Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԵՎԷ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

Օգոստոս 22,2001 00:00

ՈՐԵՎԷ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է Դեռ մայիսին ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը հինգ միլիոն դրամ էր հատկացրել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին՝ նիստերի դահլիճը նորոգելու, պատշաճ տեսքի բերելու համար։ Անցած երեք ամիսներին բավականաչափ մեծ ծավալի աշխատանք է կատարվել ու այն արդեն ավարտման փուլում է։ Գործը չդադարեց անգամ ընդունելության քննությունների օրերին։ Ներկվել-թարմացվել են պատերը, հատակը ծածկվել է կավրոլիտով, գնվել են նոր վարագույրներ, 250 հարմարավետ, փափուկ աթոռներ, այլ կահույք, նորոգվել ու տեսքի է բերվել բեմը… – Դահլիճն, իրոք, վաղուց նորոգման կարիք ուներ։ Շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին լավ նախաձեռնության համար,- ասում է ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը։- Ու քանի որ բավականաչափ գումար պետք է ծախսվեր, որոշեցինք ինքներս էլ միջոցներ հայթայթել ու միանգամից նորոգել նաեւ շենքի տանիքը։ Դժվար մասն արդեն ետեւում է։ Մնացել են ներքին բարեկարգման ու կահավորման աշխատանքները։ – Ե՞րբ կավարտվեն դրանք։ – Ցանկանում ենք բացումն անել սեպտեմբերի մեկին, դասախոսների եւ նոր ընդունված ուսանողների անդրանիկ հանդիպում-հավաքի օրը, երբ կբաժանվեն ուսանողական տոմսերը։ Հաջորդ մեծ միջոցառումը կլինի արդեն ՀԱՕԿ-ի հերթական ասամբլեան (սեպտեմբերի 18-ին)։ – Եղած դրամն ամբողջությա՞մբ է ծախսվել։ – Աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Բայց վստահ ենք, որ որեւէ չարաշահում բացառվում է։ Նախ, ինստիտուտի ղեկավարությունն ամենօրյա հսկողության տակ է պահում ծախսվող յուրաքանչյուր դրամը։ Բացի դա, պատրաստվում ենք նաեւ վերջնական մանրամասն հաշվետվություն ներկայացնել։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել