ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԷ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունված դիմորդների անունների հետ նույնիսկ մակերեսային ծանոթությունը վկայում է, որ իրականությանը չի համապատասխանում ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի նախորդ օրն արած այն պնդումը, թե միայն մեկ նախարարի ու մեկ պատգամավորի երեխա է ընդունվել այդ ֆակուլտետ՝ «հոյակապ գիտելիքներ» ցուցաբերելով, իսկ դատավորների, դատախազների ու գործարարների երեխաներ ընդհանրապես չկան։ Մինչդեռ իրավագիտության ֆակուլտետ են ընդունվել նախարարներ Սերժ Սարգսյանի, Ռազմիկ Մարտիրոսյանի, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հրանտ Մարգարյանի, Վրեժ Շահգելդյանի, Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի եղբոր՝ Ռուբեն Կատվալյանի, նախկին դատավոր Լեւոն Օհանյանի, ինչպես նաեւ՝ Գեղամ Ղարիբջանյանի, ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի զավակները։ Եթե անուն-ազգանունների համընկնում չէ, ապա ընդունվել են նաեւ Սամվել Ուզունյանի, Աշոտ Արսենյանի, Էդուարդ Մադաթյանի, Մուրադ Մուրադյանի, Պավել Ղալթախչյանի զավակները։ Համոզված ենք, որ ԿԳ նախարարի ասած՝ «լրագրողական հետաքննության» շնորհիվ շատ ավելի անուններ կարելի է գտնել ընդունվածների ցանկում եւ ոչ միայն այս ֆակուլտետում ու այս բուհում։ Իսկ այդ անունները, եւ քննություններից շատ առաջ, ամենից լավ հենց ԿԳ նախարարը գիտի, քանի որ հոգատար հետեւել է, թե ինչպես են հայտնի դեմքերի երեխաները քննություններ հանձնում։ Բայց այդ անունները, բնականաբար, չի հրապարակի՝ մեծահոգաբար խորհուրդ տալով «լրագրողական հետաքննություն» անցկացնել։ Միեւնույն ժամանակ ԿԳ նախարարն ու նրա ենթակաները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտեն լրագրողներին տեղեկություններ ստանալու հարցում։ Մենք երեկ փորձեցինք պաշտոնական աղբյուրներից ստանալ մի շատ հասարակ փաստաթուղթ՝ բուհ ընդունված դիմորդների ցանկը, ինչը բոլոր բուհերի պատերին փակցված է։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, նաեւ ԵՊՀ ընդունող հանձնաժողովը երեկ հրաժարվեցին տրամադրել այդ տեղեկությունները՝ առաջարկելով շրջել բոլոր բուհերում եւ պատերի վրայից արտագրել այդ անունները, ինչը, եւ ի վերջո արեցինք։ Այսինքն՝ պաշտոնյաները նույնիսկ հրապարակային փաստաթղթերն են հրաժարվում ներկայացնել՝ հնարավորինս դժվարացնելով լրագրողի աշխատանքը եւ խախտելով տեղեկություններ ստանալու նրա սահմանադրական եւ օրենսդրական իրավունքը։ Պատկերացնում ենք, թե ինչ պատասխան կստանանք, եթե խնդրենք ԵՊՀ-ից ներկայացնել իրավագիտության, տնտեսագիտության եւ մի քանի այլ հեղինակավոր ֆակուլտետներ ընդունված դիմորդների անձնական գործերը։ Էլ ինչպե՞ս կարող է լրագրողը հետաքննություն անցկացնել, եթե ԿԳ նախարարից սկսած մինչեւ վերջին չինովնիկը ջանում են նրան հնարավորինս հեռու պահել քննություններին առնչվող տեղեկություններից։ Եթե ամեն ինչ այնքան ազնիվ անցած լիներ, ինչպես ԿԳ նախարարն է ներկայացնում, ապա այդ տեղեկությունները բաց կլինեին հասարակության համար։ Մինչդեռ լրագրողներին սովորաբար մատուցվում են ոչինչ չասող պաշտոնական թվեր՝ հրապարակայնության կեղծ պատրանք ստեղծելու ցանկությամբ։ Կեղծում է նաեւ ՀՀ նախագահը, որ ուրախանում է, թե իր աշխատակազմին ոչ ոք չի բողոքում ու ամեն ինչ հոյակապ է։ Բողոքողներին էլ դարձյալ ուղարկում են նրանց մոտ, ումից բողոքում են։ Նման մի դեպք «Առավոտը» կներկայացնի վաղվա համարում՝ մեկ անգամ եւս ցույց տալով, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, մեղմ ասած, հաճախ ճիշտ չի ներկայացնում իրականությունը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ