Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանոյանին սպառնացել են

Օգոստոս 22,2001 00:00

Ջանոյանին սպառնացել են Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Ջանոյանի դեմ ճնշումներ են սկսվել: Ըստ Ս.Սուրենյանցի, այդ ճնշումների մասին կուսակցության քաղխորհրդում ներկայացրել էր անձամբ Տիգրան Ջանոյանը: «Նա դիմել էր կուսակցությանն ու այն մարդուն, որի շահերն է պաշտպանում՝ քաղաքական աջակցություն ստանալու խնդրանքով, ինչը մենք այսօր անում ենք»,- ասաց Ս.Սուրենյանցն ու հրապարակեց կուսակցության քաղխորհրդի՝ այդ առնչությամբ ընդունած հայտարարությունը, ուր մասնավորապես հիշեցված է «Հանրապետության» այն դիրքորոշումը, թե ներկա իշխանությունների օրոք «27»-ի գործով անհնար է իրականացնել անկողմնակալ եւ արդար դատավարություն ու հասնել ոճրագործության ամբողջական բացահայտմանը, քանի որ հանցագործներին օժանդակում եւ հովանավորում են նույն այդ իշխանությունները: Անդրադառնալով Տ.Ջանոյանի դեմ կիրառված ճնշումներին, հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Կուսակցությունը վճռականորեն դատապարտում է յուրաքանչյուր նման քայլ եւ իր պաշտպանությունն ու զորակցությունն է հայտնում Տ.Ջանոյանին եւ մյուս փաստաբաններին, որոնք պայքարում են ճշմարտության բացահայտման համար: Կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է հետեւել դատավարության ընթացքին՝ պայքարելով ճշմարտությունը խեղաթյուրելու ու կոծկելու՝ իշխանությունների որդեգրած գծի դեմ»: Հայտարարության հրապարակումից հետո, ի պատասխան լրագրողների որոշակի պարզաբանումներ տալու խնդրանքի, պարոն Սուրենյանցն ասաց, թե դա ավելի հանգամանալից կանի, թերեւս, ինքը՝ պարոն Ջանոյանը: Պարոն Ջանոյանը նախ հերքեց, թե ինքը քաղաքական աջակցության համար դիմել է կուսակցությանը. «Ես քաղաքական գործիչ չեմ եւ քաղաքական աջակցություն ոչ մեկից չեմ ակնկալում: Ես ակնկալում եմ մարդկային եւ բարոյական աջակցություն»: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Տ.Ջանոյանը հաստատեց նման երկու՝ անանուն զանգերի եւ «հիմիկվանից լավ մտածի, թե ոնց ես դուրս գալու դրա տակից» բովանդակությամբ սպառնալիքների փաստը: «Դժվար է ասել, թե հատկապես որ շրջանակներից են այդ սպառնալիքները, բայց որքան մեր դերը դատավարության ընթացքում ակտիվանում է, այնքան ինձ համար տհաճ մոտեցումներ են ի հայտ գալիս, ընդ որում՝ բոլոր կողմերից»,- խորհրդավոր ակնարկեց պարոն Ջանոյանը: Նա միաժամանակ նշեց, թե ինքը ճնշումների մասին նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն տեղյակ է պահել իր վստահորդին եւ համարել, որ խնդիրը փակված է: «Հավանաբար նրանք այդ փաստը մտահոգիչ են համարել եւ հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ, ինչն ինձ համար ընդունելի է»,- ավելացրեց պարոն Ջանոյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել