«Խնձոր ունեմ կծած ա» Հայաստանի շուկայում առկա է մի երեւույթ, որի վրա աչք փակելը իսկական «ջայլամություն» է։ Միանգամից ասենք, որ խոսքը մայրաքաղաքում գործող կոսմետիկայի առք ու վաճառքով զբաղվող մի շարք կրպակներում, ինչպես նաեւ խանութ-սրահներում տիրող անկարգությունների եւ հակասանիտարական արարքների մասին է։ Հանրապետություն ներմուծվող անորակ, էժանագին, առանց այդ էլ կեղծված ապրանքները «անցնելով» «հնարամիտ» ու իրենց գործի մեջ հմտացած վաճառողների ձեռքի տակով, կրկին ու կրկին «ենթարկվում» են բազմաբնույթ փոփոխությունների։ «Առավոտի» ուսումնասիրությունները պարզել են, որ երիտասարդ վաճառողներից ոմանք սրտին մոտիկ ընդունելով Մ. Դոստոեւսկու խոսքերը՝ «գեղեցկությունը կփրկի աշխարհը», օրվա ընթացքում մի քանի անգամ «թարմացնում» են իրենց դիմահարդարումը՝ օգտվելով վաճառքի ենթակա, ձեռքի տակ ունեցած կոսմետիկայի լայն տեսականուց։ Ասենք, գնորդը չի էլ պատկերացնում, որ իր գնած ապրանքը մինչեւ «իսկական» տիրոջը գտնելը փորձարկումների է ենթարկվել՝ պակասել է ծավալը, այլ հեղուկների օգնությամբ վերականգնվել՝ փոխելով համապատասխան բաղադրությունը։ Այդ ճակատագրին են արժանանում նաեւ ցուցափեղկում այնքան խնամքով դասավորված թանկարժեք օծանելիքները, մազերի շամպուններն ու լաքերը, շպարման լոսյոնները եւ այլ կոսմետիկական միջոցներ։ (Ի դեպ, ասենք, որ ինչքան ապրանքի գինը բարձր է, այնքան փորձելու գայթակղությունն ավելի մեծ է)։ Բայց դա դեռ ամենը չէ… ստորացման բարձրակետը (ավելի ճիշտ՝ ցածրակետը) վաճառողների կողմից թույլատրվող հակահիգիենիկ արարքներն են։ Օգտագործումից զերծ չեն մնում նույնիսկ շրթնաքսուքները, եղունգների լաքերը, թարթիչների տուշերը, շրթունքները եզրագծող մատիտներն ու տարբեր տեսակի պճնազարդման կրեմները, որոնք սպառման դեպքում պատճառ կդառնան մի շարք մաշկային հիվանդությունների տարածմանը։ Իսկ սպառողները Հայաստանում մեծ մասամբ, իհարկե, շատ հեռու են իրազեկ լինելուց։ Մեր շուկայում գնորդը ապրանքի սերտիֆիկատը չի պահանջում. բացառվում է։ Պահանջողն էլ երկնքից իջածի է նմանվում վաճառողի եւ, որ ցավալի է, մյուս գնորդների աչքին։ Սպառողը դեռեւս չի գիտակցում, որ ինքն է շուկային թելադրողը, որովհետեւ ինքն է վճարում։ Լ. Բ. Հ. Գ. Ուսումնասիրությունները հավաստի են նրանով, որ հաստատվել են կոսմետիկայի տարբեր կրպակներում, խանութ-սրահներում ժամանակավոր աշխատանքի ընթացքում։ Սպառողին, իհարկե, կարելի էր խորհուրդ տալ օգտվել փակ փաթեթավորմամբ կոսմետիկայից, բայց սա էլ ապահով չէ, որովհետեւ դրանք օգտագործելու հատուկ ձեւեր կան «մշակված»։