ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՕՐԵՆՔ Է Ազգային անվտանգության մասին օրենք առայժմ հանրապետությունը չունի։ Խորհրդարանը բազմաթիվ օրենքներ է ընդունում, մեկը մեկից կարեւոր, մեկը մեկից արդար եւ հակառակը։ Հասկանալի է, որ օրենք ունենալը դեռեւս օրենքի կիրառում չէ, բայց եւ ապահով ես զգում, որ գոնե թղթի վրա ինչ-որ օրենքներ են գրվում։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ պատգամավոր Վարդան Բոստանջյանը 17 կուսակցությունների են ուղարկել «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքի նախագիծը, ակնկալելով, որ մեկամսյա ժամկետում նախագիծը կքննարկվի եւ առաջարկություններ կարվեն։ Օրինագիծն առայժմ շրջանառության մեջ չի դրվում, խումբ-խմբակցությունները քննարկելուց հետո կարող են նաեւ համահեղինակ դառնալ։ Նախագծի հեղինակները մտադիր են այս առիթով խորհրդարանական լսումներ կազմակերպել։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական ուժերը կարեւորել են այս օրենքը, բայց մինչեւ այսօր օրենքը դեռեւս գոյություն չունի։ Հնարավոր է, լուրջ քննարկումներից, վերանայումից հետո օրենքի նախագիծը հիմնարար փոփոխությունների ենթարկվի։ Օրինագծի համահեղինակ Վիկտոր Դալլաքյանը մեզ հայտնեց, որ իրենք հավակնություն չունեն օրենքի նախագիծն իրենց մենաշնորհը համարելու, ընդհակառակը, պատրաստ են քննարկումների եւ գտնում են, որ սա այն կարեւոր օրենքն է, որի ստեղծմանը պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը։ Օրենքի նախագծում ՀՀ ազգային շահեր են համարվում «քաղաքական, տնտեսական, սոցիալական, միջազգային, ինֆորմացիոն, պաշտպանության, էկոլոգիական եւ այլ ոլորտներում անհատի, հասարակության եւ պետության հավասարակշռված շահերի ամբողջությունը»։ Ի՞նչը կարող է հանրապետության Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծել։ Ըստ նախագծի՝ տնտեսության զարգացման ցածր մակարդակը, պետական համակարգի անկատարությունը, իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ցածր մակարդակը, հասարակության սոցիալ-քաղաքական բեւեռացումը, հասարակական հարաբերությունների քրեականացումը եւ այլն։ Մ. Ե.