Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է

Օգոստոս 22,2001 00:00

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԽՃՃՎՈՒՄ Է ՀՀ նախկին վարչապետ, «Արարատցեմենտի» տնօրեն Արամ Սարգսյանը գործարանի մասնավորեցման վերաբերյալ «Առավոտի» հարցին պատասխանելով ասաց, որ գործարանի կոլեկտիվը երկու անգամ առաջարկություններ է ներկայացրել, սակայն այդ առաջարկությունները տարաժամկետ են դարձել մի պարզ պատճառով. «Կոլեկտիվը պիտի աշխատեր եւ իր աշխատանքի արդյունքում ստացած շահույթներն ամբողջությամբ փոխանցեր որպես գնման արժեք։ Սակայն մինչ այդ ընդունվեց որոշում, ըստ որի, մասնավորեցման գումարը պետք է միանգամից տրվի։ Որոշում ընդունվեց նույնիսկ այն մասին, որ 25 տարվա համար ձեռնարկությունը պետք է վճարի հանքօգտագործման եւ հողի հարկ։ Սա այլ կերպ կարելի է կոչել այսպես՝ այսօրվա իշխանությունները 25 տարվա կանխավճար են վերցնում։ Սա անհասկանալի մոտեցում է»։ Վերջերս նախագահ Քոչարյանը ձեռնարկություններից մեկում նշեց, որ գործարանների տնօրենները վատ են զբաղվում շուկաներով։ Արամ Սարգսյանի գնահատմամբ, այդ դեպքում հարկավոր կլինի մասնավորեցման նոր պայմաններում նշել, որ «նոր գնորդը գոնե կրկնակի անգամ ավելացնի արտահանման ծավալը կամ ավելացնի արտադրողականությունը։ Պետությունը պետք է ունենա այդ հնարավորությունները։ Այն ժամանակ կտեսնենք՝ գնորդ կհայտնվի՞, թե՞ ոչ»։ Ռոբերտ Քոչարյանը նույն առիթով անդրադարձել էր այսպես կոչված «պրիստիժային» ավտոմեքենաներին եւ կարծիք էր հայտնել, որ գործարանների տնօրենները սիրում են նման մեքենաներով շրջել։ Նախկին վարչապետը կարծիքը հակադարձելով գտնում է, որ «առաջինը նման մեքենա ինքն է վարել, ինքն է առաջինը վերանորոգել աշխատասենյակը։ Ես չեմ ասում, թե սխալ է արել։ Ընդհակառակը, ՀՀ նախագահը պիտի ունենա այդ հնարավորությունները։ Պետությունը պետք է ունենա այդ հնարավորությունները: Բայց նույն ձեւով մտածում են նաեւ գործարանների տնօրենները»։ Արամ Սարգսյանի կարծիքով, վատ է աշխատում այն տնօրենը, որի աշխատասենյակը թափթփված է, մեքենան անսարք։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել