Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնական» մի պատասխանի մասին

Օգոստոս 24,2001 00:00

«Պաշտոնական» մի պատասխանի մասին «Առավոտ» ներկայացրած Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի «պաշտոնական» պատասխանին (կապված 16.08.2001թ. «Խնայեցեք տղամարդկանց, հատկապես դպրոցի տնօրեններին» հրապարակման հետ) կարելի էր եւ չարձագանքել, քանզի այն հեռու էր պաշտոնական համարվելուց։ Մարզպետը, ըստ երեւույթին, տեղը չի բերում, որ այն պետք է ստորագրված լինի, կնքված, համարակալված, ամսաթվով, բլանկի վրա։ Բայց որպեսզի այս նույն մարզպետը չասի, թե «կիսաճշմարտություն» է տպագրվածը եղել, որի արդյունքում անհետանում է ճշմարտությունը», հասկանալու փորձ անենք, թե ի՞նչ է գրում։ «Լոռու մարզպետի ծրագիրը եղել եւ մնում է մեկը՝ ոմն «խաչագողի» ձեռքից ետ վերցնել 64 մլն դրամ արժողությամբ դպրոցական շենքը, որը նախկին տնօրենն անօրինական ճանապարհով փորձել էր հասարակական կազմակերպության քողի տակ սեփականաշնորհել 8 մլն դրամով»։ «Խաչագող» ասելով, ընթերցողին տեղեկացնեմ, նա նկատի ունի թիվ 1 դպրոցի տնօրեն (նախկին) Գագիկ Աթաբեկյանին, որը գիտության եւ կրթության նախարարության կողմից ճանաչվել է «տարվա լավագույն տնօրեն»։ Եվ որեւէ մեկին, այդ թվում՝ մարզպետին, թույլ չի տրվում «խաչագող» անվանել քաղաքացուն, քանի դեռ դատարանով վերջնականապես չի ճշտված կողմերից որեւէ մեկի «խաչագող» լինելը (նկատի ունեմ 3 դատական ատյանները)։ Մարզպետը իրեն դատախազի գործառույթներ է վերագրում, հայտարարելով, թե «նախկին տնօրենն անօրինական ճանապարհով փորձել էր…»։ «Հոդվածում նշված ուսումնական մասնաշենքը նաեւ երջանկահիշատակ Գարեգին Ա-ի ներդրումով է կառուցվել դպրոցականների համար,- գրում է նա (այդ մասին իզուր է գրում, քանզի մենք տեղեկացրել էինք եւ հրապարակել Գարեգին Ա-ի բարեմաղթանքն անգամ) եւ շարունակում,- այլ ոչ թե որեւէ անձի սեփականաշնորհման համար»։ Անձը նախկին տնօրենն է, որը հաստատ դպրոցական շենքը որեւէ այլ տեղ տանելու մտադրություն չի ունեցել եւ եթե անձին՝ նախկին տնօրենին, արգելված է սեփականաշնորհել կրթահամալիրը, արգելվում է եւ ձեզ՝ հարգարժան մարզպետ, չէ՞ որ դուք եք գրում. «կառուցվել է դպրոցականների համար»։ «Արդեն կա Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի որոշումը Վարդանանց թիվ 100 շենքի համար, այն է՝ անվավեր ճանաչել պետական կադաստրի կողմից Գ. Աթաբեկյանին տրված սեփականության իրավունքի վկայագիրը եւ շենքը սեփականության իրավունքով հանձնել Լոռու մարզպետարանին։ Այս է իրականությունը։ Խնդրում եմ ձեզ թյուրիմացություններից խուսափելու համար թղթակիցներին առաջարկեք տեղեկություններ քաղել շահագրգիռ բոլոր կողմերից»։ Իրականությունն այն է, որ մեր հրապարակումը տպագրվել է դատաքննությունից հետո, երբ դեռ Լոռու մարզի հանրահայտ դատարանում 200 դոլար կաշառքի վրա չէին բռնվել ոչ դատավորի օգնականը, ոչ էլ… Իրականությունը նաեւ այն է, որ կողմերից որեւէ մեկին կարիք չկար հանդիպելու (լինելով Վանաձորում)։ Կարդացեք հայրենի կառավարության թիվ 464 որոշումը, հասկացեք, թե ինչ է գրված ձեր՝ Վանաձորի քաղաքապետի թիվ 58 որոշման մեջ, բացատրեք, թե ինչպես է լինում, երբ քաղաքացուն սեփականության իրավունքի վկայագիր են տալիս եւ ապա խլում ձեռքից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել