Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՔՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ

Օգոստոս 25,2001 00:00

ՏԱՐԻՔՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ Էստոնական 9 շենքի 65 բնակարանի բնակիչ, թոշակառու Արտավազդ Հովհաննիսյանը մասնագիտությամբ անասնաբույժ է, երկար տարիներ աշխատել է Շահումյանի շրջանի Ներքին Շենգավիթի անասնաբուժարանում։ Ինչպես ինքն է նշում, «ոչ մի անգամ դիտողություն կամ նկատողություն չեմ ստացել»։ Ա. Հովհաննիսյանը այսպես է շարունակում «Առավոտին» գրած դիմումում. «Սակայն Շահումյանի շրջանի գլխավոր անասնաբույժ Աշոտ Մարտիրոսյանը եւ գյուղնախարարության վարչության պետ Անուշավան Աղաջանյանը ինձ խաբեցին ու լուծարման պատճառով ազատեցին աշխատանքից»։ Այնուհետեւ նա դիմում է նախագահի աշխատակազմին եւ կրկին վերականգնվում իր նախկին աշխատանքում։ Պրն Աղաջանյանը աշխատում է մի քանի ամիս՝ օգոստոսի 1-ից մինչեւ նոյեմբերի 15-ը, որից հետո նրան նորից են ազատում աշխատանքից։ Քանի որ աշխատանքից ազատելը վերադաս մարմինները կապում են նրա տարիքի հետ, պատճառաբանելով, որ թոշակառու է, ապա, ըստ պրն Հովհաննիսյանի, ի՞նչն է պատճառը, որ իր անասնաբույժ ընկերները, որոնք իր հասակակիցներն են, շարունակում են աշխատել տարբեր անասնաբուժարաններում։ Աշխատանքից զրկված բազմափորձ թոշակառուն պահանջում է վարձատրել իրեն աշխատած 3 ամիս 15 օրվա համար եւ վերականգնել նախկին աշխատանքում։ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Անուշավան Աղաջանյանը վերոնշյալ դիմումի կապակցությամբ հայտնեց, որ Ա. Հովհաննիսյանին աշխատանքից ազատել են թոշակառու լինելու եւ հիմնարկի լուծարման պատճառով։ «75 տարեկան մարդ է, այդ տարիքի բոլոր աշխատողներին էլ պետք է կրճատենք»,- ասաց նա։ «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է, որ մյուս թոշակառուներին չեք կրճատել, չէ՞ որ նա միակը չէ, պրն Աղաջանյանը պատասխանեց, որ շուտով Շահումյանի շրջանի անասնաբուժարանը, անասնագլխաքանակ չլինելու պատճառով, լուծարվելու է՝ միանալով Երեւան քաղաքի անասնաբուժական կայաններին, որի հետեւանքով էլ 6-7 հոգի կկրճատվեն։ Ինչ վերաբերում է աշխատանքում վերականգնելուն կամ աշխատած ամիսների համար վարձատրվելուն, Ա. Աղաջանյանն ասաց. «Եթե ուսումնասիրեք նրա թղթերը, կտեսնեք, որ ինքն իր ձեռքով գրել է, թե պարտք- պահանջ չունի»։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել