Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ տնտեսական բարեփոխումների նախարար Հակոբ Աբրահամյանի հաղորդմամբ, կառավարությունը մշակել է Արցախի է

Օգոստոս 25,2001 00:00

ԼՂՀ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՂՀ տնտեսական բարեփոխումների նախարար Հակոբ Աբրահամյանի հաղորդմամբ, կառավարությունը մշակել է Արցախի էներգետիկ անկախացման ծրագիր։ Այսօրվա դրությամբ ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի կարիքները գերազանցապես բավարարվում են Հայաստանից ստացվող էլեկտրական հոսանքով։ Հետեւաբար, ԼՂՀ էներգետիկ անկախացման ծրագիրը միտված է Հայաստանի էներգահամակարգից անկախանալու «առաքելությանը»։ Վերջին տասնամյակներին միջազգային տնտեսական զարգացման ընդհանուր ձգտումն է՝ աշխարհի, մանավանդ, տարածաշրջանային ընդգրկումով պետությունների տնտեսությունների եւ դրանց առանձին ճյուղերի (առանձնապես՝ էներգետիկայի) ինտեգրացումը։ Աշխարհում գործում են 100-ից ավելի տարածաշրջանային բնույթի տնտեսական միություններ, որոնց նպատակն է տնտեսությունների ինտեգրացման ճանապարհով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման համար։ Մեր տարածաշրջանում տնտեսական (մանավանդ՝ էներգետիկ) ինտեգրացման կենսականորեն անհրաժեշտ գործընթացները դանդաղում են զուտ քաղաքական դրդապատճառներով։ Իսկ դա իր խիստ բացասական հետքն է թողնում տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման վրա։ Զավեշտական իրավիճակ է ստեղծվել հայկական երկու պետությունների տնտեսությունների եւ դրանց առանձին ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն) ինտեգրացման հարցում։ Նկատենք, որ շուրջ 40 տարի է, ինչ ՀՀ ու ԼՂՀ էներգահամակարգերը ինտեգրացված են եւ Արցախի էլեկտրամատակարարումը, անցած 4 տասնամյակներին, գերազանցապես ապահովվել է Հայաստանի կողմից։ Եվ ահա, Արցախի ղեկավարները ծրագիր են մշակել էներգետիկայի բնագավառում էլ Հայաստանից անկախանալու համար։ Այլ է հարցը, որ նախատեսված ՀԷԿ-երի կառուցումով առավել հզորացվի ԼՂՀ էներգետիկ ներուժը եւ ՀՀ ու ԼՂՀ ընդհանուր (ինտեգրացված) էներգահամակարգը տարածշրջանում հանդես գա էլեկտրաէներգիայի արտահանման առավել մեծ հնարավորություններով։ Եվ, վերջապես, նշված հարցի ոչ երկրորդական նշանակություն ունեցող ազգային գործոնի մասին։ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերամիավորման կամ ԼՂ անկախացման համազգային շարժման բուն նպատակն էր, որ հայության երկու հատվածներին քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային միավորման, ինտեգրացման հնարավորություն ընձեռվի։ Եվ ահա, արցախյան համազգային շարժումից 13 տարի անց, երբ ազգային իղձերը վաղուց իրականություն են դարձել, ԼՂՀ ղեկավարները մշակում են Հայաստանից անկախացման ինչ-ինչ ծրագրեր… ՄՈՒՇԵՂ ՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել