Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկությունների ֆինանսական միջոցների սակավությունը թույլ չի տալիս ոչ միայն արտասահմանից տեխնոլոգի

Օգոստոս 25,2001 00:00

Իրավիճակը եւ մոտեցումները Ձեռնարկությունների ֆինանսական միջոցների սակավությունը թույլ չի տալիս ոչ միայն արտասահմանից տեխնոլոգիաներ ներկրել, այլեւ ծախսեր կատարել գիտական մշակումների եւ ներդրումների համար։ Այդ փակ շրջանակում ակամա ուշադրություն են գրավում մեր գիտաարտադրական պոտենցիալի իրավիճակը եւ զարգացման միտումները։ Վերջին տասնամյակում նկատվում է գիտատեխնոլոգիական հիմնարկների հնարավորությունների նվազում, ինչը հիմնականում կապված է ֆինանսավորման ցածր մակարդակով եւ ինչի արդյունքում գրանցվում է հիմնական միջոցների հնացում, երիտասարդ կադրերի պատրաստման գործակցի իջեցում, գիտական կոլեկտիվների ծերացում եւ բնագավառից գործունյա գիտնականների արտահոսք։ Եթե այս գործընթացը շարունակվի, ապա հաջորդ 5-10 տարում մենք անվերադարձ կկորցնենք նախկինում կուտակված գիտատեխնիկական պոտենցիալը եւ կնմանվենք մի շարք պետությունների, որոնք միայն կարողանում են զարգացած երկրներից հնացած տեխնոլոգիաներ ներկրել։ Փորձը վկայում է, որ գիտության ֆինանսական ավելացման վերաբերյալ առանձին պահանջներ չեն նպաստում իրավիճակի շտկմանը, ինչը պայմանավորված է բյուջեի սղությամբ։ Ներկայիս իրավիճակի փոփոխմանը կարող է նպաստել միայն գիտության կոմերցիալիզացիայի մեխանիզմների մշակումը եւ ներդրումը։ Այն կարող է հիմք դառնալ ոչ միայն անհրաժեշտ գիտական ուղղությունների ընտրության եւ զարգացման համար, այլեւ աջակցել բյուջեի մուտքային մասի ավելացմանը (ներկայումս բարձր տեխնոլոգիաների արժեքը կազմում է մոտ 10-20 մլն դոլար) եւ տեղական արդյունաբերության զարգացմանը։ Այսօրվա իրավիճակում, գիտատեխնիկական ոլորտի մարքեթինգային ուսումնասիրությունների սակավության պատճառով, ոլորտում նախկինում կուտակված կամ նոր գիտական մշակումները արտահանվում են՝ կամ ինֆորմացիայի ձեւով, կամ էլ ինքնարժեքից ավելի ցածր գներով, ինչն իր հերթին նպաստում է գիտնականների արտահոսքին։ 1992-ից հանրապետության գիտական ոլորտում գործում են տարբեր միջազգային կազմակերպություններ (ISTS, INTAS, CRDF, NATO եւ այլն), բայց նրանց գործունեությունը աջակցում է միայն առանձին գիտական աշխատանքների մշակումներին։ Որպես մեր գիտատեխնիկական ոլորտի խնդիրների լուծման մի փորձ կարելի է համարել տեխնոպարկերի գաղափարը (դրա մի օրինակը այս տարի Երեւանի «Տրանզիստոր» գործարանում ստեղծված ծրագրավորման տեխնոպարկն է)։ Բայց այն նպատակաուղղված է միայն առանձին ոլորտի զարգացմանը։ Բացի դրանից, տեխնոպարկերի ստեղծման համար պետք է կատարվեն նախնական լուրջ մարքեթինգային ուսումնասիրություններ, որոնց համար ներկայումս մշակված չեն համապատասխան մեխանիզմներ։ Այդ տեսակետից արդիական է գիտատեխնիկական ոլորտում կենտրոնացված ենթակառուցվածքի հիմնումը, որը պետք է նպաստի ֆունդամենտալ եւ կիրառական ուսումնասիրությունների կոմերցիալիզացիային՝ օգտագործելով տնտեսական եւ մարքեթինգային գործիքներ եւ դրանց միջոցով ապահովի մեր գիտական բազայի զարգացումն ու շուկայական ուսումնասիրությունների անհրաժեշտ խորությունը։ Այդ խնդիրների լուծմանը որոշ չափով պետք է աջակցեր Հայկական զարգացման գործակալության հիմնումը։ Սակայն այդ գործակալությունը դեռ գտնվում է ձեւավորման փուլում եւ անցած մի քանի տարում դեռ չեն մշակվել գործունեության բոլոր անհրաժեշտ ուղղությունները։ Պետք է նշել, որ ներկայումս գործակալությունը ժամանակ առ ժամանակ ունենում է ծրագրեր, որոնցով առանձին նախագծերին տրամադրում է որոշ միջոցներ մարքեթինգային աշխատանքների կազմակերպման համար, բայց մյուս կողմից դեռ բացակայում է նախագծերի շարունակական աջակցությունը, որը պետք է դրսեւորվեր հաջորդ քայլերում. ստարտային կապիտալի տրամադրում եւ այլն։ Այս տարի ոլորտում իրավիճակը բարելավելու նպատակով հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ նաեւ «Եվրասիա» հիմնադրամը։ Սակայն առանց լուրջ կազմակերպչական մոտեցումների մշակման եւ քննարկումների՝ կարելի է կանխատեսել, որ այդ նախաձեռնության դեպքում եւս հնարավոր է միջոցների փոշիացում, ինչպես արդեն նկատվել է այլ արտասահմանյան ծրագրերում։ ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ «Նաիրիտ» ԲԲԸ փոխտնօրեն, ՀՀ ապրանք արտադրողների միության վարչության նախագահության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել