Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՃԱՆԱՉԵՆ, ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ

Օգոստոս 25,2001 00:00

ԿՃԱՆԱՉԵՆ, ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ Արդեն երեք օր է, ինչ մայրաքաղաք է ժամանել Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադամ Շիֆը պատմեց իր այցելության նպատակների եւ արդյունքների մասին։ Կոնգրեսմենը հավաստեց, որ իր այցը Հայաստան պատահական չէ, որ ինքը Կալիֆոռնիա նահանգի Սենատում, չորս տարի անընդմեջ Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հուշագրերի օրինագծերի համահեղինակ է հանդիսացել, որ իր գործունեության շնորհիվ Ցեղասպանության զոհերի ժառանգորդներին հնարավորություն է տրվում Կալիֆոռնիայի դատական մարմինների միջոցով պահանջել ապահովագրական ընկերություններից վճարել իրենց ապահովագրած գումարները, որ ինքն աջակցել է 500.000 ԱՄՆ դոլարի հայթայթմանը, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանվի (նկարահանված է)։ Նաեւ Հայաստանում ստեղծվել է Կալիֆոռնիայի առեւտրի գրասենյակ, որը նպաստելու է հայ-ամերիկյան առեւտրային կապերի զարգացմանը։ Ադամ Շիֆն իր եռօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ այլ պետական այրերի, ինչպես նաեւ ԼՂՀ ղեկավարության հետ։ Սակայն հանդիպումներից ոչ մի մանրամասն չհայտնեց։ Նա իր անհանգստությունը հայտնեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի համագործակցության վերաբերյալ. «Նրանց օրակարգում բացակայում էր Հայոց ցեղասպանության հարցը։ Չգիտեմ՝ միտումնավո՞ր է դա, թե՞ պատահական, սակայն էլ որն է համագործակցության իմաստը, իսկ սա կհանգեցնի Ցեղասպանության ճանաչման խափանմանը, քանի որ ԱՄՆ-ը կասի, որ եթե հայերը եւ թուրքերը իրար հետ բանակցում են եւ համաձայնության են գալիս, ապա մենք ի՞նչ իրավունք ունենք խառնվել»։ Պրն Շիֆն ասաց, որ պետական մասշտաբով համագործակցություններ պետք է լինեն, սակայն դրանք պետք է լինեն ի նպաստ հայ ազգի։ Նա ավելացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել