Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս

Օգոստոս 25,2001 00:00

ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱԿ Թերեւս Երրորդ Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանը պատմության կողմից հենց այսպիսի գնահատականի էլ արժանանա։ Քաջատեղյակ մարդիկ պատմում են, որ Քոչարյանի վարչապետության շրջանում նույնպես դժվար է առանձնացնել որեւէ լուրջ ձեռքբերում. ղարաբաղյան կլանի առաջնորդը ընդամենը ամրապնդել է պալատական խարդավանքների իր իմացությունը, նախանշել ղարաբաղյան մոդելի հայաստանյան դրսեւորումների հեռանկարները։ Եվ եթե Վ. Սարգսյանը 1997-ի վերջին հրապարակավ ընդդիմանում էր նախագահ Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը եւ առաջարկում ճգնաժամի անցնցում հաղթահարման դեղատոմսեր, ապա Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը լռում էին, իսկ ավելի ստույգ՝ նախապատրաստում էին հեռուն գնացող ծրագրեր, որոնք իրենց բովանդակությամբ սահմանադրական հեղաշրջում էին ենթադրում եւ սոցիալական ռեւանշիզմի ու հեղափոխականության դրսեւորումների պատմաշրջանի մեկնարկ։ 1998-ի փետրվարին արդեն խարդավանքների հարուստ զինանոցը սկսեց գործել, ԵԿՄ-ն՝ ի հեճուկս միությունում առկա տրամադրությունների, մասնակցեց Քոչարյանի ծրագրերին, Սահմանադրական դատարանը օրինականացրեց հեղաշրջումը, իսկ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով ազատության մեջ հայտնված դաշնակցական գործիչները «լծվեցին» պետության նոր գաղափարախոսության մշակմանը եւ շրջանառու դարձրին իշխանափոխության փուլային հանգրվանների տեսությունը, որն արդեն 1999-ի հոկտեմբերի 27-ին ունեցավ պրակտիկ կատարողներ։ 1998թ. փետրվարին Վ. Սարգսյանի առաջարկած կայուն զարգացման ծրագիրը բախվեց ղարաբաղադաշնակցական խմբավորման հեղափոխական ու ռեւանշիստական նկրտումներին։ Եվ իշխանափոխությունը, որ կոչված էր ապահովելու երկրի դրական ընթացքը՝ վերածվեց սահմանադրական հեղաշրջման։ Ռ. Քոչարյանի ու Վ. Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին Եվ դա տեղի ունեցավ արդեն 98-ի գարնանը, երբ Ա. Դարբինյանը նշանակեց վարչապետ եւ կառավարության ու արհեստածին «քաղաքական խորհուրդների» միջոցով աննախադեպ քարոզչական կամպանիա ծավալվեց պաշտպանության նախարարի քաղաքական ուղեգիծը սատարող խորհրդարանի դեմ։ Կիսապաշտոնական, կիսադաշնակցական քարոզչությունը պահանջում է իշխանափոխությունը հասցնել տրամաբանական ավարտին։ Այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող, արտահայտության խորքերում հստակ արտացոլված էր Վ. Սարգսյանի քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու մարտահրավեր։ Մինչդեռ, Վ. Սարգսյանը՝ իր հասարակական կառույցներով, երկրի կայունության, ըստ էության, միակ երաշխավորն էր ու, հետեւաբար, նրա նախաձեռնություններն ուղղված էին քաղաքական դաշտի առողջացմանը։ Նման միջավայրի ստեղծման դեպքում հեղափոխականությունը, 19-րդ դարից սերված գավառական գաղափարներն այլեւս կորցնելու էին իրենց դերակատարությունը։ Եվ եթե չստացվեց արյան ծովի վերածել Ստամբուլը, պիտի փորձեին նույն սցենարը կիրառել Երեւանում։ Մանավանդ որ, եկվոր լինելու պատճառով իրական հայրենիքի գինը չէին հասկացել ու սրանց համար երկիրը բաժակաճառային սահմանում ունի։ Ու փույթ չէ, որ հանրությունը չէր կարող ընկալել, թե դուելի երկու մասնակիցներն էլ կարող են վախճանվածի կարգավիճակով դուրս բերվել գլխավոր դատախազի առանձնասենյակից կամ որ, պատերազմի բովով անցած գեներալը երեք տարի մտածել է ինքնասպան լինելու մասին։ Կարեւորը գավառական էլիտայի հետապնդած խնդիրն էր՝ Վ. Սարգսյանին հանել հավասարակշռությունից, պետականության կրողից վերածել Սուրեթ Հուսեյնովի։ Բայց խնդիրը լուծել չկարողացան, որովհետեւ Վազգենը՝ ի տարբերություն իրենց, արմատներով կառչած էր էս հողին, գիտեր իրական հայրենիքի գինը ու գնաց ընտրություններով երկիրը բարեփոխելու ճանապարհով։ Եվ այդ ընտրությունները դարձան Վ. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի քաղաքական երթի ընդհատման վերջին փուլը։ Իսկ բաժանումից հետո, Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը՝ իրենց կուսակցություններով պարտվել էին, որովհետեւ թերագնահատել էին արմատներով հայրենի հողին կպած Հայաստանի քաղաքացուն։ Ոճրագործություն Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմի իշխանությունը՝ իր մեջ պարունակելով երկու պատմաշրջանների քաղաքական հարստությունը, գաղափարական ակունքներում պատկերացնում էր ուժեղ Հայաստան։ Այդ դաշինքի հիմքում ստեղծագործ աշխատանքը պաշտպանելու բարի ձգտումն էր, տնտեսական բարեկեցությունը եւ ոգեղեն արժեքը ներդաշնակելու մղումը։ Ի տարբերություն զարգացման հեռանկար պարունակող այս ձգտումների, թուլացած նախագահամերձ իշխանության քաղաքականության հիմքում ռեւանշիզմի ձգտումն էր։ Երկրաքանդ այս մտայնության ծնունդ էր նաեւ Հունանյանի ոճրագործների խումբը։ Եվ պատահական չէ, որ Ռ. Քոչարյանի երկամյա պաշտոնավարումը, պոպուլիստական եւ ռեւանշիստական գաղափարները ծնեցին ահաբեկչություն։ Ու պատահական չէ, որ ահաբեկիչների իրականացրած քաղաքական հեղաշրջումը հատկապես անսահմանափակ դարձրեց այն ուժերի իշխանությունը, որ գալով դրսից՝ չհասկացան այս երկիրն ու ժողովրդին։ Հասցեագրվող մեղադրանքը քրեական կամ իրավական չէ (դրա իրավասուն դատարանն է), քաղաքական է։ 1998-ից իշխանափոխության տրամաբանական ավարտի մասին խոսող Ռ. Քոչարյանն ու դաշնակները՝ հոկտեմբերի 27-ով, հասել են կատարյալ իշխանության եւ այլեւս որեւէ պարտավորություն չունեն Վ. Սարգսյանի առաջ։ Հիմա պարտավորությունը միայն օտարի եւ Ն. Հունանյանի հանդեպ է, սակայն ժողովուրդը, որն, ի դեպ, շարունակում է հավատալ կառուցելու եւ պաշտպանելու արժեքներին, անհրաժեշտություն ունի համոզվելու, որ օրվա իշխանությունն ու ոճրագործները նույն գաղափարին չեն ծառայել։ Ունեք բոլոր հնարավորություններն ապացուցելու՝ ապացուցեք, եթե իսկապես անմեղ եք։ Հակառակ դեպքում՝ հեռացեք, որովհետեւ պատմությունը հուշում է, որ մեր ժողովուրդը օտարի իշխանություն չի սիրում, իսկ ավելի շատ մեր գենետիկ աշխատասիրությանը անհարիր են խարդավանքներն ու դավադրությունները։ Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել