Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին

Օգոստոս 25,2001 00:00

«Հայասիրությունը» քաղաքական կատեգորիա չէ Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ գրող եւ խոսող գործիչների շնորհիվ քաղաքացիություն է ստացել մի մտայնություն, ըստ որի, մեզ վերաբերող ցանկացած խոսք որակվում է «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ»: Հայ քաղաքական միտքը նեղմտության այս հիվանդությամբ վարակվեց իր սաղմնավորման օրից. 18-րդ դարից սկսած մեր պատմության անբաժանելի ուղեկիցները դարձան «հայերի մեծ բարեկամ», «հայասեր» ամբողջ ժողովուրդներ, պետություններ, սուլթաններ, ցարեր, կայսրեր, այլ պետությունների նախարարապետեր, լորդեր, սենատորներ, գիտնականներ, գրողներ, միսիոներներ, լուսանկարիչներ, երգիչներ… Տպավորություն է ստեղծվում, որ հայերիս հավաքական միտքը արձանագրել է մեր մասին ասված բոլոր բարի խոսքերը եւ մեր «սրտի դավթարում» արձանագրված է հայասերների լիակատար ցանկը: Խեղճությունը, օտարամոլությունը, ուրիշի կողմից նկատվելու մարդկային թուլությունը մեր ժողովրդի մի մասի մեջ ներարկել են իրենց քաղաքական առաջնորդ կարծող որոշ եկեղեցականներ ու արվեստի գործիչներ: Ազգային ստրկամտությանը հզոր հարված հասցրեց 88-ին սկսված Ղարաբաղյան շարժումը, որը որպես հիմնարար գաղափարական սկզբունք հռչակեց քաղաքական իրատեսությունը: Ազատության հրապարակում ազդարարվեց. «Ժողովուրդների պատմության մեջ արտաքին գործոնները կարեւոր դեր են կատարում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդը իր հաջողությունների կամ անհաջողությունների պատճառը միայն եւ միայն իրենից դուրս է փնտրում… Ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնելով ուրիշի հովանավորության վրա»: Սրանք տողեր են ՀՀՇ ծրագրից եւ այս սկզբունքներից ելնելով հայ ժողովուրդը միահամուռ «այո՛» ասաց 1991-ի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեին: Միայն ազգային ստրկամտությունից հրաժարումը հնարավորություն տվեց հաղթել ղարաբաղյան պատերազմում, համարձակորեն սկսել ազատական, ժողովրդավարական բարեփոխումները: Սակայն նեոկոմունիստական ռեստավրացիայի ներկա շրջանում փորձ է արվում վերակենդանացնել այդ ստրկամտությունը՝ այն հասցնելով հիվանդագին կասկածամտության աստիճանի: Դրա վառ ապացույցն է այն զգացմունքային ու մակերեսային վերաբերմունքը, որին արժանացավ Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոս Վիլսոնի հարցազրույցը («Նեզավիսիմայա գազետա», 26.6.2001): Ինքնին մեկ երկրում (Ադրբեջանում) հավատարմագրված դեսպանի հարցազրույցը մեկ այլ երկրի (Ռուսաստանի) լրատվամիջոցին՝ տարածված երեւույթ չէ, սակայն պարզ է, որ ամերիկացի դիվանագետը դիմել է այդ ձեւին՝ ընթերցող ավելի լայն շրջանակներին, այդ թվում նաեւ հայերիս իր ասելիքը հասցնելու նպատակով: Ռ.Վիլսոնը առանց դիվանագիտական հնարների հայտնում է, որ դրական է համարում «… Ադրբեջանի տարածքից բոլոր օտարերկրյա պետությունների զինված ուժերի դուրսբերումը» եւ ավելացնում. «… այս կամ այն պետության ղեկավարությունը պետք է մինչեւ իր մոտ օտարերկրյա զորքեր տեղաբաշխելու մասին որոշում ընդունելը շատ լուրջ մտածի»: Նրա կարծիքով, պարզ չէ, թե ինչպես է կատարվում Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին «թեւային» պայմանագրի վերահսկողությունը ԼՂՀ-ի տարածքում: Պատասխանելով լրագրողի հետեւյալ հարցին՝ «Մինչեւ Քի Վեսթի հանդիպումը ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է տեղեկանք, որում Հայաստանը անվանվում է ագրեսոր պետություն, իսկ ղարաբաղյան զինված ուժերը՝ անջատողական: Արդյո՞ք դա Վաշինգթոնի պաշտոնական տեսակետն է», դեսպանը հակիրճ պատասխանում է. «Այո, պետդեպարտամենտի տեղեկանքը արտացոլում է ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետը»: ԱՄՆ-ի դեսպանի հարցազրույցը իրարանցում է առաջացրել աշխարհը «հայանպաստների» ու «ոչ հայանպաստների» բաժանողների շրջանում, նրանք համոզված են՝ քանի որ Հայաստանում ռուսական զորքեր կան տեղաբաշխված, ուրեմն դեսպանը «հակահայկական» դիրքորոշում ունի, քանի որ ադրբեջանցիներն էլ են ԼՂՀ-ի տարածքը համարում անվերահսկելի, ուրեմն նա էլ ադրբեջանցիների պես «չի սիրում» մեզ: Ավելի զավեշտական են այն պարզունակ եզրակացությունները, որ արվում են պետդեպարտամենտի այս տարվա մարտին հրապարակված տեղեկանքի կապակցությամբ: ԱՄՆ-ի պետական քաղաքականության «ակնհայտ հակահայկական բնույթն» հայտնաբերած վերլուծաբանները կարծում են, թե այդ պետության դեսպանը կարող է արտահայտել արտգործնախարարության տեսակետին հակասող մի այլ տեսակետ (երեւի շփոթում են Հայաստանի վարչապետ Ռ.Քոչարյանի հետ, որը 97-ին Փարիզում հայտարարում էր, թե համաձայն չէ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հետ): Մեր համոզմամբ, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի հարցազրույցում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին հակասող որեւէ պնդում չկա: Նա արտահայտել է այն, ինչ հայտնի էր վաղուց: Իրոք, ցանկացած պետություն պետք է լրջորեն կշռադատի իր տարածքում օտարերկրյա զորքեր տեղաբաշխելու հարցը: Հայաստանը դա լրջորեն ծանրութեթեւ է արել եւ ընդունել իր ազգային-պետական շահերից բխող որոշում, որը պաշտպանել է հասարակության ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը: Իրոք, Ադրբեջանը չի վերահսկում ԼՂՀ-ի տարածքը եւ որոշ չկարգավորված պրոցեդուրաներ կան այնտեղ Վիեննայի պայմանագրի կատարումը վերահսկող խմբի կողմից տեսչական ստուգումներ անցկացնելու համար: Ինչ վերաբերում է պետդեպարտամենտի տեղեկանքին, ապա այդտեղ կան տարրեր, որոնք կարելի է գնահատել որպես անհանգստացնող: Սակայն պետական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցները պետք է գիտենան, որ նման դեպքերում մի երկրի արտգործնախարարություն պահանջում եւ մի այլ երկրի նույն գերատեսչությունից ստանում է անհրաժեշտ պարզաբանումներ ու ըստ այդմ ձեռնարկում քայլեր: Սա է պետական կյանքի օրենքը եւ ոչ թե «հայերին չեն սիրում» գոռգոռալը: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել