Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ»

Օգոստոս 24,2001 00:00

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ» Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Հայներարտբանկը, մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերից անցնել հաճախորդների սպասարկման նոր ձեւի՝ այսպես կոչված՝ «մեկ պատուհանի» համակարգին: Հայներարտբանկի տնօրենների խորհրդի անդամ Արմեն Վալեսյանի հաղորդմամբ, հաճախորդների հետ աշխատանքի կատարելագործման որոշումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի բանկային շուկայում մրցակցային պայքարի առկայությամբ, այլեւ բանկային սպասարկման միջազգային ստանդարտներին անցնելու անհրաժեշտությամբ: Նրա ասելով, բանկում կբացվի այդպիսի վեց «պատուհան»: Վալեսյանը տեղեկացրեց, որ, դրան զուգընթաց, մինչեւ սեպտեմբեր, Հայներարտբանկը կներդնի եւս մեկ նորամուծություն, որը նախկինում չի կիրառվել Հայաստանի բանկերում: Խոսքը վերաբերում է հաճախորդների նախնական համաձայնությամբ եւ առանց լրացուցիչ ծանուցման ավանդները եվրոպական արժույթներից դոլարի կամ դրամի փոխարկման համակարգին: Գործարքի էությունն այն է, որ հաճախորդը, որոշակի ժամկետով եւ գործող տոկոսադրույքով եվրոպական արժույթ ներդնելով բանկում, կարող է այդ միջոցները հետ ստանալ մեկ այլ արժույթով, սակայն ավելի բարձր տոկոսով, որի փոփոխությունը տեղի է ունենում արժույթների փոխարժեքների տատանումների արդյունքում: Վալեսյանի կարծիքով, այդ ծառայության հաճախորդների պոտենցիալ խումբը նրանք են, ովքեր օգտվում են եվրոպական երկրների տրանսֆերտներից: Հայներարտբանկի մասնագետների գնահատմամբ, արժույթների փոխարժեքների տատանումների շնորհիվ տոկոսադրույքը կարող է ավելանալ տարեկան 12172ից մինչեւ 14-15 տոկոս: Բացի այդ, Հայներարտբանկը հանրապետության բանկային համակարգում առաջինը մինչեւ 0,4 տոկոս իջեցրեց կանխիկ դոլարի տրամադրման սակագինը: Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից բանկն աշխատում է այդ տոկոսադրույքով: ԱՐՄԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել