Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն

Օգոստոս 22,2001 00:00

ԹԱՏՐՈՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ Ամեն ինչ սկսվել էր մանկական անհաշվենկատ հիացումից դեպի արվեստը, ավելի ճիշտ՝ թատերարվեստը։ Սիրում էր թատրոնը, նրա կուլիսները, նրա հատուկ բույրը… հատկապես պերսոնաժների կոստյումները։ Մարիամ Պապովյանին ծնողները ուսման տվեցին Էսթետիկական դաստիարակության կենտրոն՝ խեցեգործ Սամվել Բաղդասարյանի, այնուհետեւ՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան՝ գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի արվեստանոցում։ Ավարտելուց հետո Մարիամը նկարչություն ու դիզայն դասավանդեց Հայ-ֆրանսիական մանկական կենտրոնում, իսկ հետո որոշեց, որոնեց ու հայտնվեց Փարիզում։ Այսօր նա մասնավոր այցով է Հայաստանում։ – Ունեիք լավ աշխատանք Հայ-ֆրանսիական մանկական կենտրոնում, ինչո՞ւ թողեցիք ու մեկնեցիք։ – Այո, ունեի լավ աշխատանք, շատ էի սիրում երեխաների հետ աշխատել։ Վերջիններս էլ ինձ «օգնեցին» մեկնելու։ Կենտրոնում դիզայնի խմբի երեխաները ցանկություն հայտնեցին թատերական կոստյումներ անել։ Այսպես ասած՝ արեցինք, բայց նմանվեց ինքնագործունեության։ Հենց այդ պահին որոշեցի պրոֆեսիոնալ կրթություն ստանալ որպես թատրոնի կոստյումների նկարիչ, չգիտեի որտեղ… Փնտրեցի ու գտա հասցեն՝ Փարիզ, ATEC կինոյի ու թատերական հագուստի դպրոց։ Դե, մանկուց թատրոնն իմ տարերքն էր… Ուղարկեցի էսքիզներս, ստացա հրավեր… – Այս կարգի դպրոց մեզ մոտ դեռեւս չկա։ Խնդրում եմ մանրամասնեք Ձեր ուսումնառության շրջանը։ – Այս դպրոցում սովորում են երկու տարի եւ ստանում կինոյի ու թատրոնի կոստյումների նկարիչ, ռեալիզատորի որակավորում։ Առաջին տարում ուսումնասիրում էինք տարբեր դարաշրջանների պատմական կոստյումները եւ տարվա վերջին ներկայացնում 6 կոստյում։ Ասեմ, որ խնդիրը զուտ ներկայացնելը չէր միայն։ Ընտրում էիր գրական երկ, ուսումնասիրում դարաշրջանը, պերսոնաժներին, ընտրում հագուստի գործվածքը, գունային գամման… Ընտրեցի Գոգոլի «Ռեւիզորը» եւ Բոմարշեի «Ֆիգարոն»։ Երկրորդ ուսումնական տարում տալիս էին ստեղծագործական ազատություն։ Նախ ընտրում ես արվեստներից որը՝ օպերա, բալետ, թատրոն, կրկես… Ընտրել էի Կառլ Օրֆի «Կարմինա Բուռանա» երաժշտական ներկայացումը։ Աշխատեցի 8 պերսոնաժների կոստյումների վրա։ Չմոռանամ ասել, որ երբ ընտրում ես գեղարվեստական երկը, հագցնում պերսոնաժներին, վերջիններս կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 15 րոպեի ընթացքում, պետք է կոստյումը ներկայացնելու հետ մեկտեղ խաղան, ասել է թե՝ ժեստերի օգնությամբ հանդիսականին հասցնեն եւ սյուժեն։ Այս տարի, հունիսի 30-ին ներկայացրի աշխատանքս, եւ հեղինակավոր հանձնաժողովը, որի կազմում էին թատրոնի եւ կինոյի կոստյումների հանրահայտ ստեղծող Ժակ Ֆոնտեղեն, «Իվ Սենթ Լորան» կենտրոնի տնօրեն Ժակ-Ֆիլիպ Պոնը, Ֆրանսիայի ազգային գրադարանի պրեզիդենտ Կլոդեթ Ժոանը, որոնք իմ կոստյումները գնահատեցին հազվադեպ հանդիպող գնահատականով, այն է՝ bravo։ Ուսման տարիներին ուսումնասիրում էինք միայն եվրոպական կոստյումների ծագման, տարածման, կիրառման պատմություն։ Սա էլ ասեմ՝ դպրոցը ուներ իր բազան, որտեղից ընտրում էիր գործվածքները։ Կատարելագործվեցի միաժամանակ Փարիզի օպերետի թատրոնում, թատերական հագուստի հայտնի նկարիչ, դպրոցում իմ ուսուցիչ Դանիել Բարուի մոտ։ Նա աշխատում էր Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» ներկայացման կոստյումների վրա, իսկ ես նրա ասիստենտն էի։ – Ուսումնասիրել եք եվրոպական կոստյումների պատմություն։ Մենք՝ հայերս էլ ունենք մեր տարազների պատմությունը եւ եթե ցանկություն եւ հրավեր լինի այստեղ աշխատելու… – Գիտեք, թատերական կյանքը այստեղ գոյատեւում է եւ, իհարկե, բեմադրվում են ոչ միայն հայ դրամատուրգների երկեր։ Այնպես որ, կարող եմ աշխատել, բայց կրկնում եմ, այսպիսի տեմպերով, պարզապես չեմ ցանկանում։ Փարիզում էլ գործում են հայկական թատրոններ՝ պետական եւ ոչ պետական։ Այնպես որ, հայ արվեստին կարող եմ պետք լինել եւ Ֆրանսիայում, մեր հայրենակիցների մոտ։ Սփյուռքահայությունը լավ արվեստագետի պետք ունի։ Այն էլ Փարիզի նման քաղաքում, ուր հարկավոր են պրոֆեսիոնալ, իրենց մասնագիտությանը գերազանց տիրապետող մասնագետներ։ Կփորձեմ այնտեղ ծառայել մեծ արվեստին, նաեւ հայ արվեստին։ Ցավում եմ, բայց պետք է մեկնեմ… Հանրահայտ ճշմարտություն է՝ արվեստը սահմաններ չի ճանաչում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել