Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինամո» մարզական ընկերությունում 2-րդ Համահայկական խաղերի մուտքը տոմսերով դարձնելը հուզել էր ոչ միա

Օգոստոս 23,2001 00:00

Խաղերը շարունակվում են «Դինամո» մարզական ընկերությունում 2-րդ Համահայկական խաղերի մուտքը տոմսերով դարձնելը հուզել էր ոչ միայն բասկետբոլի սիրահարներին, որոնք, ի տարբերություն 1-ին համահայկականի, այս տարի հնարավորություն չունեին դիտելու անգամ ընտրական փուլի խաղերը, այլեւ՝ լրագրողներին։ Բնականաբար՝ նաեւ մարզիկներին, որոնց չէր կարող դուր գալ դատարկ դահլիճում խաղալու տխուր իրողությունը։ Սակայն, ինչպես պարզվեց, այդ «հանճարեղ» միտքը՝ վաճառել 1000 դրամանոց մուտքի տոմսեր, ոչ թե «Դինամոյի» ղեկավարությանն էր, այլ 2-րդ համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեինը։ Բայց մինչեւ մարդկային մտքի այդ «գոհարի» հեղինակային իրավունքի տիրոջը հայտնաբերելը մեզ երկար ճանապարհ էր սպասվում։ Համահայկական խաղերի եւ ընդհանրապես սպորտի հետ որեւէ առնչություն ունեցող պատասխանատուների (որոնք ներկայացնում էին Սպորտկոմիտեն, կազմկոմիտեն, «Դինամո» ընկերությունը եւ այլն…) հետ մեր հեռախոսազրույցների արդյունքում, հանգում էինք միակ եզրահանգմանը. ոչ ոք ոչինչ չգիտի, ոչ ոք տեղյակ չէ՝ ո՞նց պատահեց, որ որոշեցին «Դինամոյում» տոմսեր վաճառել։ Եվ նրանք բոլորը միահամուռ ցույց էին տալիս Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ճանապարհը՝ «Էդ հարցը միայն Համաշխարհային կոմիտեն կարող էր լուծել» բացատրությամբ։ Ավելի էին կոնկրետացնում՝ մատնանշելով Աշոտ Մելիք-Շահնազարյանին։ Այնինչ, պրն Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց. «Մենք չունենք դահլիճ, չունենք մարզասրահ, չունենք մարզադաշտ։ Մենք հասարակական կազմակերպություն ենք, զբաղվում ենք արտասահմանի հետ կապերով, բանակցություններով, որ որքան հնարավոր է շատ երկրներից մասնակիցներ գան։ Մեզ վրա այլ՝ գործնական ֆունկցիա չկա։ Եվ ընդհանրապես, անգամ Խաղերի բացման համար մեզ ընդամենը 20 հրավիրատոմս էին ուղարկել, ու հիմա սպասում ենք, որ փակման համար հրավիրատոմս կուղարկեն։ Մենք ոչինչ չենք որոշում։ Այնինչ, ով՝ ինչ հարց ունենում է, միանգամից Մելիք-Շահնազարյանի ճանապարհն են ցույց տալիս»։ Եվ ահա, վերջապես հայտնվեց մեկը, ով իր վրա վերցրեց կրակը։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, նույն ինքը՝ 2-րդ համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Ռոլանդ Շառոյանը մի հարվածով վերացրեց բոլոր տարակուսանքները. «Այո՛, դա կազմկոմիտեի որոշումն է։ Պայմանավորված է նրանով, որ ելնելով անցյալ Խաղերից, զգալով, որ բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշեցինք օգտագործել առիթը եւ այդ ձեւով գոնե որոշ չափով ետ բերել այն գումարները, որ ծախսել ենք «Դինամոյի» նորոգման, օդափոխման համակարգի ներդրման եւ այլնի վրա։ Մյուս դահլիճների, օրինակ, «Գրանդ կլուբի» եւ «Մանեժի» մուտքը տոմսերով չէ, քանի որ այնտեղ նորմալ նստելատեղեր չկան»։ Մեր հարցին՝ չէ՞ որ, առաջին 2-3 օրերի դատարկ դահլիճն ապացուցեց, որ այդ ձեւը՝ 1000 դրամանոց տոմսերը, չարդարացրեց իրեն, պրն Շառոյանը պատասխանեց. «Նախ, տոմսերը սկսվում են 500 դրամից, իսկ դատարկ դահլիճները ոչ թե տոմսերի վաճառքը չարդարացնելու մասին էին խոսում, այլ՝ հետաքրքրության պակասի։ Հետո, ի՞նչ է նշանակում՝ չի արդարացել։ Եթե նույնիսկ 3 բանկա ներկի գինը կարողանայինք հանել, էլի բան է։ Մեծ աշխատանքներ են արված դահլիճի նորոգման համար, գումարներ են ծախսված։ Եվ հետո, ինչո՞ւ պիտի տոմս չվաճառենք։ Մյուս բոլոր դահլիճներում էլ, եթե նստելատեղերը հարմար լինեին, կվաճառեինք, անկախ նրանից՝ հանդիսատես կունենանք, թե՝ ոչ»։ «Հետաքրքրության պակասի» մասին պրն Շառոյանի ենթադրությանը փորձեցի հակառակվել. «Անձամբ եմ տեսել, թե ինչպես ուսանողների մի մեծ խումբ եկել էր բասկետբոլ դիտելու, երբ իմացան՝ պիտի վճարեն, հեռացան։ Մի տասնյակի չափ երեխաներ՝ 10-15 տարեկան, խնդրում էին ներս թողնել, ասելով, որ իրենց մարզիչն է խաղում, չթողեցին։ Բայց չէ՞ որ այդ տարիքի երեխաների մոտ սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը նաեւ խաղերը դիտելով են առաջանում։ Իսկ այս ձեւով հետաքրքրություն են մարում»։ Պրն Շառոյանը համաձայն չէր. «Ձեր տեսածը իմ տեսածին չի համապատասխանում։ Ես երկուշաբթի օրը «Դինամոյում» էի, դահլիճը լիքն էր»։ Սրան արդեն չէի կարող հակառակել։ Իրոք, մեր տեսածներն իրար բոլորովին չեն համապատասխանում։ Իսկ ինչպե՞ս է գնահատում կազմկոմիտեի նախագահն այս Խաղերի կազմակերպչական որակը՝ համեմատած նախորդի հետ։ Պրն նախարարը սկզբում համեստորեն, թե՝ «Էդ մենք չէ, որ պիտի գնահատենք մեր աշխատանքը, թող հյուրերն ու մասնագետները գնահատեն», բայց համառ պնդումներիցս հետո ասաց. «ինչ խոսք, այս տարի անհամեմատ ավելի կազմակերպված էր։ Ու, բնականաբար, 3-րդ խաղերն էլ սրանից ավելի լավ կկազմակերպվեն, հաշվի կառնվեն այս տարվա թերացումները։ Սա ասում եմ, ելնելով օլիմպիական խաղերի օրինակից, որ տարեցտարի ավելի ու ավելի կազմակերպված են անցնում»։ Պրն Շառոյանը հավաստիացնում էր, որ Համահայկական խաղերի առիթով Երեւան ժամանածների թիվն անցնում է 5000-ից. «Տեղավորել ենք ե՛ւ հյուրանոցներում, ե՛ւ մասնավոր տներում, կան մարդիկ, որ իրենց հարազատների տանն են բնակվում։ Դրանք հիմնականում Հայաստանի մարզերից եւ ԼՂՀ-ից եկածներն են։ Բայց առաջանում է մի ավելի դժվար խնդիր՝ տրանսպորտի հարցը։ Ավտոբուսներն ամբողջ քաղաքով ընկած, տնետուն հավաքում են մարզիկներին, բերում խաղերի։ Իհարկե, եկածների մեջ շատ են հյուրերը, բայց մենք պաշտոնապես պատասխանատու ենք միայն մարզիկ-մարզիչների համար»։ Երեկ մրցումներ չէին անցկացվում։ Հանգստի օր էր։ Եվ հյուրերի համար նախատեսված էին մշակութային ծրագրեր։ «Պաշտոնապես նախատեսված է այցելություն Ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ դնելու արարողություն, իսկ երեկոյան՝ մեծ համերգային ծրագիր «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում։ Բայց խմբերն իրենք իրենց նախասիրություններն ունեն, եւ մենք ընդառաջում ենք նրանց ցանկություններին։ Ոմանք ուզում էին տեսնել Սեւանը, Գառնի-Գեղարդը, Էջմիածինը, մի մասն ուզում էր շրջել թանգարաններով, լինել Եռաբլուրում, մյուսները՝ հետաքրքրվում էին, թե ինչ մշակութային միջոցառումներ կան քաղաքում, որ մասնակցեն…»,- ասաց պրն Շառոյանը։ Այսօր վերսկսվեցին մրցումները։ Իսկ թե ինչպե՞ս հանգստացան Համահայկական խաղերի մասնակիցները, ինչպիսի՞ն գտան Մայր հայրենիքը, ի՞նչ տպավորություններով են հեռանալու եւ ինչպե՞ս են գնահատում Խաղերը, կիմանաք, կարդալով «Առավոտի» շաբաթ օրվա համարը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել