Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացի Լյոլյա Ավանիսյանցը հայտնեց, որ իրեն խաբել են իրանցի առեւտրականները, որոնք մինչ օրս անպատիժ

Օգոստոս 24,2001 00:00

Իրանցիները «քցում» են մեր հայրենակցին Քաղաքացի Լյոլյա Ավանիսյանցը հայտնեց, որ իրեն խաբել են իրանցի առեւտրականները, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել։ Դեռեւս 2000թ. օգոստոսի 15-ին Իրանից տիկին Լյոլյային է այցելում իր նախկին ծանոթ, Իրանի քաղաքացի Միր Հուսեինի Հուսեինը, որը նախկինում վարձակալել էր վերջինիս բնակարանը։ Այս անգամ եւս Միր Հուսեինը խնդրում է տիկին Լյոլյային շաբաթական 100 դոլարով վարձակալության տալ իր բնակարանը՝ աշխատանքային ընկերոջ հետ իբրեւ գրասենյակ օգտագործելու համար։ Մեկ շաբաթ անց Լ. Ավանիսյանցի «կենվորները» նրան հայտնում են, որ ցանկանում են երկարաձգել իրենց օֆիսային գործունեությունը, սակայն վարձավճարը փոքր-ինչ ուշացումով կտան։ Երբ հերթական անգամ վարձավճարը վերցնելու ցանկությամբ Լ. Ավանիսյանցը այցելում է իր բնակարան՝ հեռախոսի փոխարեն այնտեղ նոր եւ բավականին թանկարժեք ֆաքս է տեսնում։ «Ես նրանց հարցրի, եթե ֆաքսի գումար կա, վարձավճարի ինչո՞ւ չկա, իսկ նրանք ինձ համոզեցին, որ դա իրենց գործին ուղղակի անհրաժեշտ է եւ, որ շուտով իրենք պարտքն էլ կվճարեն»։ Որոշ ժամանակ անց Լ. Ավանիսյանցը այցելելով փոստ, պարզում է, որ գոյացել է 600 դոլարի հեռախոսի պարտք։ «Ստիպված վարձավճարը մուծելու համար վերջնական ժամկետ դրեցի եւ մեկնեցի ազգականիս տուն, իսկ վերադառնալով տեսա, որ «կենվորներս» չկան։ Իրանցիները, սակայն, իրենց փոխարեն մեկ ուրիշ տղամարդու էին թողել բնակարանում, որը նույնիսկ հայերեն չգիտեր»։ Երբ տիկին Լյոլյան սպառնում է, թե կդիմի ՆԳ բաժին եւ դատի կտա նրանց, «գործարար իրանցիները» խնդրում են, որ չդիմի իրավապահ մարմիններին։ Նրանք խոստանում են, որ շուտով կվճարեն բոլոր պարտքերը։ «Որոշ ժամանակ սպասելուց հետո, երբ նրանք ազատել էին բնակարանը, գնացի եւ դուռը բացելով՝ պարզապես ապշեցի։ Բնակարանը ամբողջ խառնաշփոթ վիճակում էր, իսկ 80 դոլար արժողությամբ սեղանը անհետացել էր»,- պատմեց տիկին Լյոլյան։ Հետագայում տիկին Լյոլյան պարզում է նաեւ, որ իր հեռախոսի պարտքը մեկ ամսում ավելացել է եւ կազմել 1152.000 դրամ։ Մեր հայրենակիցը դիմել է նաեւ Իրանի դեսպանատուն՝ պրն Փարվանեիին, որն էլ կանչել է Միր Հուսեինին եւ գրություն վերցրել, որի բովանդակությանը, սակայն, ինքը չի ծանոթացել։ «Պրն Փարվանեին ինձ միայն ասաց, որ իրենք համաձայնության են եկել Միր Հուսեինի հետ եւ շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- շեշտեց տիկին Լյոլյան։ Տեսնելով, որ ոչինչ չի կարգավորվում, տիկին Լյոլյան նորից է դիմում պրն Փարվանեիին, սակայն այս անգամ պրն Փարվանեին առաջարկում է դիմել ՆԳ։ Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Իրանի դեսպանատան աշխատակից պրն Փարվանեիին, որն էլ նշեց, որ իրենց մոտ կա Միր Հուսեինի գրած պարտավորագիրը եւ առաջարկեց, որպեսզի տիկին Լյոլյան այդ փաստաթուղթը՝ որպես իրեղեն ապացույց, օգտագործի եւ դիմի ՆԳ։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս Միր Հուսեինը գտնվում է Վրաստանում։ Խոսակցության վերջում պրն Փարվանեին հիշեց նաեւ, որ 3 ամիս առաջ (14.03.2001թ.) Միր Հուսեինը գրել է եւս մի պարտավորագիր, որտեղ նշել է, թե Լ. Ավանիսյանցի հետ համաձայնության է եկել եւ գումարը կվերադարձնի վեց ամսից։ Հարցին, թե արդյո՞ք Լ. Ավանիսյանցը տեղյակ է այդ պարտավորագրի մասին, վերջինս ասաց, որ ոչ։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել