ԿԻՆՈԲԱՐ-ՏՈՆԱՎԱՃԱՌ Մեր թերթի օգոստոսի 15-ի համարում տպագրված «Կինոթատրոնները՝ երեկ եւ այսօր» թղթակցության մեջ, ի թիվս այլ կինոթատրոնների, «Սեւանի» մասին եւս ասված էր, որ այն «հասարակությանը ծառայում է որպես տոնավաճառ»։ Հրապարակմանը հետեւեց «Սեւանի» տնօրենի հեռախոսազանգը։ Նա ճշտում էր, որ, թեեւ կինոթատրոնի տարածքում գործում է տոնավաճառ, ուր մտնում են գլխավոր մուտքով, սակայն ետնամուտքով մտնելիս ցանկացողները կհայտնվեն «Սեւան» կինոբարում, որտեղ ոչ միայն լավ ֆիլմեր են ցուցադրում, այլեւ՝ շատ համեղ սուրճ են մատուցում։ Դե ինչ, ուրախ ենք, որ գոնե ետնամուտքով, բայց կարելի է մտնել կինոցուցադրմամբ ուղեկցվող բար, առավել եւս՝ համեղ սուրճ ըմպել։ Իսկ եթե դրան նախորդի (կամ հաջորդի) հաջող առեւտուրը տոնավաճառում, ուրեմն՝ լյոխ լյավ ա…