Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինում «բանդայի» անդամներ չկան

Օգոստոս 22,2001 00:00

Խոսափողը չանջատվեց Թալինում «բանդայի» անդամներ չկան Երեկ Ազգային համաձայնության ճակատը «Սպայի պատիվ» կազմակերպության հետ Թալինում կազմակերպել էր հանրահավաք։ Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչներ Սարգիս Կարապետյանը, գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Սարգսյանը, Թալինի մտավորական խավի ներկայացուցիչ Գրետա Արեյանը, գիտությունների թեկնածու Վարդան Մալխասյանը, ինչպես նաեւ Ազգային համաձայնության ճակատի քաղխորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը իրենց ելույթների մեջ հատկապես պահանջում էին Հայաստանի «նշանակված» եւ ոչ թե ընտրված նախագահի հրաժարականը։ «Գյուղերում, քաղաքներում, մարզերում անընդմեջ կկազմակերպվեն նմանատիպ հանրահավաքներ, եւ ժողովուրդը պետք է միահամուռ, համախմբված պահանջի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հեռանա իր շքախմբով հանդերձ»,- նշեց Ս. Կարապետյանը եւ ավելացրեց, որ մեր ազգը փոքր է եւ ունի հզոր հովանավորի կարիք, իսկ հովանավորի դերում պրն Կարապետյանը տեսնում է ռուսներին։ «Անկախությունը լավ բան է։ Նույնիսկ նորաստեղծ ընտանիքը նախընտրում է ապրել սկեսուր, սկեսրայրից առանձին։ Բայց մեր դեպքում անկախությունը միայն մեր պաշտոնյաների եւ մեծամեծերի համար է եւ ոչ հասարակ մահկանացուների»,- իր ելույթում շեշտեց պրն Կարապետյանը։ Ըստ նրա, նույնիսկ Խորհրդային Միության օրոք բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող հիմնարկությունները համարվում էին համաժողովրդական սեփականություն, որը ոչ ոք չէր կարող վաճառել։ «Իսկ այսօր, սկսած օդանավակայանից, վերջացրած ԳԷՍ-երից, վաճառել են։ Բայց չէ որ անկախ պետականության հիմքը հանդիսանում են ազգային հարստությունները։ Աստված մի արասցե, պատերազմ սկսելու դեպքում հայ երիտասարդը ցանկություն կունենա՞ արդյոք պայքարել իտալական ջրագծերի, ֆրանսիական կոնյակի կամ անհայտ ինչ-որ մեկի ԲԷՑ-երի համար»։ Ըստ Խաչիկ Սարգսյանի, ներկայումս մեր պետական այրերը, պաշտոնատար անձինք զբաղված են միայն մեկը մյուսին քծնելով եւ կեղծավորություն անելով։ «Քարոզում են Հայ Դատի կարեւորության մասին, բայց ստեղծում են Հայ-թուրքական բարեկամական հանձնաժողով»։ Ընդհանրապես, պրն Սարգսյանի որակավորմամբ, երկրում տիրում է «այլանդակության հասնող վիճակ»։ Վերջում ելույթ ունեցավ Ազգային համաձայնության ճակատի քաղխորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա շեշտեց, որ նույնիսկ այն կուսակցությունները, որոնք ցանկանում են «իրավիճակը շտկել եւ բացել ժողովրդի աչքերը», ենթարկվում են շանտաժի, հալածանքների։ Նրանք, ովքեր չեն դիմանում սպառնալիքների, հեռանում են, իսկ մնացածը՝ մնում են եւ փորձում անհընդհատ պայքարել։ Պրն Մանուչարյանը տեղեկացրեց նաեւ, որ, օրինակ, Ռամկավար ազատական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները շրջում են հանրապետությունով եւ միայն քննադատական խոսքեր հնչեցնում, ուստի, որպեսզի ժողովուրդը կարողանա «տարբերակել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած «բանդայի» անդամներին իրական ժողովրդի մարդկանցից», առաջարկեց բոլոր այցելուներին մի հարց տալ։ «Հանրապետությունում կատարվող կողոպուտի համար արդյո՞ք առաջին հերթին պատասխանատու չեն Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը»։ «Եթե ասեն՝ այո եւ նրանց պետք է պատժել, ուրեմն ժողովրդի մարդ են, եթե սկսեն պատմել, թե թերություններ, իհարկե, շատ կան, որոնք պետք է շտկվեն, ուրեմն նրանք Քոչարյանի եւ Սերժի վարձու ծառաներն են»։ Մինչ պրն Մանուչարյանը խոսում էր, նրան մոտեցան եւ զգուշացրին, որ խոսափողը 2 րոպեից անջատելու են։ Վերջինս զայրացած բղավեց. «Եթե որեւէ մեկը փորձի խոսափողը անջատել, ուրեմն Քոչարյանի բանդայի անդամ է»։ Խոսափողն այդպես էլ չանջատվեց… ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել