Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան՝ «առաջին ջութակ»

Օգոստոս 24,2001 00:00

Թուրքիան՝ «առաջին ջութակ» Օգոստոսի 21-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում սուր քննադատության է ենթարկվել Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքն ու վարած սխալ քաղաքականությունը: Ադրբեջանցի դիտորդների կարծիքով՝ Ադրբեջանում Թուրքական ռազմական կործանիչների ցուցադրական ելույթները նպատակ ունեն ցույց տալ, որ Անկարան լրջագույն մտադրություններ ունի՝ ուղղել իր այդ սխալն ու ընդլայնել իր ներկայությունը Կովկասում: «Անկարան մտադիր է վերականգնել իր հեղինակությունը Կովկասում, որը երերացել էր Հայաստանի կողմից ադրբեջանական հողերը զավթելուց հետո: Ռազմաճակատում Ադրբեջանի պարտությանը լուռ հետեւելով Թուրքիան ինչ-որ չափով կորցրել է իր վստահությունը Բաքվի աչքում, ինչը մեծ վնաս է հասցրել թուրքալեզու պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններին»,- կարծում են ադրբեջանական դիտորդները: Ըստ նրանց, նման իրավիճակում Իրանը փորձում է լրացնել առկա բացը, որը գոյացել էր Կովկասում Թուրքիայի պասիվ դերակատարման արդյունքում: Միաժամանակ թուրք դիտորդները գտնում են. «Անկարան երբեք չի բավարարվի տարածաշրջանում ունեցած իր երկրորդական դերով եւ վճռական քայլեր կձեռնարկի, որոնք թույլ կտան Թուրքիային Կովկասում դառնալ «առաջին ջութակը»: Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի հաշվի նստել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի հետ»: Անդրադառնալով Ադրբեջան-Իրան հարաբերություններին, Թուրքիայի ԱԽ-ում հստակ դիրքորոշում է ձեւավորվել՝ թույլ չտալ, որ Թեհրանը ոտնահարի Բաքվի շահերը: Թուրք դիտորդները գտնում են, որ Թուրքիայի ակտիվացումը Հարավկովկասյան տարածաշրջանում նաեւ հոգեբանական նշանակություն կարող է ունենալ թուրքալեզու պետությունների համար. «Նրանք կարող են տարածաշրջանում իրենց ավելի վստահ զգալ, եթե Թուրքիան այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկի»: Վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Թուրքիայի ակտիվացումը, արեւմտյան դիտորդները կարծիք են հայտնել, թե՝ «Անկարայի նախաձեռնած քայլերը հիմք են տալիս մտածելու, որ Թուրքիան վերստին սկսում է տարածաշրջանում առաջամարտիկի դեր ստանձնել: Իսկ դա, բնականաբար, դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմաստով»: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դերակատարմանն ու ազդեցությանը, ապա, ըստ ամերիկյան փորձագետների՝ «Որքան էլ Մոսկվան եւ Թեհրանը դիմադրեն Կովկասում Անկարայի գործողություններին, միեւնույն է, նրանց չի հաջողվի հասնել ավելիին, քան այսօր ունեն»: Այսօր Թուրքիայում կարծում են, որ Արեւմուտքն ու ԱՄՆ-ը սկսել են լրջորեն գիտակցել, որ տարածաշրջանում իրենց շահերը բավարարելու համար անհրաժեշտ է, որ Կովկասում Թուրքիան մեծ ազդեցություն ունենա: Արեւմտյան դիտորդները վկայում են, որ Արեւմուտքն ու Թուրքիան այդ ուղղությամբ արդեն միջոցառումներ են ձեռնարկում: Ըստ ադրբեջանական մամուլի՝ պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել