Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ բուհերի ընդունելության քննություններն ամփոփելու նպատակով հրավիրված ասուլի

Օգոստոս 23,2001 00:00

ՀՀ նախագահին դիմելու հարկ չի եղել Ոչ ոք չէր էլ ակնկալում, որ բուհերի ընդունելության քննություններն ամփոփելու նպատակով հրավիրված ասուլիսում ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, հերթական անգամ թվախեղդ անելու փոխարեն, անկեղծորեն կներկայացնի քննությունների իրական պատկերը։ Ավելին, նախարարը հրաժարվեց կատարել «Առավոտում» հանդես եկած ծնողի պահանջը՝ հրապարակել ԵՊՀ-ի իրավաբանության եւ այլ հեղինակավոր ֆակուլտետներ ընդունված դիմորդների եւ նրանց ծնողների անունները։ Է. Ղազարյանն առաջարկեց լրագրողական հետաքննություն անցկացնել, ինչն անպայման կանենք, եթե ԵՊՀ-ն չհրաժարվի այդ տեղեկությունները ներկայացնել։ Նախարարը «պաշտոնապես հայտարարեց», թե իրավաբանության ֆակուլտետ ընդունված 41 դիմորդներից միայն երկուսն են նախարարի ու ԱԺ պատգամավորի զավակ՝ «հոյակապ գիտելիքներով», իսկ դատախազների, դատավորների, գործարարների երեխաներ չկան։ Իսկ մեր ունեցած տեղեկություններով, այս տարի բավական շատ էին հայտնի դեմքերը, որ դիմորդ զավակ ունեին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, նրա եղբայրը, Վիկտոր Դալլաքյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք, որոնցից առնվազն երեքի զավակը ընդունվել է իրավաբանության ֆակուլտետ։ Թերեւս ավելի ճիշտ կլիներ, որ այս առթիվ ասեկոսեներին վերջ տալու համար հենց ԿԳ նախարարը պաշտոնապես հրապարակեր այդ տվյալները, այլ ոչ թե դժգոհեր՝ «ես հիմա սոցիոլոգիական հետազոտություն չեմ անելու» (կարծես թե իր ներկայացրած մյուս թվերը այդպիսին չէին)։ Ու դեռ նեղանում է, որ չճշտված տեղեկություններ են հրապարակում։ Եթե ինքը չի ճշտում, իր ենթակաները կճշտե՞ն։ ԿԳ նախարարը կոնկրետ անուններ չմատնանշեց «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե լիազոր ներկայացուցիչները լուրջ վերահսկողություն անցկացրե՞լ են եւ հանձնաժողովների աշխատանքում ինչ-որ թերությունների մասին զեկուցե՞լ են։ Է. Ղազարյանը միայն ասաց. «Մի քանի դիտողություն, քննասենյակում կատարված այս կամ այն դեպքի հետ կապված, լիազորները արել են։ Մենք անմիջապես արձագանքել ենք։ Ընդհանուր առմամբ չի եղել, որ շատ մեծ տեղեկություններ բերեին, որը կօգներ քննությունները ավելի արդար ու թափանցիկ կազմակերպել»։ Նախորդ տարի Է. Ղազարյանը նկատել էր, որ մի-մի լիազոր էլ պետք է լիազոր ներկայացուցիչների գլխին կանգնեցնել, քանի որ նրանք էլ են միջնորդություններ անում։ Հարցին՝ այս տարի նման դեպքեր արձանագրվել են, նախարարը պատասխանեց. «Մի քանի խնդրանքներ եղել են, որոնք նախագահների կողմից մերժվել են»։ Ընդհանրապես լիազոր-ներկայացուցիչների ինստիտուտը նախարարը անիմաստ որակեց՝ ասելով, թե ամեն ինչ առարկայական հանձնաժողովների նախագահներից է կախված։ «Նրա՛ն պիտի վստահես։ Եթե նրան չես վստահում, մնացածը երկրորդական բաներ են։ Ինչի՞ ես ընտրում մարդ, որ գլխին հսկիչ պիտի դնես»։ Հանրապետական ընդունող հանձնաժողով կրկնակի բողոքարկած դիմորդների աշխատանքները ստուգող անկախ փորձագետներին անձամբ ընտրել է Է. Ղազարյանը, անգամ պնդում էին, թե նրանց անունները միայն նախարարը գիտի եւ ենթադրվում էր, որ փորձագետներին պետք է վստահեր։ Սակայն նայել է աշխատանքները նաեւ նրանց ստուգումից հետո եւ նույնիսկ դեպք է եղել, որ չի համաձայնվել գնահատականի հետ՝ ուժի մեջ թողնելով նախկին գնահատականը։ Այս առնչությամբ «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան ԿԳ նախարարը արդարացավ, որ «փորձագետների կարծիքը ինձ համար վերջնական էր», բայց դա չի խանգարել, որ ինքն էլ լրացուցիչ նայի այդ աշխատանքները, որոշ դեպքերում չընդունի գնահատականը՝ արդարացմամբ, թե գնահատականի փոփոխման անհրաժեշտության մասին պետք է զեկուցեր ՀԸՀ-ին, որի անդամները, հիշեցնենք, բուհերի ռեկտորներն են, եւ ստանար նաեւ նրանց համաձայնությունը։ Էդուարդ Ղազարյանը նախ ընդունեց, որ որոշ ճնշումներ եղել են, բայց ՀՀ նախագահին դիմելու անհրաժեշտություն չի զգացվել. «Իրավիճակն այդ աստիճանի չի հասել, որ դիմեինք նախագահին, որ նա մեզ պաշտպաներ այդ արտաքին ճնշումներից»։ Բայց ավելի ուշ տաքացած համոզում էր «ոչ մի ճնշում չի՛ եղել, ոչ մի խնդրա՛նք, միջամտությո՛ւն պետպատվերի համար (կարելի է ենթադրել, որ վճարովիի համար եղե՞լ է- Ն. Հ.)։ Ինձ՝ որպես նախարար, չե՛ն դիմել, չե՛մ ընդունել այդպիսի միջամտություններ»։ ՀԸՀ-ն պատահական ընտրությամբ 20-ական տետրեր էր ընտրել մաթեմատիկա 1, 2, հայոց լեզու 1, 2 եւ գերմաներեն քննություններից՝ ստուգման օբյեկտիվությունը ստուգելու համար։ Արդյունքների մասին մեր հարցին ի պատասխան Է. Ղազարյանն ասաց, որ ընտրել էին այդ առարկաները, քանի որ դրանցից բողոքները շատ էին։ «Արտառոց փաստեր չեն արձանագրվել, բայց կային աշխատանքներ, որ, մեր անկախ փորձագետների կարծիքով, մեկ միավորով բարձր էին գնահատվել»,- ասաց նախարարը։ Հարցին՝ ինչ-որ քայլեր ձեռնարկվելու են այդ աշխատանքները գնահատածների նկատմամբ, Է. Ղազարյանն ասաց. «Եթե 3-4 բալ լիներ, դա իսկապես հանցագործություն կլիներ»։ Իսկ մեկ միավորը, փաստորեն, ներելի է՝ թեեւ հաճախ մեկ միավորն է հենց բախտորոշ լինում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել