Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՇԽԱՏՈՂԸ

Օգոստոս 25,2001 00:00

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՇԽԱՏՈՂԸ Լոս Անջելեսի հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղի հյուպատոսությունը բյուջեի սղության պատճառաբանությամբ կրճատել է իր աշխատակազմի աշխատավարձը, որի հետեւանքով շատերը հարկադրված հեռացել են։ Սակայն որոշ ժամանակ անց Լոս Անջելեսի հյուպատոսարանի տեխնիկական օգնականի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Շաքարյանի դուստրը՝ Արմելլա Շաքարյանը, որի աշխատավարձը անհամեմատ բարձր է։ Ռուբեն Շաքարյանի պատվերով Արմելլա Շաքարյանին հյուպատոսը ապահովել է երեք սենյականոց բնակարանով, ավտոմեքենայով, բջջային հեռախոսով եւ այլ «անհրաժեշտ» պարագաներով։ Իսկ պարոն Շաքարյանը նախատեսում է հաճախակի այցելություններ դստերը, որի համար գումարներն արդեն տրամադրված են։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը չհերքեց վերը նշված տեղեկությունը, այլ ցանկացավ այն մանրամասն պարզաբանել։ Վերջինիս հավաստմամբ, Ռուբեն Շաքարյանի դուստրը եղել է իրենց գործող աշխատակիցը, որը գործուղվել է Լոս Անջելես՝ հյուպատոսարանում դիվանագետ աշխատելու։ «Արմելլա Շաքարյանը հյուպատոսարանի աշխատողներից նրանով է առանձնանում, որ մեր պետությունը պարտավորվում է մեր դիվանագետին ապահովել ե՛ւ բնակարանով, ե՛ւ ավտոմեքենայով, ե՛ւ այլ անհրաժեշտ պարագաներով։ Իսկ հյուպատոսարանում տեխնիկական կամ վարչական աշխատողը, համաձայն կառավարության որոշման, նման առավելություններ չունի։ Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա մեր կառավարությունը սահմանում է որոշ տոկոսաչափեր, իսկ հյուպատոսը աշխատավարձի բաժանումը կատարում է համաձայն այդ տոկոսաչափերի»,- ասաց Ձ. Աղաջանյանը։ Հետո պարզաբանեց, որ եթե կառավարությունը նախատեսել է, ենթադրենք, 5.000 ԱՄՆ դոլար, ապա հյուպատոսը իրավասու է այդ գումարի սահմանում աշխատանքի ընդունել 10, 20 կամ 30 աշխատող եւ ցածր վարձատրել, կամ ընդունել մեկ աշխատող եւ այդ ամբողջ գումարը տալ այդ աշխատողին։ «Դա կախված է նրանից, թե որքանով է հյուպատոսը կարեւորում տվյալ աշխատողի աշխատանքը»,- ասաց Ձ. Աղաջանյանը։ Ելնելով վերը նշվածից, հյուպատոսը հավանաբար անչափ կարեւորել է Արմելլա Շաքարյանի աշխատանքը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել