Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի

Օգոստոս 24,2001 00:00

Հրամանատարական բեմադրություն Օպերայի ծագման փաստը վկայությունն է ոչ միայն երաժշտական արվեստի հսկայական էվոլյուցիայի, այլեւ դրսեւորումն է հասարակական գիտակցության մեջ ու երաժշտական կյանքում խոր տեղաշարժերի։ Սա խոր գիտակցելով ու հավատարիմ մնալով այն մտքին, որ մենք դարեր շարունակ գոյատեւել ենք մշակույթի շնորհիվ ու աշխարհին պետք է ներկայանանք ու ներկայանում ենք մշակույթով, Ազգային օպերային թատրոնի ղեկավարությունը մեկը մյուսի ետեւից բեմ է հանում համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներ։ Այսօր թատրոնում գնում են Բելինիի «Նորմա» օպերայի փորձերը, որի պրեմիերան նշանակված է հոկտեմբերի 7-ին։ Ներկայացման սցենոգրաֆը (այսպես ներկայացավ բեմադրող ռեժիսորը) մոսկվաբնակ մեր հայրենակից, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանն է։ Վերջինիս «Այնտեղ, որտեղ երկինքը հողի վրա է», «Մարդասպանը» ֆիլմերը արժանացել են այնպիսի հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին, ինչպիսիք են մոսկովյան «Դեբյուտ», Չիկագոյի, Բրյուսելի, Տորոնտոյի, Մյունխենի փառատոները, իսկ «Կամուրջ» սովետա-ամերիկյան առաջին երաժշտական տեսաֆիլմի պրոյեկտը՝ ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի կողմից սահմանված մրցանակին։ «Նորման» բեմադրելու հրավերը ռեժիսորը ստացել է Գեղամ Գրիգորյանից: Շտապելով ասենք. ռեժիսորը տրամադրված է մարտական ու ներկայացավ, ավելի ճիշտ՝ խոսքը սկսեց այսպես. «Ինչպե՞ս է գնահատվում զորավարի մեծությունը, երբ ճակատամարտը պսակվում է հաղթանակով։ Ամեն մի զինվոր ենթարկվելով զորավարի ռազմական ծրագրի ոգուն, կատարում է իր ինքնուրույն դերը։ Մի՞թե ճակատամարտի ընթացքում, ահարկու բախումների, որոտի ու շաչի, խելահեղ մոլուցքի մեջ երեւում են զորավարի կանխորոշ նախատեսումներն ու միջամտությունը… Երբե՛ք։ Նա կազմակերպում է մարտը, ընթացք տալիս նրան, ներշնչում կռվողներին մարտի նպատակով ու գաղափարով։ Ինձ ներեք այս քմահաճ համեմատության համար։ Իրականությունը սա է։ Ես ռեժիսորին տեսնում եմ հրամանատարի դերում։ Իհարկե, Ազգային օպերայում զինվորական դրություն չեմ մտցրել (ծիծաղում է- Ս. Դ.), փառք Աստծո, ստեղծագործական խմբում հիանալի մասնագետներ են, ավելին՝ իրենց գործի վարպետներ։ Այսպես՝ Իսրայելից հրավիրված է դիրիժոր Վահագն Պապյանը, ԱՄՆ-ից՝ կոստյումների նկարիչ Նինա Հովնանյանը, դեկորատորներն են Գրիգորյանը, Տիտանյանը, լուսավորողը՝ Գարիկ Մինասյանը… Դերերգերում զբաղված են հայտնի անուններ՝ Անահիտ Մխիթարյան, Գեղամ Գրիգորյան, Հասմիկ Հացագործյան, Վալերի Հարությունյան, Վարդուհի Խաչատրյան, Նունե Բադալյան… Հանրահայտ ճշմարտություն է՝ բեմական իսկական հաջողությունն ապահովվում է ռեժիսորական ու դերասանական ստեղծագործությունների լիակատար փոխըմբռնմամբ, իդեալական ներդաշնակությամբ։ Ասեմ, որ լիբրետտոյի սկզբնաղբյուրը հանդիսացել է դրամատուրգ Սումեի եւ պոետ Լեֆեւրայի «Նորմա» երկը, որի հիման վրա Ռոմանին գրել է համանուն դրաման։ Իմ խնդիրն է դրաման դարձնել տրագեդիա։ Ինչո՞ւ… Թեպետ Նորման գնում է դեպի խարույկ՝ այրելով իրեն, բայց ճանապարհ է բացում իր ժողովրդի համար։ Այո, ժողոդուրդը, ազգը պետք է ունենա իր հերոսը՝ ազգի հերոսը։ Հետեւյալ սկզբունքով եմ աշխատում՝ արվեստագետը պետք է հիանալի իմանա ինչ է ուզում եւ աշխատանքները տանի մինչեւ վերջ։ Իսկ կյանքում ամեն ինչ պատահում է, օրինակ՝ չի բացառվում, որ պլաններդ տապալվեն կամ էլի ինչ-որ բան, բայց եթե կոնկրետ, վաղօրոք արդեն չափված-ձեւված խնդիրներ կան ու աշխատում ես, աշխատում՝ նվիրումով ու պատասխանատվությամբ, ապա տապալվելու հավանականությունը լինում է չնչին եւ դրան անդրադառնալ աշխատանքի ընթացքում՝ կարիք էլ չկա։ Առանց հովանավորի ոչինչ հնարավոր չէ իրականացնել, սա պարզ է։ Բեմադրությունը հովանավորում է մշակույթի նախարարությունը, գործարար մարդիկ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Հուսով ենք, որ դեռ հովանավորներ կդիմեն մեզ։ Այսօրվա դրությամբ՝ երեւի այսքանը…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել