Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս 1996թ. մենք կանխատեսել էինք, որ բնակչության արտահոսքը հանրապետությունից ոչ միայն չի հաջողվի դ

Օգոստոս 25,2001 00:00

ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԷ Դեռեւս 1996թ. մենք կանխատեսել էինք, որ բնակչության արտահոսքը հանրապետությունից ոչ միայն չի հաջողվի դանդաղեցնել, այլ նաեւ գնալով էլ ավելի կուժգնանա, իր մեջ ներառելով նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Այն, ինչ դեռ երեկ կանխատեսվում էր, այսօր դաժան իրականություն է։ Արտաքուստ թվում է, թե հանրապետության եզդի բնակչության զանգվածից արտասահման՝ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ որոշ հաշվարկներով եզդի բնակչության ընդհանուր թվի 5-6%-ը։ Սակայն անտեսվում է, որ մեկնում է եզդի բնակչության ձեռներեց ու եռանդուն մասը, հատկապես երիտասարդ, ինչպես նաեւ «միջին» տարիքի այն քաղաքացիները, որոնք կազմում են հանրապետության աշխատուժի հեռանկարային հատվածը։ Խոսելով հնարավոր մեկնման պատճառների մասին, հարցվողներն առանձնապես կարեւորում են՝ անասնապահության համար հանրապետությունում ստեղծված դժվարին պայմանները, գործազրկությունը, վախը տնտեսական ճգնաժամի հետագա խորացումից, անհանգստությունն իրենց երեխաների ապագայի համար եւ այլն։ Եզդի բնակչության սոցիալ-կենցաղային հոգսերը կապված են Արագածոտնի մարզի ջրամատակարարման, բուժսպասարկման եւ հեռախոսային կապի հրատապ խնդիրների լուծման հետ։ Ոչ պակաս կարեւորություն ունեն նաեւ մանկավարժական կադրերի պատրաստման, ազգային լեզվով դպրոցական դասագրքերի հրատարակման հիմնահարցերը։ Սրանք խնդիրներ են, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց սոցիալական զգացողության եւ տրամադրությունների վրա։ Ոչ մի խոսք ինչ-որ ազգային խտրականության, հայերի «մեծապետական շովինիզմի» մասին, որն այդքան շահարկվում է Արեւմուտքում՝ հայ-եզդի հարաբերությունների մեջ անտեղի ու անհիմն լարվածություն մտցնելու ջատագովների կողմից։ Արտահոսքի պատճառների մեջ գերիշխում են սոցիալ-տնտեսական, հոգեբանական գործոնները։ Արտասահման, արտագնա աշխատանքի մեկնելը պատճառաբանվում է աշխատանք ունենալու եւ արժանապատիվ ապրելու նկատառումներով։ Չնայած ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացիների արտահոսքի շարժառիթները սոսկ միայն տնտեսական բնույթ չունեն, ներառում են նաեւ այդ մարդկանց սոցիալական ինքնազգացողությունն ու վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Արտասահման մեկնող խմբի կողքին առանձնանում են նաեւ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ի վիճակի չեն մեկնելու արտասահման, սակայն հեշտությամբ հեռանում են հայրենի գյուղից, անասնապահության ասպարեզից, նախընտրելով աշխատանքի անցնել մանր, միջնորդ առեւտրի ոլորտում։ Այս միտումը մեզ համար արդեն պարզ էր 1996թ.։ «Եթե լքեք անասնապահության ասպարեզը, թողնեք հայրենի գյուղը, ապա որտե՞ղ կանցնեք աշխատանքի» հարցին պատասխանողների ճնշող մեծամասնությունը մատնացույց է արել մսի, բրդի առեւտրի, մանր առեւտրի ոլորտը։ Այսօր այս օրինաչափությունը գրեթե համապարփակ բնույթ ունի, որը վկայում է արոտավայրային անասնապահության հետ որեւէ գործնական հույսեր չկապելու կայուն դիրքորոշման, ես կավելացնեի՝ համոզմունքի մասին։ Նման դիրքորոշման կենսագործումը հանգեցրել է նրան, որ երեկվա երիտասարդ եզդի բնակիչների ճնշող մեծամասնությունը կորցրել է իր անասնապահական գործի ունակություններն ու գիտելիքները, կտրվել է դրանց հետ կապված ազգային սովորույթներից ու ավանդույթներից։ Նրանց համար այլեւս չկա դեպի անասնապահություն վերադարձի ճանապարհ։ Ո՞րն է ելքը Ի՞նչ է սպառում հանրապետության եզդի բնակչությունը, արոտավայրային անասնապահությունը նոր հազարամյակում իրարամերժ տնտեսական եւ սոցիալական կյանքի ո՞ր միտումները տիրապետող կդառնան մոտակա տարիներին, կհաջողվի՞ նվազեցնել բնակչության արտահոսքի տեմպերը։ Հնարավոր չէ գտնել միանշանակ պատասխաններ։ Սակայն մի բան պարզ է, որ բնակչության արտահոսքի հիմնահարցը այն հանգուցախնդիրը չէ, որը կարելի է ամբողջովին լուծել կամ չլուծել ընդհանրապես։ Կան այնպիսի հատուկ միջոցներ, որոնք ձեռնարկելով մենք կկարողանայինք զգալիորեն մեղմացնել արտահոսքի սրությունը։ Դա, նախեւառաջ, վերաբերում է արտահոսքի կարգավորման օրենսդրական հիմքերի ստեղծմանը։ Մեր հետազոտության ժամանակ «ի՞նչ առաջնահերթ օրենսդրական ակտեր, կառավարական որոշումներ պետք է ընդունել արտահոսքը հանրապետությունից կարգավորելու համար» հարցին պատասխանելիս հարցվողների ճնշող մեծամասնությունը գտավ, որ անհրաժեշտ է ընդունել «Անասնապահությունը ապահովող ֆերմերական տնտեսությունների համար արտոնյալ հարկման ռեժիմ սահմանելու մասին» օրենք, ինչպես նաեւ «Արոտավայրային անասնապահության զարգացմանը ուղղված միջոցառումների մասին» կառավարական որոշում։ Գյուղատնտեսության զարգացման ասպարեզում անհրաժեշտ է վարել որոշակի հարկային քաղաքականություն, որը պետք է դառնա անասնապահության զարգացման հիմնասյուներից մեկը։ Հարկային խթանները կարող են եւ պետք է դառնան անասնապահության զարգացման, հանրապետությունից բնակչության, այդ թվում՝ եզդի բնակչության, արտահոսքի կարգավորման կարեւորագույն մեխանիզմներից մեկը։ Ամենաբազմազան հարկային արտոնություններ պետք է տալ այն անասնապահական ֆերմաներին, տնտեսություններին, որոնք գործնական օժանդակություն ցույց կտան հայրենի անասնապահության զարգացման գործին։ Դա միայն տնտեսական խնդիր չէ։ Այն նաեւ կարող է նպաստել հանրապետության եզդի բնակչության աշխատուժի ռացիոնալ օգտագործմանը, հոգեկերտվածքի ու ավանդույթների հետ կապված հրատապ խնդիրների լուծմանը։ Բացի հարկային արտոնություններից, անհրաժեշտ է ստեղծել Հայաստանում ներդրումների համար նպաստավոր ռեժիմ։ Այդօրինակ ճանապարհով պայմաններ կստեղծվեն նաեւ մեր հայրենակիցների վերադարձի, Հայաստանում նրանց տնտեսական, սոցիալական գոյության վերականգնման համար։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է համապետական մասշտաբով մշակել արտագաղթածների վերադարձի, այսպես կոչված, ռեաբիլիտացիայի, վերականգնողական համալիր ծրագիր։ ՍԻԱԲԱՆԴ ԲԱՔՈՅԱՆ ՀՀ «Էզդիխանա» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել