Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-ի

Օգոստոս 22,2001 00:00

ԵՐԿՈՒ ՓԱՅԼՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆ «27»-ի դատաքննությանը ՌԴ-ից Հայաստան ժամանած եւ գործով տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Օլեգ Յունոշեւի ներգրավումից ի վեր, տպավորություն է ստեղծվել, թե տուժողների շահերի պաշտպանների ճամբարում տարօրինակ երեւույթներ են կատարվում: Հիմնականում լրագրողական շրջանակների այդ տպավորությունն առանց դրամատիզացնելու փորձեցինք ճշտել, թե որքանով է այն հիմնավորված: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում դատաքննության ընթացքում տուժողների փաստաբանները գործում են միմյանցից անկախ եւ երբեմն՝ անտեղյակ մեկը մյուսի նախաձեռնությունից ու դատարանում հնչող միջնորդություններից, որոնք շատ հաճախ նույնիսկ փոխադարձ պաշտպանություն չեն գտնում: Երեկ այդ մասին խոստովանեցին նաեւ Վ.Սարգսյանի իրավահաջորդի՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան փաստաբաններ Օլեգ Յունոշեւն ու Տիգրան Ջանոյանը: Ինչո՞վ է բացատրվում իր եւ Ջանոյանների միջեւ առկա անհամաձայնությունը հատկապես արվող միջնորդությունների հարցում: Երեկ իր ասուլիսում պարոն Յունոշեւը դրան պատասխանեց. «Ջանոյաններն իմ միջնորդություններին աջակցում են 80 տոկոսով, 10 տոկոսով դիրքորոշում չեն հայտնում եւ մնացած դեպքերում առարկում են, որոնք սակայն պրոցեսուալ բնույթ են կրում: Մեծամասամբ նրանք իմ միջնորդություններին դեմ չեն արտահայտվում»: Իր հերթին Ջանոյանը մեր թղթակցի՝ նույն խնդրին վերաբերող հարցին ի պատասխան խոստովանեց, թե հնարավոր է, որ լրագրողների մոտ նման տպավորություն ստեղծվի, քանի որ՝ «Մենք (Մարինա եւ Տիգրան Ջանոյանները-Ն.Մ.) միջնորդությունների (Օ.Յունոշեւի- Ն.Մ.) հիմնավորումների հետ համաձայն չենք եւ բարձրացված հարցերի առնչությամբ մեր սեփական մոտեցումներն ու հիմնավորումներն ունենք: Բայց տուժողի փաստաբանների ընդհանուր գծի առումով որեւէ տարաձայնություն չկա, քանի որ այդ ընդհանուր գիծը տուժողի իրավահաջորդն է տանում, իսկ մենք աշխատում ենք այդ շրջանակներում: Առայժմ տարաձայնությունների ճչացող փաստեր չկան»: Տարաձայնության ճչացող փաստեր, այո, թերեւս, չկան: Փոխարենը, Օ.Յունոշեւի կարծիքով՝ դատավարության օրինականությունը կասկածի տակ առնող մտահոգիչ փաստեր կան: Իբրեւ այդպիսիք իր ասուլիսում Օ.Յունոշեւը մատնանշեց դատավարության ընթացքում իր ներկայացրած եւ մասամբ դատավորի կողմից մերժված, մասամբ քննության չառնված ու հետաձգված մի քանի միջնորդություններ, որոնք, նրա բնորոշմամբ՝ մերժվել կամ հետաձգվել են ՀՀ քրեադատավարական օրենսգրքի կոպիտ խախտումներով: Ի տարբերություն պարոն Յունոշեւի այդ տեսակետի, Տ.Ջանոյանը երեկ կարծիք հայտնեց, թե առայժմ դատավարությունն ընթանում է օրենքի շրջանակներում: Իբրեւ դատավորի կողմից ապօրինության փաստեր՝ Օ.Յունոշեւը մասնավորապես հիշեցրեց իր մերժված միջնորդությունը, որով դատարանին առաջարկվել էր դիմել ԱԱՆ եւ ստանալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի եւ ԱԱՆ առնչություններին վերաբերող համապատասխան փաստաթղթեր, որոնք կարող են լույս սփռել այդ հարցի վրա ու միաժամանակ պատասխանել, թե որքանով է նպատակահարմար Հունանյանին ԱԱՆ մեկուսարանում պահելը: Տ.Ջանոյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով նույն այդ միջնորդությանը, խոստովանեց, որ իրեն մինչ հիմա պարզ չէ, թե ինչ փաստաթղթեր է պահանջել Յունոշեւը, ապա ավելացրեց, թե ամբաստանյալի եւ ԱԱՆ առնչությունների մասին փաստաթղթեր իրենք նախատեսում էին ստանալ, բայց ոչ այս փուլում: Օ.Յունոշեւը դժգոհեց նաեւ, թե դատավոր Ուզունյանը հետաձգել է իր հերթական միջնորդությունը՝ նախաքննության ընթացքում վկա նախագահ Քոչարյանին եւ ԱԱ նախկին նախարար Սերժ Սարգսյանին դատարանի կողմից վկա ճանաչելու վերաբերյալ: Պարոն Յունոշեւը հակված էր այստեղ էլ միտում տեսնել: Ի տարբերություն վերջինիս, Տ.Ջանոյանը նկատեց, թե այդ հարցում դատավորը արդարացի է եղել, քանի որ միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ էր դատավարության բոլոր մասնակիցների ներկայությունը, ինչն այդ պահին ապահովված չէր. «Դատավորի որոշումն ապօրինի կլիներ ճիշտ հակառակ՝ միջնորդությունն առանց բոլոր կողմերի ներկայության բավարարելու դեպքում»: Պարոն Յունոշեւի տպավորությամբ, դատավոր Ուզունյանը կողմնակալ է եւ, եթե դա այդպես է, ապա անվիճելի հիմք է նրան բացարկ հայտնելու համար. «Դա մենք կանենք, եթե այդ վիճակը հետագայում եւս շարունակվի»: Նույն Ա.Սարգսյանի շահերը ներկայացնող Տ.Ջանոյանն այդ խնդրի նկատմամբ այլ մոտեցում ունի: Ըստ նրա, գործնականում դատավորին բացարկ հայտնելու դեպքեր եղել են, երբ դրա համար բավական լուրջ հիմքեր են եղել: «Եթե այդպիսի հիմքեր առաջանան՝ կքննարկենք: Բայց առայժմ դատավորին բացարկ հայտնելու հիմքեր չեմ տեսնում»,- նկատեց պարոն Ջանոյանը: Ահա այսպես. դատավարության նույն կողմում հայտնված եւ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբաններ պարոնայք Ջանոյանն ու Յունոշեւը, թեեւ որպես օրինապահ քաղաքացիներ պահպանում են «համակեցության» բոլոր կանոնները, այդուհանդերձ, նույն գործին ու նույն դատաքննությանը վերաբերող իրենց գնահատականներում երբեմն նույնիսկ հակադիր տեսակետներ են հայտնում: Ասում են՝ վերջը բարի լինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել