Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս մասնագետը հրապարակում է իր կարծիքը

Օգոստոս 23,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը դատարան էին բերվել բոլոր 7 ամբաստանյալները՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը, Համլետ Ստեփանյանն ու Աշոտ Կնյազյանը։ Նախորդ նիստին Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդել էր, որպեսզի դատաքննությանը ներգրավված ռուս հոգեբան-մասնագետ Նադեժդա Տարաբրինայի մասնագիտական եզրակացությունը (տվյալ դեպքում՝ կարծիքը) հրապարակվի։

Երեկ դատավոր Սամվել Ուզունյանը թույլատրեց, որ հրապարակվի մասնագետի կարծիքը։ Հավանաբար, համոզիչ թվաց նրան Սարգսյանների շահերի մեկ այլ ներկայացուցչի՝ փաստաբան Տիգրան Ջանոյանի փաստարկներն այս կապակցությամբ. նախ, որ մասնագետն ավարտել է իր աշխատանքներն այս փուլում եւ պատրաստել է կարծիք-աշխատանքը։ «Պարզ, աչքի չընկնող կարծիք է,- շարունակեց Տ. Ջանոյանը,- թող կցվի գործին, սերունդներն էլ հիշեն, թե ՌԴ-ից ինչ կարկառուն մասնագետ էր եկել եւ ինչ կարծիք հայտնեց»։

Տուժող Աղվան Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը սխալ համարեց դատարանին, որ թույլատրել էր տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչների կողմից հրավիրված մասնագետին տեսակցել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ։ Իրավական պատվախնդրությունից ելնելով էլ նկատեց, որ մենք այս գործով ունենք եւս երկու հոգեբան մասնագետներ (ԵՊՀ-ից՝ Ռ. Աղուզումցյան եւ Ս. Ամիրյան) եւ, որ Ն. Տարաբրինայի կարծիքն էլ չի կարող կցվել գործին։ Առարկության հիմքում ընկած էր քրդատօրի 84 հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, ըստ որի, մասնագետն «աջակցություն ցույց տալու համար, անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում, պարտավոր է գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում եւ չլքել նշված գործողությունների կատարման վայրը՝ առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճն՝ առանց նախագահողի թույլտվության»։

Սակայն Տարաբրինայի նկատմամբ մինչ այդ ոչ ոք ոչինչ չէր արտահայտել եւ տարօրինակ էր ետին թվով այսօրինակ խոսակցությունները։ Ռուս մասնագետի առջեւ դրվել էին հետեւյալ հարցերը (փաստաբան Մարինա Ջանոյանի կողմից). ինչպիսին են Նաիրի Հունանյանի անհատական-հոգեբանական առանձնահատկությունները եւ կարո՞ղ էին արդյոք ամբաստանյալ Ն. Հունանյանի անհատական-հոգեբանական առանձնահատկություններն ազդեցություն գործել նրա պահվածքի վրա՝ իրեն մեղսագրված հանցագործության կատարման ժամանակ։ Ն. Տարաբրինան իր կարծիքը հայտնելու համար օգտագործել էր տեռորիստական ակտի տեսաերիզները, ամբաստանյալի հետ զրույցի արդյունքները, քրեական գործի 12-14 հատորները, հոգեբանական զննման տվյալները։ Մասնագետը հայտնեց, որ հանդիպման ժամանակ ամբաստանյալը հաղորդակցվել է ռուսերենով, «որին լավ տիրապետել է»։

Արժե մեջբերել հոգեբանի վերոնշյալ հատվածն ամբողջությամբ. «Հետազոտման սկզբում նա լարված էր։ Դիտվում էր ձեռքերի դող։ Լարվածությունն ակնհայտ էր նաեւ նրանից, որ մեթոդի անցկացման ընթացքում նա մոռանում էր կարգը։ Հետագայում իրեն պահում էր ազատ։ Պատասխանում էր բոլոր հարցերին։ Հարցերի պատասխանները մանրակրկիտ խորհելով՝ վերահսկելով դրանց սոցիալական կանխարգելության տեսակետից, որը ցույց է տալիս նրա ցանկությունը՝ հանդես գալ բարենպաստ ձեւով։ Զննման ժամանակ մեկնաբանել է. «այդ մեթոդները սովորական մարդկանց համար են, ոչ թե իմ»։

Ըստ մասնագետի, դա նրա լարվածության մասին է խոսում։ Ըստ Ն. Տարաբրինայի, ոճրագործության դրվագի նկարագրությունը չի համապատասխանում «նման հոգեկան երեւույթների կլինիկական պատկերը», ինչն էլ ենթադրել է տալիս ապրումների մասին պատմածի կանխամտածվածությունը։ «Տեսաերիզը ցույց է տալիս Ն. Հունանյանի լիովին գիտակցված, նպատակային գործողությունները, որոնք բացառում են այն ենթադրությունը, որ Ն. Հունանյանը գտնվում էր հուզական վիճակում։ Տեսաերիզից երեւում է, որ Ն. Հունանյանը լիովին մտածված է շփվում պատանդների հետ»։ Հետեւաբար, ըստ մասնագետի, «հոգեկան ուժասպառության» հատկանիշները բացառվում են։

Ամբաստանյալին ակնհայտորեն դուր չեկավ մասնագետի կարծիքը եւ վերջինիս «ուշքի բերելու» համար հարցրեց, թե նախապաշարմունք ունեցե՞լ է զրույցից առաջ (տպավորությունն այն էր, որ Ն. Տարաբրինային հարցաքննում էին)։ Նախապաշարմունք չէր ունեցել։

– Ինչի՞ց եք եզրակացրել անկեղծությունը ձեւականից։

– Դա մասնագետի կարծիք է,- հետեւեց պատասխանը։ Ն. Հունանյանն էլ «իմաստ չգտավ» կարծիքը կցել քրգործին եւ ասաց. «Երբ տիկինը պիտի ինձ հետ հանդիպեր, ես գիտեի ինչ է գրված»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031