Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի

Օգոստոս 25,2001 00:00

Կրքեր՝ տնօրենի ընտրության շուրջ Երեւանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա էր կազմակերպել։ Նրանց հավաստմամբ, արդեն երկրորդ անգամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Հովհաննիսյանը ձախողում է նոր տնօրենի ընտրության բաց մրցույթի անցկացումը։ Ներկաների խոսքերով՝ իրենց դպրոցը խորհրդով կառավարվող հիմնարկություն է եւ քաղաքապետի թույլտվությամբ իրավասու է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ անցկացնել եւ նոր տնօրեն ընտրել։ «Մեր հանդեպ կիրառվել են մի շարք անօրինականություններ եւ ոտնահարվել են մեր իրավունքները։ Նախ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի փոխտնօրեններից մեկը եւ հետո տնօրենի պաշտոնակատարը պարտավոր էր ինքնակամ հեռանալ։ Բայց Անահիտ Հովհաննիսյանը ոչ միայն չի հեռանում, այլեւ ցանկանում է իր թեկնածությունը դնել անցկացվելիք մրցույթին, որի իրավունքը, ըստ կանոնադրության, նա չունի, քանի դեռ պաշտոնանկ չի եղել»,- բորբոքված պատմեցին ուսուցիչները։ Դպրոցի կոլեկտիվը դիմել է քաղաքապետարանի կրթության վարչություն, սակայն նրանց այնտեղ փորձել են համոզել, որ հետաձգեն մրցույթը, «մի քիչ համբերեք, գուցե թե հարմարվեք Անահիտ Հովհաննիսյանի հետ եւ կարիք չլինի ընտրություններ անցկացնել»։ Ուսուցիչների պնդմամբ՝ քաղաքապետարանի կրթության վարչությունը, հանձին պետ Օնիկ Վաթյանի, անհասկանալի պատճառներով խիստ շահագրգռված է Անահիտ Հովհաննիսյանին, ինչպես իրենք արտահայտվեցին, «սաղեցնել» իրենց դպրոցի վրա։ Դա նրանք բացատրում են նրանով, որ շուտով լրանում է դատարանի վճռի ժամկետը եւ Անահիտ Հովհաննիսյանը պարտադիր պետք է մինչեւ ժամկետի լրանալը աշխատի, այլապես վճիռը կկորցնի իր ուժը եւ նա այլեւս չի կարողանա աշխատել։ «Եթե նա այդքան լավ տնօրեն է, ինչո՞ւ մի քանի տարի առաջ նրան հեռացրել էին թիվ 62 դպրոցից եւ միայն 1,5 տարի դատական տարբեր ատյաններում պայքարելուց հետո վերականգնել նախկին պաշտոնում»,- նշեցին ուսուցիչները։ Տեղեկացանք, որ հինգ անդամներից բաղկացած խորհրդից երկուսին մի քանի օր առաջ զանգահարել եւ ահաբեկել են։ Ըստ նրանց՝ սպառնալիքները պայմանավորված են նրանով, որ եթե խորհրդի հինգ անդամներից երկուսը ներկա չլինեն մրցույթին, քվորում չի լինի եւ ընտրությունը չի կայանա։ Օրերս քաղաքապետարանի կրթության վարչության Էրեբունու տարածքի դպրոցները սպասարկող տեսուչ Մելս Հովհաննիսյանը մի գրություն է բերել դպրոց, որում ասվում է, թե քաղաքապետարանը լուծարում է դպրոցի խորհուրդը։ «Նրանք նման բան անելու իրավունք չունեն։ Գրության մեջ լուծարումը պատճառաբանված է դպրոցական խորհրդի անգործությամբ եւ մրցույթի չանցկացմամբ։ Դա այն դեպքում, երբ խորհուրդը երկու տարի է նորմալ գործում է, իսկ չկայացած մրցույթից հետո արձանագրել է, որ նախագահի հիվանդության պատճառով (զանգերից հետո նախագահի արյան ճնշումը բարձրացել էր) այն մեկ օրով հետաձգվում է։ Իսկ այսօր արդեն, փաստորեն, մենք գրության պատճառով ուղղակի չանցկացրինք մրցույթը»,- նշեցին ուսուցիչները։ Կրթության բարեփոխումների կենտրոնի մասնագիտական կրթության դեպարտամենտի ղեկավար Ալբերտ Ոսկանյանը եւս վստահեցրեց, որ դպրոցի խորհուրդը պետք է լուծարի ոչ թե քաղաքապետարանը, այլ ԿԳՆ-ն։ «Եթե լինում է ահազանգ, որ դպրոցը լավ չի աշխատում, ԿԳՆ-ն ստեղծում է փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է խորհրդի գործունեությունը եւ համապատասխան եզրակացություն անում,- ասաց պրն Ոսկանյանը եւ ավելացրեց,- եթե իհարկե չկան շահագրգիռ կողմեր»։ Խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ դպրոցի խորհրդի նախագահը դիմում է ներկայացրել իրեն, որտեղ նշել է, որ խորհուրդը նորմալ չի գործում եւ քվորում չեն կարողանում կազմակերպել, քանի որ խորհրդի անդամները նիստերին չեն ներկայանում։ «Նման դիմումից հետո մենք մտածեցինք, որ գոնե տնօրենի ընտրության ժամանակ խորհրդի անդամները կհամախմբվեն եւ կկատարեն իրենց պարտականությունները։ Քանի որ դա տեղի չունեցավ, մենք որոշեցինք լուծարել խորհուրդը»,- ասաց պրն Վաթյանը։ Նա նշեց նաեւ, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, եւ մեկ ամսվա ընթացքում կկազմավորվի նոր խորհուրդ, որից հետո կանցկացվեն տնօրենի ընտրություններ։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել