Ինչո՞ւ լուռ ես, «ԱրմենՏել», ու չեն խայտար քո ալյակք Շնորհիվ «ԱրմենՏելի» համառ «հայանվեր» (թե՞ հունանվեր) գործունեության` հայ իրականություն ներմուծվեց անդրծովյան հեռավոր ու ցանկալի քաղաքակրթության թվացյալ շունչը կրող «րոպեավճար» հասկացությունը: Թեեւ լրատվամիջոցները հեղեղված են «ԱրմենՏելի» հերթական անակնկալը լուսաբանող տեղեկատվությամբ, մինչեւ օրս ոչինչ ստույգ հայտնի չէ, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի բաժանորդների ճակատագիրը: Ինչպե՞ս են վերաբերվում սրան Հայաստանում Ինտերնետ ցանցի պրովայդերները: – Ես ոչինչ չեմ կարող ասել: «ԱրմենՏելն» ինձ աշխատանքից հեռացրել է: Պատճառը չգիտեմ, հրամանի մեջ նշված չի,- Infocom համակարգչային կենտրոնի տնօրեն Ա. Գաբրիելյանի պատասխանը, բավականաչափ սպառիչ լինելով, թեմային չէր վերաբերում: ARICS-ի նախագահի արդարացի վրդովմունքով համեմված խոսքը հնչեց հետեւյալ կերպ. – Դե իհարկե, առաջին հերթին դա բաժանորդների վրա կանդրադառնա: Բնականաբար, մեր վրա էլ, քանի որ բաժանորդների քանակը կտրուկ կիջնի: Չեմ պատկերացնում ինչ է լինելու: Այս երկու օրը պետք է գնամ բանակցությունների: Եթե «ԱրմենՏելը» նույնպես պրովայդեր դառնա ու մրցակցություն առաջանա… նրա հնարավորությունները պատկերացնում եք, չէ՞: Ոչ ոք դրան չի դիմանա: Ծանր է դրությունը: Բավական չոր ու լակոնիկ, առավելագույնս պարզ արտահայտվեց «Intarnet»-ի տնօրենը. -Երեւույթին վերաբերվում եմ բացասաբար: «Հայ համակարգչի» նախագահ Վահրամ Մխիթարյանի մոտեցումը կարելի է համարել նույնիսկ հարաբերականորեն լավատեսական. – «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի հետ նախնական բանակցությունները ցույց են տվել, որ րոպեավճարը «Ինտերնետի» վրա չի տարածվելու: Չեմ կարծում, թե որեւէ փոփոխություն լինի: Եթե, այնուամենայնիվ, րոպեավճարը կիրառվի, «ԱրմենՏելը», բնականաբար, կստեղծի մրցակցության դաժան ձեւեր` անվճար «Ինտերնետ» ծառայություն` միայն րոպեավճարի մուծումներով: Այդ դեպքում մենք եւս «Ինտերնետը» կհայտարարենք անվճար, եթե «ԱրմենՏելը» պարտավորվի վճարել համապատասխան տրաֆիկների համար: Որեւէ հատուկ բան այստեղ չեմ տեսնում: «Arminco»-ի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը պակաս հակված էր կոմպրոմիսի. – Եթե այդպիսի բան լինի՝ հիմնարկը կփակվի: Ուրիշ ալտերնատիվ չեմ տեսնում: «ԱրմենՏելը» շատ կոնսերվատիվ կազմակերպություն է, մինչեւ օրս ոչինչ պաշտոնապես չի հրապարակել, օդի մեջ է ասվում ամեն ինչ: Րոպեավճարի տարածումը «Ինտերնետի» վրա ռեալ չեմ համարում, որովհետեւ նմանատիպ քայլ ձեռնարկելու դեպքում պարտավոր էին այդ մասին տեղյակ պահել 60 օր առաջ: Իրոք, դեռեւս ոչինչ ստույգ հայտնի չէ, մինչդեռ սեպտեմբերի 1-ին մնացել են արդեն հաշված օրեր: Ի դեպ, րոպեավճար մտցնելու «ԱրմենՏելի» ընտրած ամսաթվերը խորհրդանշական են: Վերջին անգամ սպառնալիքը հունվարի 1-ն էր, այժմ սեպտեմբերի 1-ը: Ուսումնական տարվա սկզբի «ԱրմենՏելի» յուրօրինակ շնորհավորանքը, հավանաբար, կհատուցի Նոր տարվա անակնկալ մատուցելու ձախողված փորձը: ԵՎԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ