Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ

Օգոստոս 22,2001 00:00

ԱՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐ ԴԱՐԴԻՆ Հարուստ պետությունները մեկ-մեկ որ «խելքները գցում են», մեզ համար նույնիսկ լավ է. ուղղակի բաշարենք օգտվել։ «ՀՀ հասարակության ոչ կառավարական հատվածի մասնակցությունը «Ռիո +10» համաշխարհային գործընթացին» երեկվա քննարկմանը տեղեկացանք համաշխարհային մի փորձի մասին, որը կոչվում է «Պարտքեր բնապահպանական ծրագրերի դիմաց»։ Որեւէ, հասկանալի է՝ հարուստ երկիր գնում է մեկ այլ, հասկանալի է՝ աղքատ, երկրի արտաքին պարտքերը, փոխարենը վերջինիս պարտավորեցնելով իրականացնել բնապահպանական ծրագրեր։ Օրինակ, 1996-ին Նիդեռլանդները գնելով Կոստա-Ռիկայի պարտքերը, լուծեցին նաեւ վերջինիս անտառների մասին հոգ տանելու խնդիրը։ Հիմա Նիդեռլանդները երկու ուրիշ երկրով է զբաղված։ Ի դեպ, այս փորձը, ինչպես նշեց «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, կիրառվում է գրեթե բոլոր լատինական, որոշ աֆրիկյան երկրներում։ Կազմակերպությունը մեր հանրապետությունում այս ինֆորմացիան հնչեցրել է դեռեւս 1997-ին։ Թվում է, թե, թող ներվի այս ժամանակավրեպ արտահայտությունը, պետական մտածողության յուրաքանչյուր մարդ, առավել եւս մեր պետության շալակին նորանոր պարտքեր բարձողներից, պետք է ամուր կառչեին այս հնարավորությունից։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան հարցեր կարելի կլիներ լուծել՝ էլ Սեւան, էլ անտառներ, էլ կենսաբազմազանություն։ Բայց հո միամիտ չեն մեր «պետական այրերը». բնապահպանական ծրագրերի իրականացումը փոր չի լցնի, իսկ այ, պարտքեր ասվածը շոշափելի գումար է, կարելի է վերցնել- ծախսել։ Այս դատողությունը հաստատում է մեկ այլ ինֆորմացիա եւս։ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Հրանուշ Խառատյանը հայտնեց, որ ինքը, Լյուդմիլա Հարությունյանը եւ Լարիսա Ալավերդյանը, իբրեւ «Երկրի աջակցության ռազմավարական ծրագրի» համակարգող խորհրդի անդամներ, արդեն երրորդ անգամ դիմում են ՀՀ վարչապետին՝ վերջապես խորհրդի նիստ հրավիրելու առաջարկությամբ։ Պարզվում է, ծրագրի ժամանակացույցից երեք ամիս արդեն հետ ենք ընկել. տենդեր է հայտարարվել, չի ամփոփվել, ծրագիրը չի քննարկվել, հանրությունը չի իրազեկվել եւ այլն (մայիսի աշխատանքները դեռեւս կատարված չեն, իսկ խորհրդի վերջին նիստն անցկացվել է մարտին)։ Վարչապետը պատասխանել է, որ ժամանակը կգա՝ կհավաքվեն։ Մինչդեռ սա այն եզակի ծրագրերից է, որը գումարներ տալու է ոչ թե, այսպես կոչված, կառուցվածքային բարեփոխումների, այլ տնտեսական աճ ապահովելու համար։ Կառավարությունը պասիվ կամ, ավելի ճիշտ, անգործունյա է նաեւ 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած Շրջակա միջավայրի եւ զարգացման ՄԱԿ-ի գիտաժողովի համաձայնագրերի (21 դարի օրակարգ, Կլիմայի փոփոխության շրջանակային, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիաներ եւ այլն) պահանջների հարցում։ Մասնավորապես, կառավարական սեկտորի մեղքով չի ստեղծվել Կայուն զարգացման ազգային խորհուրդ, չի մշակվել ԿԶ ազգային ռազմավարություն։ Տիկին Խառատյանը շատ ավելի խիստ արտահայտվեց. «Մենք (նկատի ունի ՀՀ-ն- Ա. Գ.) ոչ թե չենք կատարել մեր պարտականությունները, այլեւ ճիշտ դրանց հակառակն ենք կատարել»։ Ինչպես, օրինակ, կենսական, սոցիալական ռեսուրսների դեգրադացիայի դեմ պայքարելու փոխարեն, նպաստել ենք դրան եւ այլն։ Այս կառավարությունով էլ հազիվ թե որեւէ քայլ արվի մարդկության կայուն զարգացման ուղղությամբ, որը ենթադրում է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական առաջնահերթությունների ներդաշնակություն։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել