Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ «Կեսը գնչուի նման, կեսն՝ ավելի այլանդակ»

Օգոստոս 23,2001 00:00

ՄՏՔԻ «ԿՈԹՈՂՆԵՐԻՑ» ՊՐԾՈՒՄ ՉԿԱ Կամ «Կեսը գնչուի նման, կեսն՝ ավելի այլանդակ» Հողային նոր օրենսգրքի այն դրույթը, որով կառավարությանն իրավունք է վերապահվում հողն անհատույց օգտագործման հանձնել, չարաշահման, հողն անարդյունավետ օգտագործման հնարավորություն է տալիս։ Ավելին, դրա հիման վրա կառավարությունը հողն ում ուզի՝ կտա. սկսած լավ տղերքից մինչեւ բարեգործական հիմնարկները։ Այսպիսի մեկնաբանություն է անում ԱԺ նախկին պատգամավոր Սոս Գիմիշյանը, որը համատիրությունների մասին օրինագծի հեղինակն է։ Ավելի հեռուն գնալով, նա կանխատեսում է, որ այդպիսով ամբողջ երկրի հողը կարելի է «տալ» (անհատույց օգտագործման հանձնելով)։ Հողային օրենսգրքի այս դրույթը ծնվել է գրպանի շահից. պետբյուջեն մուտք չունի հողի հարկից, թաղապետարաններն են այն գանձում։ Իսկ անհատույց օգտագործման տալով, ճիշտ է, պետբյուջեն էլի մուտք չի ունենա, փոխարենը չինովնիկների ընտանեկան կամ «շվեյցարական» բյուջեները կունենան։ Համատիրությունների ղեկավարները, որոնք երեկ կլոր սեղանի շուրջ «գլուխ-գլխի էին տվել» իրենց դերը բարձրացնելու համար, իհարկե, կուզենային, որ հողը սեփականության իրավունքով հանձնվի համատիրություններին, բայց ուժը, տվյալ դեպքում՝ իշխանությունն է ծնում իրավունք։ Գերմանական GTZ կազմակերպության ներկայացուցիչ Սոս Գիմիշյանի կարծիքով, «ճիշտն այն է, որ հողը սեփականության իրավունքով տրվի համատիրություններին։ Հողի հարկը կմուծվի պետությանը, բայց այդ նույն հողը կարող է վարձակալության տրվել, որի վարձն անհամեմատ ավելի բարձր է, քան հողի հարկը եւ որը կմնա համատիրությանը»։ Սրան կգումարվեն նաեւ ավտոտնակների զբաղեցրած տարածքի համար գանձվող գումարները, կշահի համատիրությունը։ Համատիրությունների նախագահների ընկերակցությունն (ՀՆԸ) ու IFES կազմակերպությունն այս սեմինարը կազմակերպել էին համատիրությունների մասին նոր օրինագիծը քննարկելու նպատակով, քանզի գտնում են, որ բնակարանային խնդիրները կարգավորող օրենք չունենք, խոշոր հաշվով։ Բայց սեմինարն ավելի շուտ առիթ էր իրենց շենքերում առկա անլուծելի խնդիրները հնչեցնելու համար։ Օրինակ, Երեւանի բնակարանային ֆոնդն այնքան անմխիթար վիճակում է, որ եթե «վաղը նույնիսկ մեր մուտքերն ավելանան, չենք կարողանալու բոլոր հարցերը կարգավորել։ Իսկ 10 տարուց այդ բոլոր շենքերը վթարային են լինելու»։ Ընդհանրապես «համատերերը» իրենց դերը բարձրացնելու հնարներ էին փնտրում, ոմանք էլ անտեղի բարձրացնում էին արդեն։ Օրինակ, Նոր Նորքի համատիրություններից մեկի ղեկավարն առաջարկեց մի այնպիսի մեխանիզմ մշակել, որի միջոցով հնարավոր լինի համատիրության նախագահին հետ կանչել։ Տհաճ նախադեպ կա, ըստ նրա, որ «համատիրության նախագահների ընտրություններում մեծ դեր են կատարում թաղային հեղինակությունները, քիչ է մնում ժառանգականորեն իրականացվի այդ գործունեությունը։ Սրանցից պրծումը դժվար է»։ Ու պատմեց. «Մի կին ռեկետյոր համատիրության նախագահ էր դարձել, բոլոր բնակիչները սարսափի մեջ էին։ Ժողով էին հրավիրում՝ խափանում էր։ 1998թ. մի 2 հատորանոց գործ կազմվեց։ Վերջապես բախտներս բերեց, տունը վաճառեց, օրենքի պահանջով պրծանք դրանից»։ Իսկ նրանց հետ կանչելու մեխանիզմի մտքից դժգոհեցին իր մյուս կոլեգաները. «Դա ավագանիների ձեռքին հաղթաթուղթ կլինի, որ ում «հետ չունեն»՝ հանեն-գցեն»։ Շենգավիթի «Լիանա» համատիրության նախագահ Ա. Գալստյանը տարվելով կարեւորության գաղափարով, նկատեց. «Ինչի՞ համար ենք մեր հավաքած գումարները մուծում հարկայինին, փոխանակ պահպանելու այդ ճարտարապետական կոթողները (բազմաբնակարանանոց շենքերը)»։ Հարկային նոր փոխհարաբերությունների վերաբերյալ պարոն Գալստյանի մտքի այս «կոթողին», ի դեպ, հավանություն տվեցին իր գործընկերները։ Իսկ մեկն էլ նկատեց. «Այսօր Երեւանում ապրում են տարբեր շրջաններից եկած մարդիկ, որոնց կեսը գնչուի նման է, կեսն՝ ավելի այլանդակ»։ Նա ուզում էր, որ «տուգանքների մասին հոդված ընդունվի», որը կարելի է նաեւ էթիկայի օրենսգրքերում էլ մտցնել։ Բայց խելամիտ առաջարկներ էլ եղան, որոնք ՀՆԸ-ն հաշվի կառնի ու կներկայացնի օրինագծի հեղինակներին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել