարությունյանն առարկեց ամբաստանյալի այսօրինակ ելույթը, որ «առանց հետազոտման կանգնել՝ հայտարարություն է անում»։ Նա նկատեց, որ ամբաստանյալը ցուցմունք է տալիս եւ, որ ասվածը հայտարարության բնույթ չի կրում։ «Դա իմ իրավունքն է՝ 4 թերթ կլինի, թե 400…»,- փորձեց հակադրվել ամբաստանյալը (նկատենք, որ ամբաստանյալը չի հսկում իր միտքը եւ նախադասություններն էլ չեն ավարտվում)։ «Քննության ընթացքում կտեսնենք ով է ինչ իրավունքից զրկել»,- ասաց մեղադրողը։ Ի դեպ, վերջինիս առարկությանը միացան տուժող Աղվան Վարդանյանի եւ Դեմիրճյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչները։ – Կես ժամ տվեք հայտարարություն անեմ,- չէր հանգստանում ամբաստանյալը։
Փաստաբան Էդիկ Աղաջանյանը, շարունակելով հարցաքննությունը, կասկածի տակ առավ Ն. Հունանյանի ցուցմունքի այն հատվածը, ըստ որի, նա 15-20 րոպե խոսել էր Բախշյանի հետ Օդեսայում՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ։ «Տեսաերիզում երեւում է, որ Բախշյանը խոսում է մեկ ուրիշի հետ, չի էլ նայում ձեր կողմը։ Նա առանձնակի ցանկություն չունի էլ ձեր հետ ինչ-որ հարց քննարկելու»,- շարունակեց Է. Աղաջանյանը։
– Անուշավան Դանիելյանը կամ Վլադիմիր Շեւյովը նկատե՞լ են ձեր հանդիպումը Բախշյանի հետ։
– Նրանք մի փոքր ուշ եկան,- պատասխանեց ամբաստանյալը։
– Չեմ բացառում, որ նկատած լինեին։
– Բախշյանն առանձնացա՞ծ էր։
– Կարծում եմ՝ ոչ։ Մեկին էի հիշում՝ մորուքով տղեն։
– Չի՞ ծանոթացրել Բախշյանը ձեզ հետ։
– Հավանաբար՝ չէ։
Ի դեպ, դատական նիստի ժամանակ ամբաստանյալը իր «մտերմությունը» Բախշյանի հետ բացատրեց այսպես. «Մենք իրար միշտ անունով ենք դիմել եւ դու-ով»։ «Մտերիմ» մարդուն կծանոթացներ կողքին կանգնածին։ Լեոնարդ Պետրոսյանի հետ կապված ամբաստանյալը ոչինչ նոր չավելացրեց։ Միայն ասաց, որ ինքնասպան կլինի, եթե պարզվի, որ Լ. Պետրոսյանը մաքուր է եղել։ ԱԺ մտնելու նկարագրության մեջ, թերեւս, նոր էր հետեւյալը. «Ես վստահ էի, որ ոչ ոք չի խոչընդոտի։ Ոչ էլ որեւէ մեկն ուներ ցանկություն խոչընդոտելու»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի