Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում

Օգոստոս 24,2001 00:00

«ԱՊԱՔԻՆՎԵԼ Է։ ԵՐԵՎԻ» ՀՀ-ում բոլոր տեսակի չարորակ ուռուցքները բուժվում են պետպատվերի շրջանակներում, իսկ բարորակները՝ ոչ։ Սակայն ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզվում է բուժման կամ ընթացքում, կամ վերջում։ Այս անորոշությունը երբեմն լավ առիթ է՝ հիվանդից գումարներ գանձելու։ 1993-ից Ուռուցքաբանական դիսպանսերում հաշվառման մեջ գտնվող ուռուցք ունեցող մի հիվանդ (գրքույկ թիվ 238/93), պահանջելով հիվանդությունների բուժման գնացուցակը, իր հավաստիացմամբ, այդ բուժհիմնարկի տնօրենից ստացել է «Որտեղ հարկավոր է, այնտեղ էլ փակցված է» պատասխանը։ Իսկ բուժող բժիշկը, հիվանդի այս կարգի մի քանի բողոք-պահանջներից հետո, ի վերջո հայտարարել է. «Քանի որ բողոքում ես, քեզ չեմ բուժի»։ Լաբորատոր ախտորոշման համար տրված գումարների դիմաց էլ հիվանդը ստացական չի ստացել։ Այս ամենի հետքերով փորձել է գնալ եւ այս հարցերը տեղում պարզել հիվանդի ազգական (համենայնդեպս՝ ազգանվանակից), լրագրողի կրթությամբ մի անձնավորություն, որը մեզ հայտնեց, որ ոչ մի տեղ չի աշխատում։ Գնացուցակը ցույց տալու նրա պահանջին ի պատասխան, տնօրենը ինքն է պահանջել որպես լրագրող ներկայացողի փաստաթղթերը։ Վերջինս տարակուսում է. «Եթե ես ուղղակի հիվանդ եմ, էլի՞ փաստաթուղթ է հարկավոր՝ որոշելու համար գինը»։ Ի վերջո, ծառայությունների գնացուցակը պետք է փակցված լինի հիվանդանոցի պատերին, ինչը չեն գտել ոչ հիվանդը, ոչ հիվանդատերը։ Այս մեղադրանքները ճշտելու համար դիմեցինք դիսպանսերի տնօրեն Գագիկ Բազիկյանին։ Ամբողջ պատմությունը նրան պատմելուց եւ համապատասխան հարցադրումներ անելուց հետո, պրն Բազիկյանից լսեցինք դժգոհություններ այն մասին, թե «դրանք ինչ տեսակ մարդիկ են, ինչ ասես՝ կանեն» եւ ոչ կոռեկտ այլ արտահայտություններ՝ հարցադրումների հետ ոչ մի առնչություն չունեցող։ Հետո պրն Բազիկյանը հայտնեց, որ իրենց մոտ «արդեն վճարովի է»։ Իսկ պետպատվեր տրվում է ախտորոշված եւ հաստատված չարորակ գոյացությունների համար։ Արդյո՞ք վերոնշյալ հիվանդը չարորակ ուռուցքով է տառապում՝ տնօրենն ասաց. «Ես հիմա դժվարանում եմ ասել», քանի որ դեպքը ամիսներ առաջ է տեղի ունեցել։ Նկատենք. տնօրենը հիվանդի հիվանդությունը չէր հիշում, սակայն նրա՝ ինչ տեսակ մարդ լինելը դետալներով ներկայացրեց։ Պրն Բազիկյանը հեռախոսով հայտնեց նաեւ, որ 1993-ից իրենց մոտ հաշվառման մեջ գտնվելուց 5 տարի հետո, ինչպես իրենց կարգն է, հիվանդը հաշվառումից դուրս է գալիս՝ «պրակտիկորեն բուժված»։ Իսկ «ութ տարուց հետո արդեն նոր ախտորոշման խնդիր է եղել»։ Վերոնշյալ հիվանդը նախկինում ունեցել է հասուն բազոլիոմա, որը, պրն Բազիկյանն էլ հաստատեց, միանշանակ չարորակ է։ Սակայն, վերապահում արեց պրն Բազիկյանը, «սա նույնը չի, կողքից նորից աճ է տվել»։ Տա՛ Աստված, որ «կողքից նորից աճ տվածը» բարորակ լինի, սակայն ավելի տրամաբանական է հակառակը։ Ի վերջո, պրն Բազիկյանին առաջարկեցինք աչքի անցկացնել հիվանդի փաստաթղթերը եւ նոր զրուցել։ Հաջորդ օրը նա հայտնեց, որ վերոնշյալ հիվանդը բուժման կեսը իրենց մոտ է անցել, կեսը՝ Ուռուցքաբանության կենտրոնում։ Հիմա թղթերը չկան, որպեսզի իրենք իմանան, թե նա այնտեղ ինչ բուժում է ստացել։ Իսկ արդյո՞ք 5 տարուց հետո հաշվառումից դուրս գալիս հիվանդն արդեն ապաքինված է եղել, պրն Բազիկյանը պատասխանեց. «Երեւի ապաքինվել է, բուժող բժիշկն էլ հիմա այստեղ չէ, որպեսզի հարցնենք»։ Գագիկ Բազիկյանը մի վիրահատությունից նոր էր դուրս եկել, շտապում էր երկրորդին։ Իսկ մենք հասկացանք, որ այստեղ դեռ շատ նյութ կա զրուցելու։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել