Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս

Օգոստոս 25,2001 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ 98-Ը Վերջերս Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը երկնագույն եթերից հավաստիացրեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններն այս փուլում երբեք այնքան բարենպաստ պայմաններում չեն եղել, որքան այսօր են: Բայց այդ, ըստ պարոն Օսկանյանի, բարենպաստ պայմանները նախկին իշխանություններն ու նրանց քարոզչամիջոցները, չգիտես ինչու, միայն սեւ գույներով են ներկայացնում: Չուզողություն: Բայց սա ամենը չէ: Վ.Օսկանյանը վստահեցրեց, թե «նախկին» իշխանությունների կողմից իրեն, իր գլխավորած գերատեսչությանը եւ երկրի նախագահին ուղղված քննադատությունը ծիծաղ է առաջացնում, որովհետեւ քննադատության թիրախ դարձած բոլոր հարցերի «հիմքերն ու աղբյուրները գնում են հենց այն ժամանակաշրջանը, երբ նրանք («նախկինները»-Ն.Մ.) էին վարում Հայաստանի արտաքին քաղաքականությունը»: Ապա պարոն Օսկանյանը թվարկեց այն բոլոր, ըստ իրեն, ձախողումները, որոնք ժամանակին թույլ են տվել նախորդներն, ու որոնց պատճառով Հայաստանն այսօր ԼՂ կարգավորման համատեքստում հայտնվել է անբարենպաստ պայմաններում: Մինչեւ դրանց հերթական թվարկումն ու հերքումը, նախ անդրադառնանք այն փաստին, որ «նախկիններին» այսօր դատափետող պարոն Օսկանյանը վերջիններիս օրոք եղել է ԱԳՆ նախարարի առաջին տեղակալն ու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվ դերակատարը, նաեւ Լիսաբոնի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վարողը: Մինչեւ 98-ի իշխանափոխությունը չի եղել որեւէ փաստ, երբ պարոն Օսկանյանը դեմ արտահայտված լինի «նախկինների» վարած արտաքին քաղաքականությանը, քննադատած լինի այն, կամ այդ քաղաքականության սխալ լինելու պատճառաբանությամբ ու «նախկինների» հետ սկզբունքային անհամաձայնության հողի վրա զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրած լինի: Սա, իմիջիայլոց՝ իբրեւ պարոն Օսկանյանի կոմպլեմենտար եւ ոչ կենվենցիոնալ քաղաքականության անձնական դրսեւորման վառ օրինակ: Անդրադառնանք փաստերին՝ պարոն Օսկանյանի եթերում նշած հերթականությամբ: Վերջինս հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման իմաստով Քոչարյան-Ալիեւ Ժնեւյան հանդիպման ձախողումից հետո եւս Հայաստանի դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը չի փոխվել, ու նույն պահին էլ հայտարարեց. «Մենք պետք է խոսենք ոչ թե 2000-2001թթ. մասին, այլ գնանք 1988 թվական, երբ ԼՂ ժողովուրդը փորձեց խաղաղ ճանապարհով ինքնորոշվել: Մենք պետք է խոսենք 92-ի մասին, երբ Ադրբեջանը փորձեց ռազմական լուծում տալ խնդրին եւ բոլորովին արհամարհեց ԼՂ ժողովրդի պահանջները»: Ապա Վ.Օսկանյանն ավելացրեց, թե հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հարկ է, որ «Ադրբեջանը հաշվի առնի առկա պատմական եւ իրավական գործոնը, նաեւ արդեն 10 տարի գոյություն ունեցող իրականությունը, միջազգային միտումներն ու զարգացումները»: Նախ Վ. Օսկանյանը, մեղմ ասած, մոռանում է, որ հակամարտության լուծման իմաստով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը սեղանի վրա է եղել մինչեւ 98-ը՝ հատկապես «նախկինների» օրոք, որը սրբագրվեց 98-ից եւ իր ԱԳ նախարար դառնալուց հետո, երբ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, որին, ի դեպ, մեծ ջանքերի գործադրմամբ մասնակից էր եղել 94-ից մինչեւ 98-ը, եւ միաժամանակ ԼՂ հակամարտությունը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքից վերափոխվեց Ադրբեջան-Հայաստան տարածքային վեճի: Ողջունելի է, իհարկե, որ Օսկանյանն ու երկրի արտաքին քաղաքականության ուղեգիծը թելադրող նախագահը վերջապես գիտակցել են սեփական քաղաքականության սնանկությունն ու անհեռանկարայնությունը եւ այսօր փորձում են վերադառնալ հիմնախնդիրը ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա լուծելու անհրաժեշտությանը: Մնում է, թերեւս, որ Օսկանյանն ու նախագահ Քոչարյանը հասկանան, որ բանակցություններում առաջին պլան պետք է մղել ոչ թե Հայաստանը, այլ հենց ԼՂ-ն, քանի որ հատկապես նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է խոսքը: Ամեն դեպքում այդ ամենի մասին 98-ից հետո բազմիցս խոսել է մասնավորապես Դավիթ Շահնազարյանը եւ կոչ է արել հրաժարվել խնդրի կարգավորման անհեռանկարային՝ «Փաթեթային» տարբերակից եւ վերադառնալ փուլային կարգավորմանը: Մի փոքր հույս կա, Օսկանյանը ուշացումով, բայց դրա անհրաժեշտությունն էլ կգիտակցի: Վ.Օսկանյանն իր «տիտանական ջանքերի» շարքում թվեց «նախկին» իշխանությունների օրոք, 1996 թ. լիսաբոնյան սկզբունքների դեմ մինչ օրս մղվող պայքարը: «Դա երեւի թե մեր դիվանագիտության, այսպես, ամենացածր հարթակն էր: Եվ ես պետք է ասեմ, որ մեծ հաջողությամբ մենք դա կարողացել ենք հաղթահարել 98-ից հետո»,- հիշում է Օսկանյանը, որն այս պարագայում, մեղմ ասած, անկեղծ չէ հենց ինքն իր հետ: «Մենք հասանք մեր նպատակին: Վերջնական փաստաթղթում տեղ չգտավ այն որոշումը, որին Ադրբեջանը վերջին երեք ամիսներին ուժգին ձեւով ձգտում էր հասնել»,- Լիսաբոնյան գագաթաժողովից հետո «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում արձանագրել է Վ.Օսկանյանը՝ դրական գնահատելով Լիսաբոնում տեղի ունեցած «դիվանագիտական դրամատիկ մարաթոնը»: Ավելի ուշ, արդեն Լոս Անջելեսում «AIM» ամսագրին տված հարցազրույցում նույն Օսկանյանը հայտարարել է. «Այդ հայտարարությունը պարտադիր չէ (նկատի ունի ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը, ուր ամրագրված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ-ի բարձր ինքնավարություն ունենալու հանգամանքը) եւ կնկատի մեր հաղթանակը: Մեր հաղթանակն էր նաեւ այն, որ միջազգային համայնքի առջեւ մենք կարողացանք ըսել, թե ինչ բան անընդունելի էր Հայաստանին համար»: Խոստովանենք՝ դժվար է կողմնորոշվել, թե 2001-ին եւ 96-ին արած իրար հակասող այս հայտարարություններում երբ է Օսկանյանն ավելի անկեղծ եղել: Ինչ վերաբերում է Լիսաբոնին, ապա նույն Օսկանյանը, իբրեւ ՀՀ ԱԳ առաջին փոխնախարար, 96-ի հունվարից սկսած գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո: Նրանց գլխավորած պատվիրակության քննարկած հարցերն էլ, ի դեպ, տասներորդական չեն եղել. հակամարտության կարգավորման համաձայնագրի կնքում (հունվարի 9-13, 96թ. Մոսկվա), հակամարտող կողմերի բաժանարար սահմանագծերի եւ ԼՂ ապագա սահմանները պատկերող համակարգչային քարտեզների քննարկում (մարտի 26, 96թ., Մոսկվա), ուժերի ետքաշման մեխանիզմների մշակում, Լաչինի եւ Շուշիի ապառազմականացում (հուլիսի 14, 96թ., Մոսկվա), գրավյալ տարածքներից ետքաշումների գրաֆիկի քննարկում (հուլիսի 1-5, 96թ., Մոսկվա) եւ այլն: Բացի այդ, Օսկանյանը «նախկինների» օրոք եղել է այն 6 անձանցից մեկը, որոնք կատարելապես տիրապետել են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին: Հարց է առաջանում. ինչու նա ժամանակին չի ընդվզել այն բացթողումների ու սխալների դեմ, որոնց մասին միայն այսօր է խոսում: Օսկանյանը, թերեւս, հույսը դնելով հասարակության վատ հիշողության վրա, փորձում է խորամանկել, թե լիսաբոնյան սկզբունքները, մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, հաղթահարվեցին՝ իր նոր գաղափարախոսության՝ հակամարտության ոչ կոնվենցիոնալ մոտեցման շնորհիվ, որի արդյունքում առաջարկվեց «Ընդհանուր պետության» գաղափարը: Ու թեեւ դա էլ դրական արդյունք չտվեց, բայց՝ «Դրա ամենադրական արդյունքն այն եղավ, որ լիսաբոնյան սկզբունքներն ընդհանրապես հրապարակից հանվեց, եւ դրա մասին այսօր ոչ ոք չի խոսում»: Մեծագույն ապատեղեկատվություն, որը ստիպված ենք վերստին հերքել՝ մեջբերելով այդ նույն «Ընդհանուր պետության» տարբերակում առկա հետեւյալ արձանագրությունը. «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Հայտնի է, որ միջազգայնորեն ճանաչվածը Ադրբեջանի այն տարածքն է, որը ԼՂ-ի հետ միասնական տարածք է կազմում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվելու էր: Մինչդեռ նույն Լիսաբոնի գագաթաժողովում բոլոր կողմերից ճնշումների ենթարկվող Հայաստանը մեծագույն ճիգեր՝ ընդհուպ մինչեւ երկու վետո էր գործադրել՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս հայտարարող փաստաթղթերը կասեցնելու համար: «Մեր խորին համոզմամբ, ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում ԼՂ բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը: Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության փորձն ամենայն ակներեւությամբ ցույց են տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել: Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»,- իր ելույթում ասել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Ավելի ուշ, ի պատասխան ԵԱՀԿ նախագահի հայտարարության եւ դրա վրա վետո դնելով՝ առաջին նախագահը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ. «Այդ հայտարարությունը կանխորոշում է ԼՂ կարգավիճակը, ինչը հակասում է այդ հարցը Մինսկի համաժողովի իրավասությանը դասող 1992թ. ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմանը»: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի այն բանաձեւերին, որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի համար, ապա Օսկանյանը թյուրիմացաբար պնդում է, թե դրանք ընդունվել են 92-93 թվականներին: Իրականությունը սակայն այն է, որ 92-ին ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ չի ընդունվել: Վկայակոչվող բոլոր 4 բանաձեւերն էլ թվագրված են 93 թվականով՝ թիվ 822 բանաձեւը՝ ապրիլի 30-ով, 853-ը՝ հուլիսի 29-ով, 874-ը՝ հոկտեմբերի 14-ով եւ 884-ը՝ նոյեմբերի 12-ով: Սակայն գլխավորն այն է, որ այսօր ոչինչ չի խանգարում Օսկանյանին՝ ջանքեր գործադրել դրանք հաղթահարելու համար: Վերոհիշյալ բանաձեւերի մասին խոսելիս, պարոն Օսկանյանը, թերեւս, մոռացավ հիշել, որ նույն այդ բանաձեւերի ընդունման ժամանակ եւս Հայաստանը դիվանագիտական նվաճում էր արձանագրել: Խոսքը մասնավորապես 822 բանաձեւի մասին է, որտեղ նշված է, որ Արցախում ազատագրական պայքար են մղում եւ տարածքներ են գրավում ոչ թե հայաստանյան, այլ՝ տեղական հայկական ուժերը, ինչը թույլ էր տվել խուսափել Հայաստանը ագրեսոր ճանաչելու վտանգից: Եվ ամենակարեւորը. «նախկինների» բացթողումն, ամենեւին էլ չի կարող արդարացում լինել վերջիններիս սխալները կրկնելու եւ խորացնելու համար: Վ.Օսկանյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե 94-ից սկսած ՄԱԿ-ի տարեկան բանաձեւերում ԼՂ-ն նշվում է իբրեւ Ադրբեջանի մաս: «Եթե դրանք սխալ էին, խնդրեմ, այն ժամանակ թույլ չտային («նախկինները»-Ն.Մ.), որ այդ բանաձեւերն անցնեին, ոչ թե այսօր մեղադրեին մեզ, որ մենք թույլ ենք տալիս այդ բանաձեւը տարեցտարի ընդունվի եւ այդ հղումը կոնկրետ այդ ձեւակերպմանը այդ փաստաթղթում մնա»,- ասում է Օսկանյանը՝ համեստաբար լռելով, թե ինչպես է պատահել, որ Հայաստանին հաղթական երկնակամար դուրս բերած իր ոչ կոնվենցիոնալ քաղաքականությունը շրջանցել եւ չի ուղղել այդ բացը: Եվ վերջինը. պարոն Օսկանյանը շատ ծանր է տանում, երբ իր հասցեին մեղադրանք է հնչում մասնավորապես Եվրոպական նախարարների տրանսպորտի համաժողովում Հայաստանի պասիվ դիրքորոշման համար. «Մոռանում են, որ Ադրբեջանն այդ կազմակերպության անդամ է դարձել 97-ին: Եթե այդ օրերին մենք արթուն լինեինք, Ադրբեջանի հետ միաժամանակ կամ նրանից առաջ կմտնեինք այդ կազմակերպություն»: Հարց է առաջանում. եթե ԱԳ նախարարը քնած է եղել, ապա ինչո՞վ էր զբաղված 97-ին ԱԳՆ նախարարի առաջին տեղակալ Վ.Օսկանյանը, եւ ո՞րն էր նրա առաքելությունն այդ նախարարությունում: Թերեւս նա այդ ժամանակ է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության այն նոր՝ «կոմպլեմենտար», ու սնանկ գաղափարախոսությունը, որով երբեք չէր կարող պարծենալ յուրային «նախկինների» օրոք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել