Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում գտնված պատգամավորների համար միանշանակ էր այն հարցի պատասխանը,

Օգոստոս 25,2001 00:00

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՐԱՑԱԾՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄԸ Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում գտնված պատգամավորների համար միանշանակ էր այն հարցի պատասխանը, թե արդյոք ահաբեկիչները միայն այդ 5-ն են։ Կարդացեք դեպքից կարճ ժամանակ անց տված այս վկայությունները՝ համոզվելու համար, որ պատասխանը բացասական է։ Վազգեն Խաչիկյանի դեկտեմբերի 6-ի ցուցմունքից. «Զանգելու ժամանակ սկզբնական շրջանում խմբի անդամները հայտնում էին, որ իրենք հանձնարարությունը մինչեւ վերջ են կատարել եւ ոչ միայն կրակել են, այլ նաեւ ստուգողական կրակոցներ են արձակել»։ Գեւորգ Դավթյանի դեկտեմբերի 7-ի ցուցմունքից. «Դեպքից 1-1,5 ժամ հետո ահաբեկիչներն իրենց ծրագիրը կատարած, ավարտած էին համարում եւ մտահոգված էին միայն իրենց անվտանգության ապահովմամբ… Տպավորություն ստեղծվեց, որ ահաբեկիչներն ուզում են իշխանափոխություն անել, մարդկանց էին կանչում, հնարավոր քվեարկության մասին էին խոսում… Ես կարծում եմ, որ նրանց հետեւում հզոր ուժեր էին կանգնած, քանի որ նրանք շատ ինքնավստահ էին եւ նման չէին մի խումբ երիտասարդների, որոնք իրենց գլխի ինչ-որ բաներ էին անում»։ Ժիրայր Գեւորգյանի դեկտեմբերի 6-ի ցուցմունքից. «Դատելով նրանց գործողություններից, պարզ երեւում էր, որ նրանք դահլիճում սպանություններ կատարելուց հետո ինչ-որ մարդկանց էին սպասում։ Եվ ես ամեն րոպե սպասում էի, որ ահաբեկիչների գործողություններն ուր որ է ստանալու են շարունակություն՝ այլ ուժերի միջոցով։ Սակայն նման բան տեղի չունեցավ եւ ահաբեկիչներն իրենց հետագա գործողությունները շարունակել են հանպատրաստից՝ ըստ իրավիճակի»։ Արմեն Հակոբյանի դեկտեմբերի 24-ի ցուցմունքից. «Ես Դերոյին ասացի. «Ա՛յ տնաշեն, էս ինչ էր ձեր արածը», նա ուսերը թափ տվեց եւ ասաց. «Հիմա, որ դու էլ բան ասես՝ ես պատասխան չեմ տա, որովհետեւ ես զինվոր եմ եւ կատարում եմ իմ գործը»։ (Համանման պատասխան Դերենիկ Բեջանյանը տվել էր նաեւ Վազգեն Խաչիկյանին եւ Գեւորգ Դավթյանին, թե իրենք միայն զինվորներ են եւ իրենց գործը հրաման կատարելն է.- Ա. Ի.)։ Նապոլեոն Ազիզյանի նոյեմբերի 7-ի ցուցմունքից. «Իմ կարծիքով, այդ տեռորիստները ցանկանում էին հեղափոխություն անել եւ այդ նպատակով էլ նպատակային կարգով սպանեցին կառավարության ղեկավարին, ԱԺ նախագահին եւ տեղակալներին։ Ես կարծում եմ, որ նրանց հետեւում ուժեր կան կանգնած՝ նրանց կազմակերպող եւ ուղղություն տվող, որոնց նրանք սպասել են դահլիճում իրենց սպանդն իրագործելուց հետո, սակայն թե այդ ինչ ուժեր են, ես չեմ կարող ասել։ Ենթադրում եմ միայն, որ այդ ուժերին ձեռք չէր տալիս «Միասնություն» դաշինքի եւ նրա ղեկավարների ձեռնարկած քաղաքականությունը»։ Անդրանիկ Մարգարյանի նոյեմբերի 8-ի ցուցմունքից. «Իմ տպավորությամբ, նրանք սկզբում այնպես էին պահում իրենց, որ դրսից կգան օգնության, ինքնավստահ էին։ Մտածում էին, որ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կօգնի իրենց։ Բայց դա չէր միակ օգնությունը, որ նրանք սպասում էին։ Ցավոք սրտի, նրանց խոսակցություններից չեմ կարող եզրակացնել, թե ինչ ուժեր, բայց նման սպասում կար»։ Վարդգես Մաթեւոսյանի նոյեմբերի 10-ի ցուցմունքից. «Ես, որպես դեպքին ականատես՝ հասկացա մի բան, որ ահաբեկիչների նպատակը վարչապետին եւ ԱԺ-ի ղեկավարությանը վերացնելն էր, որը կատարեցին։ Նրանց վարքագծից երեւում էր, որ նրանք ինչ-որ ուժերի ու մարդկանց են սպասում, սակայն այդպես էլ ոչ ոք չեկավ»։ Արմեն Մխիթարյանի նոյեմբերի 11-ի ցուցմունքից. «Իմ տպավորությունն այն էր, որ տեռորիստներն ինչ-որ ուժերի էին սպասում, մի բան սպասում էին, նրանք ժողովուրդ էին պահանջում։ Նրանք այնքան ինքնավստահ էին իրենց վրա սկզբում, որ տպավորություն էր ստեղծվել, թե մեծ ուժ կա նրանց թիկունքին, հետո միայն նրանք սկսեցին ընկճվել»։ Վիկտոր Դալլաքյանի նոյեմբերի 10-ի ցուցմունքից. «Ահաբեկիչները մարդկանց սպանդը կատարելուց հետո կարող էին շատ հանգիստ, անարգել դուրս գալ ԱԺ դահլիճի զուգահեռ ֆոյեով, որը լրիվ անպաշտպան էր, բայց քանի որ նրանք անընդհատ դրսից օգնության էին սպասում իրենց ծրագրի երկրորդ մասն իրականացնելու համար, որը ես գնահատում եմ որպես պետական հեղաշրջման փորձ, ուստի, նրանք համբերատար սպասում էին օգնության… Վռամն ինձ անկեղծ պատասխանեց, որ քիչ հետո դահլիճ կմտնեն մեծաքանակ զինյալներ եւ ժողովուրդ, որոնք վաղուց դրսում սպասում են եւ Ազգային ժողովը կսկսի իր նիստը»։ Կարելի էր եւ շարունակել մեջբերումները՝ ապացուցելու համար, որ այդ օրը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնված պատգամավորների համար երկրորդ կարծիք չի եղել, որն այժմ սողացող կերպով սերմանվում է եւ համառորեն փորձում են հերքել, թե այդ հնգյակը միայնակ չէր։ Անհայտ է՝ մեջբերված ցուցմունքներից քանիսի՞ հեղինակներն այժմ կպնդեն, թե կազմակերպիչներ չկային եւ իրենց միայն թվացել է, որ ահաբեկիչներն ինչ-որ օգնության են սպասում։ Համենայն դեպս, այն ժամանակ էլ փորձեր եղել են այսպես ներկայացնել, որ եթե օգնություն լիներ էլ, ապա դա, ամենայն հավանականությամբ, տարերային օգնություն պիտի լիներ՝ ոչ կազմակերպված։ Այսպես, նոյեմբերի 9-ի իր ցուցմունքում այդ օրը նիստերի դահլիճում չգտնված Վահան Հովհաննիսյանն ընդունելով, որ «պարզ տեռորիստական ակտ սա չէր» եւ «ըստ ամենայնի, ինչ-որ բանի սպասում էին», գրում է. «Կարող էին սպասել կազմակերպված օգնության կամ տարերային։ Վերջինս չեմ բացառում երկու պատճառով. ահաբեկիչներին կուրացրել էր այնպիսի ատելություն, որ նրանք կարող էին մտածել, որ այդ ատելությունը կիսում են թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ բանակի որոշ զորամասեր»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել