Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթար

Օգոստոս 22,2001 00:00

«ՀՐԱՀՐՈՒՄ ԵՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ հրավիրված Կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Աշոտ Բլեյանը, որը նույնիսկ Նուբարաշենի մեկուսարանից շարունակում էր «կրթական խոսակցություն» վարել եւ իր հրավիրած առաջին Կլոր սեղանի թեման մանկավարժությունն էր։ Նաեւ քաղաքական թեմայով Կլոր սեղաններ կլինեն եւ Աշոտ Բլեյանը հանդես կգա որպես «Նոր ուղի» կուսակցության նախագահ, բայց առաջինը մանկավարժությունն է եւ նոր ուսումնական տարին իր հիմնադրի հետ դիմավորող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի դավանած մանկավարժությունը Աշոտ Բլեյանը ներկայացնում էր անթաքույց հպարտությամբ։ «Ժամանակակից ու առաջադեմ մանկավարժությունը» թեմայով Կլոր սեղանին հրավիրված էին աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, քանի որ կրթահամալիրն ամենից առաջ հասարակությանն է ու քանի դեռ կա վերջինիս աջակցությունը, չի իրականանա կրթահամալիրը մասնատելու, փակելու մտադրությունը։ «Մեզ փակել չի լինի»,- վստահեցրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը, որի բանտի ընկերներն էին նույնիսկ իրենց ընտանիքներով եկել մասնակցելու Կլոր սեղանին, իսկ ԿԳՆ-ից ոչ մի ներկայացուցիչ չէր ընդունել հրավերը, թեեւ կրթահամալիրը ԿԳ նախարարությանն է։ Այս թեմայով Ա. Բլեյանը նաեւ նկատեց, որ Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական ուսումնարանին պետպատվեր տալիս են, իսկ իր, նույնպե՛ս պետական, կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանը փակելու մասին են խոսում՝ թեեւ շատերը ու նաեւ ԿԳ նախարարն է խոստովանում, որ մանկավարժական ուսումնարանը միայն մի արժանիք ունի՝ որ Բակունցի անվան է։ «Իմ հեղինակած մանկավարժությունը 1996-ից հայտնվել է կրակե օղակում»,- ասաց Ա. Բլեյանը։ Բայց լավատեսորեն, քանի որ «հոռետեսությունը թույլերի գործն է», հայտարարեց. «Մենք մեր բոլոր լավ գործերը դեռ նոր պետք է անենք»։ Մանրամասն ներկայացնելով իր հեղինակած մանկավարժության սկզբունքները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառուցվածքը եւ աշխատաոճը՝ Աշոտ Բլեյանը հայտարարեց. «Մենք բաց կրթական հաստատություն ենք, որտեղ նույնիսկ պահակ էլ չկա»։ Ցանկացած մեկը կարող է մտնել դասասենյակ, դաս լսել, ծանոթանալ կրթահամալիրին, ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ «Նստելու համար չեմ ափսոսում»,- ասաց Աշոտ Բլեյանը։ Վերջինիս գնահատմամբ՝ ինքը «քրեական պատիժ կրեց ուսուցչի պրոֆեսիոնալ գործունեության կազմակերպման համար», քանի որ փորձել է 10 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչին դարձնել տնտեսական առումով ավելի ինքնուրույն եւ ծնողական ներդրումները օգտագործել կրթահամալիրի տանիքը վերանորոգելու, կրթական միջավայր ստեղծելու համար։ Մինչդեռ պետությունը շարունակում է դեմագոգիա անել. ընդամենը 10 հազար դրամ, այն էլ խիստ ուշացումներով, աշխատավարձ է վճարում մանկավարժներին, կրթական համակարգում գրեթե ներդրումներ չի անում, բայց «պայքարում» է ծնողներից փող հավաքելու դեմ, փոխանակ համակարգը հստակեցնի ու օրինականացնի։ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է Աշոտ Բլեյանը գնահատում վերջին երկու տարիներին կրթական համակարգում վարած քաղաքականությունը, եթե այդպիսին, իհարկե, կա, Ա. Բլեյանը, «Կրթության զարգացման պետական ծրագրից» մեջբերումներ անելով, ցույց տվեց, որ ցանկացած հռչակագրային դրույթ դատապարտված է ձախողման, քանի որ պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին դա պետք է իրականացնեն։ Ի դեպ, «Կրթական զարգացման պետական ծրագրի» ընդունումից շատ առաջ «Առավոտը» եւս նկատել էր, որ խիստ կասկածելի է ծրագրի իրականացումը, քանի որ ծրագրի ֆինանսական ապահովումը շատ անորոշ է։ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության պետական չափորոշիչները, բայց «այստեղ չկա գլխավորը, այդ ո՞ր ուսուցիչն ու դպրոցն է դրանց իրականացումն ապահովելու։ 10 հազար դրամ աշխատավարձով , այսինքն՝ անվճար, ուզում եք կրթական բարձր մակարդա՞կ ապահովել, ունենաք կրթության մի որակ, որը Եվրոպայում վճարվում է ամսական 2 հազար դոլարի չափով, իսկ այստեղ ուզում եք ուսուցչին տալ 20 դոլար եւ այդ ապրանքը ստանալ։ Բա այդ կրթական չափորոշիչների մեջ ուսուցչի աշխատավարձը, դպրոցական միջավայրը, լույսը, ջուրը, շենքը չի տեղավորվո՞ւմ»։ Համեմատելով ուսուցչի աշխատավարձը ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, դատավոր Իսկուհի Վարդանյանի եւ այլոց աշխատավարձի հետ, Աշոտ Բլեյանը զարմանում է, որ դեռ այդքանից հետո ուսուցչից ինչ-որ բան են պահանջում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել