Համաճարակի վտանգ՝ նաեւ մեր գյուղում Չորս տարի առաջ մեր ենթաշրջանի երեք գյուղերը (Ծաղկավան, Հախում, Պառավաքար) տրտնջում էին ոռոգման ջրի պակասից, իսկ երբ Հախում գետի ջրերը Իծաքարի բարձունքից մտան հաստափոր խողովակները եւ երեք գյուղերի թիկունքով հասան մինչեւ Պառավաքարի վերին մասերը, գյուղացու դեմքին բավարարվածության ժպիտ երեւաց։ Հողն էլ տիրոջ պես խմեց Մուրղուզա սարի սառնորակ ջուրը՝ շունչ քաշեց։ Դրանով իսկ ոռոգման ջրի հարցը լուծված համարվեց։ Հերթն այժմ խմելու ջրինն է։ Այս անգամ գյուղացին տրտնջում է ոչ թե խմելու ջրի սակավությունից, այլ որակից։ Գյուղի վերեւի բարձունքի ստորոտում է կառուցված գյուղը սնող ջրամբարը։ Այն էլ իր հերթին սնվում է անտառների լանջերից բխող սառնորակ աղբյուրներից, որոնց հենց ակունքում կառուցված են փոքրիկ ջրամբարներ։ Դրանց երեսները ժամանակին ծածկված են եղել ցեմենտե սալիկներով։ Այժմ այդ սալիկները չկան։ Գյուղի հովիվներն ու փայտահատները, ինչպես նաեւ «խելոք» վարորդները, ջրից օգտվելու համար մի կողմ են հրել սալիկները եւ իրենց կեղտոտ դույլերով ջուր վերցրել, «հագեցրել» մեքենայի շարժիչը։ Իսկ ջրի մյուս ծայրում՝ գյուղում, գլուխը քարը, թե տանտիկինները նույն ջրով ճաշ են պատրաստում կամ էլ թեյ տալիս փոքրիկ մանչուկին։ …Վայրի կենդանիները ազատ օգտվում են ջրավազաններից, թռչունները լողանում, թառում են ծառին։ Կովը, եթե անվախ է ջրի թշշոցից, ազատ ջուր է խմում (նա հավատում է իր ծարավին)։ Ամառվա տապին սողուններն անգամ օգտվում են զուլալ ջրից։ Նրանցից տկարը, որ ուժ չունի ջրհորից դուրս գալու՝ խեղդվում է՝ ստիպում գյուղից 7-8 կմ հեռավորության վրա գտնվող հովեկ Անահիտին ճչալու. – Հայրի՛կ, հայրի՛կ, արի տես, թե ինչ ընկավ դույլը։ Գնում եմ, տեսնում խլեզի (մողեսի) ճուտ է։ Ասում եմ. «Սա դեռ լավ է, Անահիտ, էս ղեկավարները որ մենք ունենք՝ արջ էլ դուրս կգա»։ Միամիտ Անահիտ, չգիտի, թե մինչ իրենց գալը ես ջրի ծորակից ուռած քոռամուկ եմ հանել (խլուրդ)։ Այո՛, ուռած, թթված, խցանել էր ծորակը եւ կտրել ջուրս։ Այս փոքրիկ արարածը այնքան էր ուռել, որ նմանվել էր… դատարանի դուռ գնալ չեմ սիրում… Ահազանգս ձեզ է հասցեագրված՝ Տավուշի մարզի համապատասխան կառույցի իրավասու այրեր։ Տեր կանգնեք խմելու ջրի որակին ընդհանրապես։ Չէ՞ որ այն ամենժամյա օգտագործվող սննդամթերք է։ Իսկ եթե հանկարծ, Աշոտի լեզվով ասած, «մեր ահավոր» բարեկամները իմանա՞ն տեղը, թո՞ւյն լցնեն մեջը։ Գերեզմանատնում էլ տեղ չի լինի… Ի՞նչ է, սպասում եք, որ մի ամբողջ տրոլեյբուս սուզվի ջրի մեջ, որ նո՞ր ուշքի գաք… Ռ. ԽԱԼԱՐՅԱՆ Վ. Ծաղկավան