«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵՋ ԱՊԱԳԱ ԿԱ» Օրերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպած գրական-երաժշտական երեկո։ Այն նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Դահլիճում գերակշռող մաս էին կազմում արտասահմանից եկած հյուրերը, որոնք յուրաքանչյուր բեմ դուրս եկողին դիմավորում էին մեծ ցնծությամբ։ Հատկապես ուշագրավ էին Կանազի մշակույթի կենտրոնի «Մոդուս» մանկական պարային համույթի եւ Արմավիրի Հայ ավետարանչական ընկերակցության մանկապատանեկան երգչախմբի կատարումները։ Ելույթ ունեցան նաեւ Հայ ավետարանչական ընկերակցության երգչախումբը, «Երգ-երգոց» խումբը եւ անհատ կատարողներ։ Դրսում ներկայացվում էին երեխաների նկարչական ստեղծագործությունները։ Միջոցառման ղեկավար Հարութ Ներսիսյանի կարծիքով, Հայաստանին մեծ ապագա է սպասվում, քանզի հայ ազգը նման շնորհալի երեխաներ ունի։ «Թեկուզ ֆինանսապես այնքան էլ հարուստ չենք, բայց մշակույթով շատ հարուստ ենք։ Մենք կօգտվենք մեր հարուստ ժառանգությունից՝ մշակութային, գեղարվեստական եւ քրիստոնեական»,- ասաց նա։ Հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Ռընե Լեւոնյանը նույնպես համակարծիք էր Հ. Ներսիսյանի այն մտքին, թե «Հայաստանին մեջ ապագա կա» եւ հավաստիացրեց, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը կշարունակի իր ծառայությունը՝ «քանզի Աստված մեզի հետ է»։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ