Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում բազմաթիվ են այնպիսի դրվագները, որոնք այժմ հրապարակելը կխոցեր տվյա

Օգոստոս 25,2001 00:00

Մրից՝ մրջուրը «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում բազմաթիվ են այնպիսի դրվագները, որոնք այժմ հրապարակելը կխոցեր տվյալ անձանց արժանապատվությունը։ Մարդիկ անկեղծ են եղել եւ առանց փորձելու հերոս ներկայանալ՝ ցուցմունքներում պատմել են, թե ինչպես են «պո-պլաստունսկի», սողեսող դուրս փախել դահլիճից, դեռ էլի շարունակել սողալ, պատուհանից թռել, տանիքների վրայով վազել, թաքնվել օդափոխիչ սարքի մեջ, մեքենայում եւ այլն։ Բայց այս պատմությունների մեջ ամենաարտառոցը Ժիրայր Գեւորգյանի հետ պատահածն է, որի մասին նա վկայել է 1999-ի դեկտեմբերի 6-ի հարցաքննության ընթացքում։ Նա նստած է եղել կառավարության շարքում եւ Լեոնարդ Պետրոսյանի վրա կրակոցներից հետո զգացել է, որ գլխից արյուն է հոսում. «Նայեցի, որ լուրջ վիրավորված չեմ, քանի որ գլխիս արյունն առաջացել էր նստարաններից պոկված փայտերից՝ դրանք 6-7 տեղով ծակել էին գլուխս»։ Այդ վիճակում պառկել է. «Ընկել էի Պավել Ղալթախչյանի մեջքին, իսկ իմ վրա՝ Միսակ Մկրտչյանն էր»։ Ի վերջո, Դերենիկ Բեջանյանը Ժիրայր Գեւորգյանին կարգադրել է, որ դուրս գա դահլիճից եւ տեղեկացնի շենքում եղած մարդկանց, որ հեռանան շենքից, այլապես կգնդակահարեն դահլիճում բոլոր ներկաներին. «Ես մի կերպ աստիճաններից ուզում էի իջնել ներքեւ՝ դեպի միջանցք, երբ այդտեղ տեսա հավաքված մի խումբ մարդկանց։ Մեկ էլ գոռացին՝ ձեռքերդ վերեւ։ Ես ձեռքերս վերեւ բարձրացրած իջա ներքեւ, որտեղ ինձ ստուգեցին եւ ստուգումից հետո զենքի ոչ մի տեսակ չհայտնաբերելուց հետո մի քանիսը սկսեցին գոռգոռալով հարցեր տալ իմ ով լինելու մասին։ Ես հասցրեցի հետեւյալն ասել, որ բոլորին կգնդակահարեն, բայց չթողեցին նույնիսկ ասել՝ ինչի համար եմ ես դուրս եկել։ Հասցրեցի նաեւ ասել (իրենց հարցից հետո), որ ես «Միասնություն» դաշինքից եմ, ԱԺ պատգամավոր Ժիրայր Գեւորգյանն եմ։ Դրանից հետո նրանք հայհոյեցին եւ դրանցից մեկը՝ կլոր դեմքով, սպիտակախառն մազերով եւ թիկնեղ մի մարդ, սկսեց ինձ խփել աջից-ձախից, ինչքան հնարավոր էր, ինչպես հնարավոր էր։ Ես միայն մի բան ասացի, որ ես մեռնեմ էլ՝ ոչինչ, Վազգենին նայեք, կարող է դեռ կենդանի լինի… Եվ այդպես մի քանի անգամ եւ մի քանի րոպե խփելուց հետո սկսեցին հարցեր տալ։ Ես մի կերպ ասացի բժիշկների պահանջի մասին»։ Ժիրայր Գեւորգյանին միջանցքում պահել էին 15-20 րոպե։ Ավելի ուշ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Հարցաքննության ընթացքում՝ «Ասացեք, ո՞վ է Ձեզ հարվածել եւ ինչո՞ւ», պրն Գեւորգյանը խուսափողական պատասխան է տվել. «Չէին պատկերացնում, թե ներսում ինչ է կատարվում եւ չթողեցին, որ ես խոսեմ եւ չգիտեմ՝ ով է ինձ հարվածել»։ Սակայն հայտնի է (եւ նկարագրությամբ էլ համապատասխանում է), որ ահաբեկիչների փոխարեն պատգամավորի վրա այդպես հարձակվել էր ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանը (հայտնի մականունով)։ Իսկ ամենաուշագրավ մանրամասնի մասին այդ հարցաքննության ընթացքում Ժիրայր Գեւորգյանն ընդհանրապես նախընտրել էր լռել եւ չէր որոշակիացրել, թե որն էր այն հարցը, որից հետո իրեն հայհոյել եւ սկսել էին խփել։ Մինչդեռ հարցը շա՜տ խորհրդանշական էր. «Միասնությունի՞ց» ես»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել